▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկայի ոչ անհայտ Զարզանդը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ոչ անհայտ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղեկալ:

Հիշեցնենք, որ Զարզանդ Նիկողոսյանի անվան հետ են կապվում մի քանի աղմկահարույց պատմություններ, այդ թվում Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակումը, Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարի ծեծելու դեպքը, ով «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում խոսել էր Սյունիքի մարզպետի դեմ:

Զարզանդ Նիկողոսյանի մասին մամուլը նաև գրեց, երբ 2013-ի հունիսին  Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցներից սպանվեց  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը:

Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը  Asekose.am-ի հետ զրույցում, տարօրինակ կերպով նշեց, թե տեղյակ չէ Զարզանդ Նիկողոսյանի անվան հետ կապված աղմակահարույց որևէ պատմության:

«Սեպտեմբերի 1-ից  Զարզանդ Նիկողոսյանին ես եմ ընտրել որպես փոխտնօրեն՝ հաշվի  առնելով  նրա երկու կարմիր դիպլոմը, մանկավարժական բարձր գիտելիքները և նաև այն համոզմունքը, որ նա կարող է ապահովել աշակերտների ռազմահայրենասիրական  բարձր ոգին: Նրա անվան հետ կապված աղմկահարույց որևէ պատմության մասին ես չեմ լսել»,-նշեց Մարինե Դավթյանն՝ արձագանքելով մեր հարցին, թե մտավախություն չունի, որ նորանշանակ փոխտնօրենի աղմկահարույց պատմությունները համատեղելի չեն նրա ներկա աշխատանքի հետ:

Մարինե Դավթյանի խոսքով՝ նշանակման հարցում կարևոր է եղել նաև Զարզանդ Նիկողոսյանի հանդեպ դպրոցի աաշաակերտների ու կոլեկտիվի հարգանքը: 

Պարզվեց նաև, որ Զարզանդ Նիկողոսյանը մինչ այս՝ արդեն մեկ տարի նույն դպրոցում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Մինչդեռ, ըստ մամուլի հրապարակման, ուղիղ մեկ տարի առաջ Սյունիքի մարզպետը Զարզանդ Նիկողոսյանին նշանակել էր իր օգնական:  

Այսպիսով՝ Զարզանդ Նիկողոսյանը, ով  Սյունիքի մարզպետի  տան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ էր, հետո վկա դարձավ, ապա՝  պետական պաշտոնյա, այժմ իր ուսերին է վերցրել մատաղ սերնդի կրթության գործը: 

Եվ այս նշանակման հարցում, ըստ Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանի, Սյունիքի մարզպետը միջնորդություն չի ունեցել: 

 

Հեղինակ՝ 

Անի Հարությունյան 

Ատոմ Գրիգորյան 

Լուսանկարը՝ yerkir.am-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին