Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը և նրա կինն իրենց տանը մի խումբ անձանց կողմից ծեծի են ենթարկվել: Ավելի ուշ Վահան Մարտիրոսյանի կինը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշում էր, որ այդ ամենը տեղի է ունեցել իրենց երկու տարեկան որդու առջև, կատարվածի մեջ էլ մեղադրում էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամներին:
Ըստ շրջանառվող լուրերի` Վահան Մարտիրոսյանի կինը ծեծի ենթարկվելու պահին հղի էր: Այս տեղեկությունը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Վահան Մարտիրոսյանը:
«Կինս մեկ ու կես ամսական հղի էր և հղիության արհեստական ընդհատում չի եղել: Մենք մեկ բժշկի ենք այցելել, ով հաստատել է, որ կնոջս մոտ վիժում է եղել, բայց չի տրամադրում համապատասխան փաստաթուղթը, որովհետև գիտի, թե մենք ով ենք, նույնիսկ ասում է, որ եթե ինձ տեսնեն հիվանդանոցի միջանցքում, կսկսեն խոսել այդ մասին: Այս պահին փորձում ենք մասնագետ գտնել, ով չի վախենա և կտրամադրի համապատասխան փաստաթուղթ, որից հետո ես բոլորին կհայտարարեմ, որ եթե այդ բժշկի հետ որևէ բան տեղի ունենա (օրինակ` տնից դուրս գալուց ոտքը կոտրի), ամեն բան հասկանալի կլինի»:
Մեզ հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը նաև անդրադարձավ երկու ամյա որդու հոգեվիճակին, ում ներկայությամբ էլ ծեծի էին ենթարկել իրեն և կնոջը.
«Ինչպե՞ս պետք է իրեն զգա, գիշերները վեր է թռնում և միանգամայն առողջ երեխան առանց պատճառի ճչում է: Սթրես է ապրել, պարզապես մենք հիմա այն վիճակում ենք, որ դեռ տուն չենք կարող վերադառնալ, երեխան էլ այս պահին այլ մարդու մոտ է: Ավելին՝ իմ ընկերներից, մտերիմներից շատերը վախենում են մեզ հյուրընկալել»,-իր խոսքը եզրափակեց Վահան Մարտիրոսյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան