Այս մի քանի օրերի ընթացքում ողջ համացանցը տարածված է համաշախարհային, ռուս, ինչպես նաև արդեն հայ արտիստների այն տեսանյութերով, որտեղ նրանք նշում են, որ նույնպես միացել են «սառը ցնցուղ» ֆլեշմոբին: Նրանք դա անում են իրենց գլխին սառը ջուր լցնելով, ինչպես նաև մարտահրավեր նետելով իրենց ընկերներին:
Արդեն տեղեկացրել էինք, որ տվյալ ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել Լու Գերիգի հիվանդության վրա (Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, ԱԿՍ)։
Հատուկ այն մարդկանց համար, որոնց կարծիքով սա այդքան էլ կարևոր նշանակություն չունեցող ակցիա է և այն մարդկանց համար, ովքեր տեղեկացված չեն այս հիվանդության մասին երիտասարդ Էնթոնի Գարբաջալը նկարահանել է մի տեսանյութ, որում պատմում է ԱԿՍ հիվանդության մասին` նշելով, որ այն ժառանգաբար փոխանցվում է նաև իր ընտանիքում:
«ԱԿՍ-ն այնքան սարսափելի է, որ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում»,- պատմել է Էնթոնին՝ ասելով, որ այս հիվանդությամբ տառապել է իր տատիկը, մայրիկը, իսկ այժմ էլ իր մոտ է ախտորոշվել:
«Այս հիվանդության մասին մարդիկ վերջապես սկսել են խոսել կազմակերպված ֆլեշմոբից հետո: Ես արդեն սկսել եմ կորցնել ձեռքերիս կառավարման ունակությունը և հուզվում եմ ամեն անգամ մեքենա վարելիս կամ վերնաշապիկ հագնելիս, իսկ երբեմն էլ ընդհանրապես չեմ կարողանում օգտագործել ձեռքերս»,- տեսանյութում ասել է Էնթոնի Գարբաջալը` ավելացնելով, որ կգա մի օր և նա այլևս չի կարողանա խոսել, քայլել կամ շնչել ինքնուրույն:
«Սա առաջին պաշտպանվածությունն է, որ մենք երբևէ ունեցել ենք։ Յուրաքանչյուր «մարտահրավեր» բարձրացնում է իմ տրամադրությունը, բարձրացնում է յուրաքանչյուր ԱԿՍ հիվանդի տրամադրությունը։ Մենք անչափ շնորհակալ ենք»,- իր խոսքը եզրափակել է Էնթոնի Գարբաջալը։
Նշենք, որ երիտասարդն իր տեսանյութը սկսել է բավական դրական մոտիվներով: Նա զվարճալի կերպով ջուր է լցրել իր վրա և «մարտահրավեր» նետել հաղորդավարուհի Էլեն ԴեՋեներսին և երգչուհի Մայլի Սայրուսին: