▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանն անառիկ է և անխորտակելի. 140 ուխտավորներ այցելեցին սահմանամերձ գյուղեր

Մայիսի 2-4-ը՝ Սուրբ Հարության տոնի առիթով,  Վեհափառ Հայրապետի օրհնությամբ`   Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը  շուրջ 140  հոգու՝ երիտասարդների, լրագրողների, արվեստագետների ուխտագնացություն  էր կազմակերպել  ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես գյուղեր: Ուխտավորները եղան նաև Բերդ քաղաքում և մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, տարածաշրջանի եկեղեցիներում աղոթք բարձրացրին առ Աստված՝ շրջանի ժողովրդի բարօրության ու խաղաղության համար..

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հասարակական Հայեցակարգային Գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ՝ ուխտավորներին ուղեցկում էին Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Հայ առաքելական եկեղեցու սպասավորներ, սարկավագներ…

Չափազանց կարևոր ու աննախադեպ այս Ուխտագնացության նպատակն էր  երախտագիտություն  հայտնել, քաջալերել, ոգեշնչել  մեր  սահմաններն ամուր ու անառիկ պահող սահմանապահ ժողովրդին ու զինվորներին:

«Այցի գլխավոր նպատակը Սուրբ Հարության տոնի պատգամը սահմանամերձ գյուղերի բնակիչներին փոխանցելն էր: Ամենամեծ դրական երևույթը, թերևս այն է, որ այստեղ ապրողները նյութականից դուրս իրենք իրենց հոգով պատկանելության զգացում ունեն այս հող ու ջրին: Վստահ եմ՝ բոլորիդ հետ զրույցներում ասել են, որ այստեղից չեն հեռանա, որովհետև այստեղ գերեզմաններ ունեն, հիշողություն ունեն, որովհետև իրենց տունն է այստեղ:  Հենց դա է խրախուսում մեզ՝ հեռու ապրողներիս: Դրանով ենք լիցքավորվում, ներշնչվում և պարտավորություն ստանձնում՝ ամեն գնով, ամեն միջոցով,  ամեն եղանակով սահմանամերձ շրջանների մեր ժողվրդի բոլոր կարիքները հոգալու: Ի վերջո՝ իրենցից է սկսվում է մեր հայրենիքը»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Առաջին կանգառը սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն էր, որտեղ բնակիչներին իր սրտի խոսքն ու ոգեշնչող երգը փոխանցեց նաև երգիչ Դավիթ Ամալյանը:

«Մեզ համար այսօր պատմական օր է: Երբևէ մեր համայնք  այսքան հարազատ մարդկանց չէր հյուրընկալել: Այսօր մեզ համար հիշարժան  և  ապրված  օր է: Մենք հասկացանք, որ սահմանամերձ գյուղերի բնակիչների թիկունքին մի ամբողջ ժողովուրդ է կանգնած՝ հատկապես ուժեղ, խիզախ և համարձակ երիտասարդներ: Ամեն ոք չի խիզախում գալ այստեղ:  Իսկ մենք այստեղ պարզապես չենք ապրում, պարզապես չենք գոյատևում, յուրաքանչյուր բնակիչ այստեղ առաքելություն է իրականացնում, որովհետև հայրենիքն սկսվում է այս խրամատից: Հայրենքին սկսվում է այս մանկապարտեզից, դպրոցից, որոնք չափազան  կարևոր հենակետեր են: Այս գյուղերը միայն իրենց սահմանը չեն  պաշտպանում, այլ մարզի, պետության, ողջ հայության, ուստի գլուխ ենք  խոնարհում այստեղ ապրող ժողովրդի առջև»,- ասաց Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը:

Այգեպարում ուխտավորները հյուրընկալվեցին դպրոցում, որը Տեր Արամ քահանա Միրզոյանի բնորոշմամբ՝  ամենակարևոր հենակետն է:

Մինչ դպրոցի բակում հյուրերը ողջունում էին ներկաներին, թշնամին, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ արձակեց  այգիների ուղղությամբ:  

Տեր Արամի խոսքով՝ հատկապես 2008-ից  կտրուկ փոփոխություն է նկատվում թշնամու գործողություններում, ավելի հաճախ կրակում են ոչ թե մարտական դիրքերի, այլ բնակավայրի ու այգիների ուղղությամբ:

Չինարիում ուխտավորները նախ հարգեցին զոհված հերոսների հիշատակը՝ իրենց խոնարհումը բերելով: 

«Այսօր բացառիկ զգացողությամբ ենք եկել այստեղ,  այն գիտակցությամբ, որ  գտնվում ենք հյուսարևմտյան դարպասում: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ  այդ դարպասն անխորտակելի է: Եթե թշնամին անցնի այդ դարպասը, շատ արագ կարող է մխրճվել հանրապետության սիրտը: Մենք արիաբար կանգնած ենք այստեղ և երբեք Չինարիում ապրելը չենք համարել ճակատագրի դառը հեգնանք, այլ պատիվ և առաքելության, որ ապրելով այստեղ պետք է ամուր պահենք ոչ միայն մեր գյուղը, այլև հանրապետության սահմանները»,- նշեց Տեր Արամ քահանա Միրզոյանը:  

Սահմանամերձ Մովսեսում է գտնվում տարածաշրջանի՝ առայժմ միակ գործող եկեղեցին, որտեղ նաև  լրագրողներ մկրտվեցին:

Ուխտագնացության մասնակիցները եղան նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, որտեղ սուրբ պատարագ մատուցվեց:

«Սահմանամերձ մեր գյուղերի բնակիչներին մաղթում եմ համբերություն: Ցանկանում եմ, որ խորությամբ ըմռնեն, որ իրենք են այս երկրի իրական տերերը: Ինչ խոսք էլ ասենք, որքան էլ քաջալերական ու մխիթարական խոսքեր ասենք, անշուշտ, անհրաժեշտ է ռազմավարություն ներդնել, որպեսզի այս մարդիկ  հարակից խնդիրներ չունենան:  Ես պարզապես շնորհակալություն կասեմ իրենց կյանքի համար»:,- նշեց Բագրատ Սրբազանը:

Իսկ արդեն ուխտագնացությունից Սրբազան Հայրը այսպես է ներկայացրել իր տպավորությունները.

«Հուզվեցինք և ուրախացանք, ներշնչվեցինք և ներշնչեցինք, ապրեցինք սահմանի ժողովրդի հոգսերով և ուրախություններով, մեր կյանքը խառնեցինք իրենց կյանքին և ավելի զորացած վերադարձանք՝ առանց հեռանալու:Ամեն ինչով հանդերձ մեկ բան լույսի պես հստակ էր բոլորիս համար՝ Տավուշցին և հայ զինվորն ու հայ հոգևորականը Հայրենիքի սահմանների դուռը երբեք բաց չեն թողնի երևելի և աներևույթ թշնամու առջև: Մենք էլ պարտք ունենք նրանց առջև ամեն կերպ՝ հոգևոր, մտավոր և տնտեսական բոլոր միջոցներով նպաստել նրանց կյանքի զորացմանը և ապահովությանը, որովհետև մեր կյանքի սահմանագիծը սկզբնավորվում է նրանց կյանքի գնով»: 

Ուխտագնացության եզրափակիչ փուլը Բերդ քաղաքում կայացած համերգն էր, որի ժամանակ ելույթ ունեցան Լելյա Սարբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Մկրտիչ Մկրտչյանը և այլք:

Շարունակելի...

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին