▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը

 

Լոս Անջելեսում` կյանքի 78-րդ տարում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյան (ծնվ. 1936, հուլիսի 13, Կորդովա, Արգենտինա): Ալիսիա Կիրակոսյանը  գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև` հայերեն և անգլերեն:

Ծնվել է վանեցի Գուրգեն Կիրակոսյանի ընտանիքում: Սովորել է Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 10 տարի խաղացել է արգենտինյան թատրոնում: ԱՄՆ-ում բնակվում էր 1971-ից: ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն էր: Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը:
Իսպաներեն և իտալերեն ժողովածուներն են` «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էություն և կետադրություն» (1967), «Պեդրո Ամոր» (1969), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Երկունքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972), «Մայրության քերթվածներ» (1989): 
Նրա «Պեդրո Ամոր» պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Պայրո» թատրոնում: Հայերեն լույս են տեսել նրա «Արմատ և էություն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992) «Խորան II» (1992), «Ամբողջական երկեր» (2005. Ներառված են «Հարցազրույց Աստծու հետ», «Սիրո մեկուկես հազարամյակ») գրքերը: Եռալեզու հրատարակվել է «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994), «Խաղաղություն քվանտային» (2005), անգլերեն` «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992), «Մտորում բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ` երկնքի համար» (1992) գրքերը:
Կիրակոսյանի գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն` 1992-ին): Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին: Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պ. Պիկասոն: Իսպաներեն է թարգմանել Րաֆֆու «Խենթը»: Բազմիցս այցելել է Հայաստան: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մրցանակով: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007): Դուստրը` Լարան (ծն. 1973), անգլիագիր բանաստեղծուհի է:
ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ «ՆԱՄԱԿ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ» պատմվածքը
կարդում է ՀՐԱՉՈՒՀԻ ՋԻՆԱՆՅԱՆԸ

 

Տեսանյութն ու կենսագրական  տեքստը` ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին