Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին:
«Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության»,-ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: «Իհարկե դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարգերով պետք է հետաքննվի այդ միջադեպը, որովհետեւ պետք է պայմանագրերի հայաստանյան օրենսդրության հետ հարաբերություների հարցը պարզաբանել: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվում են, եւ հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Այստեղ կա հարց, թե ինչ ընթացակարգերով պետք է միջադեպը քննության առնվի»-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները, առանց զգուշացման եւ առանց փաստաթղթերի, մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ եւ զորավարժանք իրականացրել: Պայթյուններ եւ կրակոցներ են հնչել: Ավելի ուշ ռուսական ռազմաբազայի պաշտոնյան ներողություն է խնդրել առանց զգուշացման զինավարժություն անցկացնելու համար:
Ներկայացնում ենք կառավարության նիստի տեսանյութն ամբողջությամբ.
Կարդացեք նաև՝ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, բայց ՀՀ-ն վճարումներ է անում. Նիկոլ Փաշինյան