«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դեռ անազատության մեջ է: Հիշեցնենք, որ նա, ևս 4 ակտիվիստներ Ամանորի գիշերը բերման էին ենթարկվել Ազատության հրապարակում ոստիկանների հետ բախումներից հետո:
Գեւորգ Սաֆարյանը կասկածվում է իշխանության ներկայացուցչի` Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Գեղամ Խաչատրյանն, ի դեպ, դեպքից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Շնորհավորում եմ և հպարտանում իմ ծառայակից ընկերներով այս ցրտին և ձյանը ծառայություն են իրականացնում Երևանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ և ուրախ դիմավորեն ամանորը տանը և թե դրսում: Սա մեր ծառայությունն է մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով : Պատիվ ունեմ»: