▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

DJ Donz-ը` ակումբային իրական մթնոլորտի, վատ փաբերի, DJ-ի աշխատանքի շահութաբեր լինելու մասին

 

Արսեն Բեկեչյանը, ով առավել հայտնի է որպես DJ Donz, ներկայիս ամենամեծ պահանջարկ ունեցող DJ-ներից է: Վերջինս Asekose.am-ի հետ զրույցում անկեղծացել է մասնագիտական նրբությունների, ակումբային կյանքի բացթողումների, հայ երգիչ-երգչուհիների հետ համագործակցելու շփման եզրեր փնտրելու մասին և ոչ միայն:

-Արսեն, որքանով որ տեղյակ եմ Ձեր ստեղծագործական հակումն արտահայտվել է 16 տարեկանում, սակայն պրոֆեսիոնալ DJ-ինգով սկսել եք զբաղվել ավելի ուշ: Հետաքրքիր է, թե այդ ամենն ինչպե՞ս է դրսևորվել և, ամենակարևորը, ինչի՞ց հետո հասկացաք, որ պետք է դրանով ավելի լուրջ զբաղվել:

-Երաժշտության նկատմամբ սերը շատ մանկուց էր ինձ մոտ, գնում էի տարբեր սկավառակներ, հետազոտում, լսում, հետաքրքրվում տարբեր ոճերի արտիստների երաժշտությամբ: Երբ հասկացա, որ էլեկտրոնային House-ն իմ ամենանախընտրելի ոճն է, փորձեցի առավել խորությամբ ուսումնասիրել այն: Այդ ընթացքում հաճախում էի ակումբներ, ծանոթանում տարբեր հայ DJ արտիստների հետ: Ի վերջո, սիրահարվելով DJ-ինգին, ինձ մոտ DJ դառնալու երազանք առաջացավ. մեկը, ով կղեկավարի մեծ պարահրապարակները և կթելադրի իր ճաշակը: Այդ ամենից հետո սկսեցի զբաղվել երաժշտությամբ` փորձելով սիրողական մակարդակի վրա ստեղծել սեփական թրեքներ: Առհասարակ, սերը դեպի DJ-ինգ այնքան մեծ էր, որ գրեթե ամեն օր և ամեն ժամ տարված դրանով էի զբաղվում: Հավելեմ, որ երկու տարի անց փորձեցի թողնել DJ-ինգը, սակայն հասկացա, որ չեմ կարող առանց դրա: Երաժշտության նկատմամբ սերը ստիպեց ինձ զբաղվել DJ-ինգով և իրականացնել իմ երազանքը:

-Այնուամենայնիվ, որպես DJ ներկայանալը հոբբի՞ է, թե՞ Ձեր մշտական աշխատանքն է: Այդ առումով պետք է փաստենք, որ կան որոշակի կարծրատիպեր, որոնց համաձայն` դա ընդամենը ժամանցային և  տևական զբաղմունք է:

-Ի սկզբանե ինձ մոտ հոբբի է եղել, որը տարիների ընթացքում դարձել է ապրելակերպ: Համաձայն չեմ այդ կարծրատիպի հետ:

-Արսեն, շարունակելով կարծրատիպերի թեման, կցանկանայի նաև` անդրադառնայիք ակումբներին, մասնավորապես` մթնոլորտին և դրա շուրջ ստեղծված ասեկոսեներին: Ինչպիսի՞ն են այսօրվա ակումբներն ըստ Ձեզ: Տարիներ շարունակ աշխատելով այս ոլորտում`չե՞ք հոգնել այդ աղմկոտ աշխատանքից:

-Ինչպես քիչ առաջ էլ նշեցի, ինձ համար իմ աշխատանքը հաճույք է: Իմ կարծիքով` միշտ էլ այդպես կլինի, քանի որ զբաղվում իմ սիրելի աշխատանքով և վարձատրվում եմ դրա դիմաց: Ասեկոսեների վերաբերյալ էլ կասեմ, որ դրանք մնում են ասեկոսեներ: Պարզապես կան մարդիկ, ովքեր իրականում կապ չունենալով DJ, ակումբ հասկացության հետ, փորձում են մարդկանց մեջ սերմանել վատը, մինչդեռ իրականում պատկերն այլ է: Մինչ այսօր կան մարդիկ, ովքեր ունենալով որոշակի կարծրատիպեր, չեն տարբերակում դիսկո ակումբը կարաոկեից կամ գիշերային ակումբից: Նման մարդկանց խորհուրդ կտամ զբաղվել իրենց գործով և անիմաստ պատմություններ չտարածել: Իրականում ակումբն այն վայրն է, որտեղ հիմնականում նույն «մտածելակերպի» մարդիկ գալիս են լիցքաթափվելու, երաժշտասերներն էլ` երաժշտություն լսելու: Ամեն մարդ պետք է ընտրի իր ակումբը` ըստ իր մտածելակերպի և ճաշակի: Ակումբերի վերաբերյալ էլ ավելացնեմ, որ ներկա դրությամբ դրանք շատ վատ վիճակում են… Մարդիկ չեն հաճախում ակումբեր, լիցքաթափվելու համար չեն ծախսում իրենց դրամը` նախընտրելով գնալ վատ փաբեր:

-Երգիչ-երգչուհիների դեպքում պարզ է այն սանդղակը, որով չափվում է նրանց մասսայականությունը, ինչպես նաև հստակ է, թե ինչ պետք է արվի նշաձողը պահպանելու համար:  Որո՞նք ենք այդ չգրված օրենքները Ձեր ոլորտում:

-Իմ կարծիքով` պետք է միշտ աշխատել ինչպես քո, այնպես էլ երաժշտության վրա: Անկախ բնագավառից` պետք է ակտիվ լինել, շատ կարևոր է նոր հիթեր ստեղծելը, մարդկանց հետ շփվելը, լավ միջոցառումներին մասնակից լինելը: Բոլորին գոհացնելը շատ դժվար է, սակայն երբ աշխատանքդ սիրով ես անում, դա հնարավորինս հեշտ է տրվում:

-Ի վերջո, ինչպե՞ս է Հայաստանում չափվում DJ-ի մասսայականությունը` ակումբներում և կորպորատիվ միջոցառումներում ելույթ ունենալու հրավերների քանակո՞վ:

-Ինձ թվում է` կարևորը մարդկային տեսակետն ու որակային բանիմացությունն է:

-Ի՞նչ կասեք Ձեր մասին, այսօր այն հայտնիությունը, որն ունեք Ձեր ասպարեզում, գոհացնո՞ւմ է: Ո՞րն DJ Donz-ի հաջորդ  քայլը:

-Ըստ իս` ամեն երաժիշտ կամ արտիստ պետք է առաջ շարժվի և միշտ ձգտի ավելիին: Իմ պարագայում նպատակներս, քայլերս և սպասումներս շատ են, իսկ գոհանալու համար դեռ վաղ է: Այս տարի սպասվում են նոր տեսահոլովակներ, համատեղ աշխատանքներ ինչպես արտերկրյա, այնպես էլ հայ տաղանդավոր երգիչ-երգչուհիների: Ծրագրել եմ այս տարի հեղինակային մեծ միջոցառում ունենալ, որտեղ կներկայացնեմ սեփական աշխատանքներս: Պատրաստվում ենք նաև ակումբային մշակույթի զարգացման միջոցառումների շարքեր` «Te Future Generation» անվամբ: Նշեմ նաև, որ պատրաստվում եմ նկարահանվել գեղարվեստական ֆիլմում, որի մասին դեռ չեմ խոսի` թողնելով դա որպես անակնկալ:

-Նշեցիք, որ տարբեր արտիստների հետ եք համագործակցելու: Դու՞ք եք նրանց հետ համագործակցելու եզրեր փնտրում, թե՞ հակառակը` նրանք են միասին աշխատելու առաջարկով հանդես գալիս:

-Իհարկե, միշտ փնտրում եմ, բայց շատ դժվար է գտնել այն մեկին, ում հետ համագործակցելը հեշտ է, ով բանիմաց է, և մեր երաժշտական ձևաչափերը համընկնում են: Ցավոք, իմ երաժշտության ձևաչափին համապատասխան մարդիկ հիմնականում Երևանից չեն: Առաջարկներ շատ են լինում, բայց այդ երաժշտական անհապատասխանության պատճառով հրաժարվում եմ, որովհետև դա ինձ դուր չի գալիս: Առհասարակ, փորձում եմ ստեղծել իմ թելադրած երաժշտությունը, իսկ ուղղակի պատվերները, ռեմիքսները և այլ նմանատիպ բաներն ինձ համար չեն:

-Եվ զրույցի վերջում` DJ լինելը շահութաբեր է՞, միջինում ամսական որքան գումար կարո՞ղ է վաստակել պահանջարկ ունեցողը:

Շահութաբեր է, բայց հստակ թվեր չեմ կարող նշել:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին