aravot.am-ը գրում է. «2007-ի ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազգ» օրաթերթի կայքէջում պատասխանել էր ընթերցողներից մեկի հետեւյալ հարցին. «ինչո՞ւ են նրան կոչում Դոդի Գագո»՝ հավելելով, որ «Ամբողջ Հանրապետությունը, նաեւ նրա սահմաններից դուրս շատերը գիտեն, որ պրն. Ծառուկյանը այս մականունով կամ կեղծանունով է կոչվում, որն, ի դեպ, նվազ անհաճո է, քան օրինակի համար «Լպիրշ» կամ «Գըռզո» կամ էլ «Մուկ» ու էլի չգիտեմ ինչ ընտանի կամ ոչ ընտանի, մեծ ու փոքր կենդանիներ:
Նախընտրելի կլիներ իմանալ այս մականվան սկզբնապատճառն ուղղակի առաջին աղբյուրից, դիմացն առնելու համար ասեկոսների կամ էլ առասպելների»:
Հրապարակված պատասխանը հետևյալն էր. «Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն: Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների»: