▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ գործերը ձեռք բերելն էժան հաճույք չէ. GAGO

Այսօր՝ մայիսի 30-ին, Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան Պոլ Էքզիստենցիալ» սրճարանում  բացվելու է Նկարիչների միության անդամ, քանդակագործ Գագիկ Գևորգյանի (GAGO) «Մարմին և հոգի» խորագիրը կրող քանդակների անհատական ցուցահանդես-վաճառքըը, որին ներկայացված են լինելու 20 կտոր քանդակ և 13 գրաֆիկա: Ցուցահանդեսի ներկաները հնարավորություն կունենան նաև անձամբ շփվելու քանդակագործի հետ: Asekose.am-ը զրուցել է քանդակագործի հետ ցուցահանդեսի, դրա խորագրի բացատրության, անցած ճանապարհի, ստեղծագործական հաջողությունների,  արտերկրում ունցած քանդակների, դրանց վաճառքի մասին և ոչ միայն:

Արվեստի նկատմամբ սերը ծնվել է դեռ մանկուց

Մեծացել եմ արվեստագետների ընտանիքում, հայրս կերամիկ է, եղբայրս ՝ ջութակահար: Արվեստի նկատմամբ սերը ծնվել է դեռ մանկուց, իսկ քանդակագործությամբ սկսել եմ զբաղվել փոքր տարիքից: Սովորել եմ Մարտիրոս Սարյանի անվան նկարչական թեքումով մասնագիտացված միջնակարգ դպրոցում, ապա Գեղարվեստի ինստիտուտի քանդակի բաժնում: Ունեցել եմ 7 անհատական ցուցահանդես՝ Լիբանանում, Հայաստանում:

Քանդակների միջոցով փորձում եմ լուծել հոգու և մարմնի հակադրության խնդիրը

Քանդակների միջոցով փորձում եմ լուծել հոգու և մարմնի հակադրության խնդիրը: Իմ կարծիքով՝ ես կարողանում եմ իմ քանդակների միջոցով հասնել այդ ներդաշնակությանը, ինչը չեմ կարող ասել իրական կյանքի մասին, որտեղ անընդհատ պայքար է տեղի ունենում մարմնի և հոգու միջև:  Մեր օրերում աշխարհում արվեստի կոտորած է գնում: Սկսել են աշխատել ռուբիկ-կումբիկ ձևով, բայց խոսքն այս դեպքում կուբիզմի մասին չէ, անճաշակություն է տիրում: Ես չգիտեմ դա ինչ է, որի անունը դնում են ժամանակակից ոճ, իսկ ժամանկակաից ոճն իրականում  պետք է օրվա խնդիրների հետ համահունչ լինի, հաճույք պատճառի մարդուն: Եթե քանդակագործության մասին խոսք է գնում, ապա պետք է հասկանալ, որ քանդակագործությունը պետք է սովորել: Սակայն ես միշտ ասում եմ, որ պետք է սովորել ու մոռանալ այն, քանի որ քանդակելիս այդ կրթությունը դնում է կաննոնների մեջ, ինչը խանգարում է:

Ներսումս առաջացած հարցերի պատասխանները փորձում եմ գտնել քանդակների միջոցով

Իմ ոգեշնչման աղբյուրը ես ինքս եմ, ներսիս հրաբուխը, ներսումս առաջացած այն հարցերը, որոնք պատասխանները փորձում եմ գտնել քանդակների միջոցով: Քանդակներիցս մեկում, որը վերնագրված է «Քայլերթ, պատկերված է սատանան՝ձեռքերի վրա, մարդիկ քայլում են ոտքերով, իսկ սատանան՝ ձեռքերի վրա: Եթե այդ գործը պատվանդանից իջեցնենք և որ դիրքով էլ գցենք, այն դարձյալ կմնա որպես քանդակ, սակայն արդեն՝ այլ դիրքում, այն իր ճկունության հաշվին կարող է նույնիսկ պատերով մագլցել: «Խորություն» քանդակում «հերոսները» իրենց տարերքի մեջ են: Երբ մարդն ուզում է ցնորված վիճակում լինել ու պարել՝ ուշադրություն չդարձնելով հասարակության կարծիքին, այնքան է խորանում ինքն իր մեջ, որ դուրս է գալիս սահմանված բոլոր չափանիշներից:

 Լավագույն գործն արագ է ստեղծվում

Քանդակը կարող եմ շատ արագ ավարտին հասցնել, ես երկար չեմ սիրում աշխատել մի գործի վրա, քանի որ հետո երբ նայում ես քանդակին, հասկանում ես, որ այն իսկապես չարչարված տեսք ունի: Երբ մտքիս մեջ կա արդեն այդ գործի պատկերը, ուրեմն շատ արագ եմ այն փոխանցում քարին: Ես չեմ ընդունում, որ ասում են, թե իբր լավ արվեստագետները իրենց գլուխգործոցները ստեղծում են տարիների ընթացքում:  Լավագույն գործն արագ է ստեղծվում: Ամենաշատն աշխատում եմ 1-2 օր:

«Էջմիածին» վերնագրով քանդակը տեղադրված է Սիդնեի եկեղեցում

Իմ կողմից քանդակված խաչքարերից մեկը, որը վերնագրված է «Էջմիածին», այժմ գտնվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում և տեղադրված է այնտեղի եկեղեցում: Իսկ քանդակներիցս Մեսրոպ Մաշտոցը Մաշտոցի միակ քանդակն է ամբողջ Սփյուռքում: Քաանդակներիցս շատերն են վաճառվել արտասահմանում:  

Ես պատվեր ու պատվիրատուներ  չեմ սիրում

Ես պատվեր ու պատվիրատուներ  չեմ սիրում, որովհետև հաճախ ցանկանում են, որ այս ակմ այն ձևով քանդակեմ, որ իրենց սրտով լինի, ինչն իմ սկզբուքներին դեմ է, իսկ ես երբեք դրանք չեմ ոտնահարում:

Ես քանդակներս երբեք չեմ նվիրում

Ես քանդակներս երբեք չեմ նվիրում, կարող եմ ավելի թանկարժեք բան նվիրել, բայց քանդակ՝ երբեք: Դա իմ աշխատանքն է, իմ տառապանքը, որն ունի իր գինը, այսինքն՝ պետք է վճարվի կատարված աշխատանքի դիմաց:

Իմ գործերը ձեռք բերելը էժան հաճույք չէ

Իմ գործերը ձեռք բերելն էժան հաճույք չէ (միջինը՝ 5000$): Ոչինչ նախապես չեմ պլանավորում, քանի որ դա իրականություն չի դառնում, իսկ այն, ինչի մասին չեմ էլ մտածել կամ երազել, ստացվում է: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Gago Art ֆեյսբուքյան էջից

Հեռախոսահամար՝ 077480565

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին