Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ԱԺ պատգամավորներից մեկի թիկնապահներից, ով , ըստ նախնական տեղեկությունների, համարվում է Նուբարաշենի աղմկահարույց սպանության գործով կասկածյալ: Մենք զերծ էինք մնացել տալ ինչպես պատգամավորի, այնպես էլ նրա՝ բերման ենթարկված թիկնապահի անունը՝ հիշեցնելով, որ երեկ արդեն տարածվել էին լուրեր, որ իրավապահներն արդեն գտել են քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունն իրագործողների և պատվիրատուների հետքը, և չի բացառվում, որ առաջիկա օրերին լինեն ձերբակալություններ:
Այժմ արդեն մի քանի կայքեր հրապարակել են, որ խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանի մասին է, ով հայտնի է որպես «Կյաժ Մարտուն»:
Այս գործը քննում է Ազգային Անվտանգության ծառայույունը, որտեղից նշում են, որ նախաքննության գաղտնիությունն ապահովելու համար որեւէ տեղեկություն չեն կարող ասել. երբ պետք կլինի՝ ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա:
Aravot.am-ն, ի դեպ, լուրը փորձել է ճշտել նաեւ Մհեր Սեդրակյանից: Հեռախոսազանգին պատասխանել է Սերգեյ անունով մի տղամարդ, հավաստիացնելով, որ Սեդրակյանի բջջային հեռախոսն իր մոտ է, եւ մի քանի ժամից նոր այն կփոխանցի Սեդրակյանին: Հարցին` Մարտուն Կարապետյան անունով անձ Մհեր Սեդրակյանի թիկնազորում կա՞, Սերգեյը, որն ըստ երեւույթին, Սեդրակյանի մերձավորներից է, ասաց` «Առաջին անգամ եմ լսում, չունենք, չենք էլ ունեցել տենց անունով մարդ»:
Լուսանկարում, ըստ Aravot.am-ի, Մարտուն Կարապետյանն է/նյութը՝ սկզբնաղբյուր կայքում/: