▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նմանատիպ գործերը ջրալի տանձի պես կլանում են մասսաներին. Դավիթ Քոչունց

Երեկ՝ հունիսի 28-ին, Արամի 42/1 հասցեում գտնվող  «Նավավար» ձկնալի ըմպելարանում բացվեց նկարիչ Դավիթ Քոչունցի «Արմատակից գույներ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Asekose.am-ը զրուցել է երիատասարդ նկարչի հետ ցուցահանդեսի, ստեղծագործական հաջողությունների, արվեստի մասին ունեցած իր պատկերացումների, ստեղծագործական փոքրիկ գաղտնիքների մասին և ոչ միայն:  

«Ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ժամանակներում ստեղծված մոտ 40 աշխատանք: Կան կոլաժային աշխատանքներ, որոնցով նոր եմ սկսել զբաղվել, քանի որ միշտ զբաղվում էի գեղանկարչությամբ, կան քաղաքային պեյզայժներ՝ հին ու նոր երևանյան շենքերի պատկերներ, ֆիգուրաներ, էտյուդներ, աբստրակտ աշխատանքներ: Հիմնականում ցուցադրված են փոքր աշխատանքներ: Սա փոքր ցուցադրություն է, որը հնարավորություն տվեց հավաքվելու, զրուցելու, քննարկելու, լսելու արվեստասերների կարծիքը, իսկ «Նավավար»-ն այդ առումով հրաշալի վայր է: Առաջիկայում պատրաստվում եմ ավելի մեծ ցուցահանդեսի՝ ավելի մեծ կտավներով ու մեծ քանակով»,-մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց Դավիթը:

Սա 28-ամյա նկարչի առաջին անհատական ցուցահանդեսն է, որի բացմանը ներկա էին ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը՝ Թաթոսը, նկարչուհի Հասմիկ Գասպարը և այլ արվեստասերներ:

«Բավական երկար ժամանակ լուռ էի և չէի ցուցադրվում, սակայն վաղուց արդեն հասունացել էր պահը ներկայանալու, ասելիքս վերջապես պատկերավոր ներկայացնելու»,-նշեց մեր զրուցակիցը, ապա անդրադարձավ խորագրի ընտրությանը՝ «Խորագիրն ընտրել է իմ լավագույն ընկերը՝ բանաստեղծ Էդուարդ Հարենցը՝ ինձ ու իմ արվեստը լավ ճանաչելով»:

Դավիթ Քոչունցի ստեղծագործությունները ցուցադրվում են Գալա Արտ ցուցասրահում, ինչպես նաև Բարսելոնա, Բոստոն, Լոնդոն, Մոսկվա քաղաքների ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:

«Ցուցահանդեսները հնարավորություն են տալիս առաջին հերթին գնահատված զգալ քեզ օտար մարդկանց կողմից, քանի որ ընկերներդ, հարազատներդ, միևնույն է, տեսնում ու գնահատում են գործերդ: Այն հնարավորություն է տալիս արվեստագետին տեսնելու, թե ինչ ազդեցություն կարող է թողնել իր աշխատանքը մարդու վրա, ով նույնիսկ նկարչությունից չի հասկանում»:

Դավիթ Քոչունցն իրեն չի սահմանափակում «իզմ»-երի մեջ: Նա փորձում է իրեն բազմատեսակ ոճերում:

«Իմ նկարչության մեջ չկան հիմնական թեմաներ ու կերպարներ. եթե նկարիչ ես և ունես քո ներքին աշխարհը, քո կերպարները, քո «կղզյակը», դու ինքդ քեզ ես նկարում: Ցուցահանդեսները կամուրջ են ստեղծում մարդկանց մտնելու քո աշխարհ, ծանոթանալ քո ստեղծած կերպարներին, ծանոթանալ քո բնավորությանն ու տրամաբանությանը: Ոգեշնչման աղբյուր, որպես այդպիսին, չունեմ, կարող եմ ամեն ինչից ոգեշնչվել կամ՝ հակառակը: Որևէ կոնկրետ ոճում չեմ ստեղծագործում, մասնագիտական գրքեր այլևս չեմ կարդում, քանի որ գալիս է մի ժամանակ, երբ պետք է այդ ամենը մի կողմ դնես ու ստեղծես քո ուրույն ձեռագիրը: Ունենում եմ չստացված գործեր, որոնք ինքս էլ չեմ հավանում, սակայն դրանք երբեք չեմ վաճառում կամ նվիրում, քանի որ որտեղ էլ որ լինեն, դրանք, միևնույն է, շարունակելու են մնալ իմ գործերը: Աշխատանքներս նվիրում եմ մարդկանց, ովքեր հասկանում եմ նկարներից»,- Asekose.am-ի զրույցի ընթացքում մանրամասնեց Դավիթը:

Անդրադառնալով պատվերներ չընդունելու պատճառներին՝ Դավիթ Քոչունցը նշեց. «Պատվերներ չեմ անում, քանի որ չեմ կարող անել այն, ինչ ինձ ասում են, եթե դա սրտիցս չի գալիս: Գումարի համար երբեք պատվեր չեմ անի: Եթե նման մարդիկ լինում են, ես նրանց ուղարկում եմ այն նկարիչների մոտ, ովքեր մեծ սիրով անում են պատվերներ: Ես ինքս չեմ կարող գնահատել իմ գործերը. կան մարդիկ, ովքեր, ունենալով կապեր, կարճ ժամանակում կարողանում են հայտնի դառնալ, ինչ-որ մի բան են անում ու հայտարարում, որ դա իրենց ոճն է: Նմանատիպ գործերը ջրալի տանձի պես կլանում են մասսաներին, հեշտ մարսելի են, սակայն դրանցում արվեստ չկա»:

Նշենք, որ ցուցանահանդեսը բաց կլինի 25 օր:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Դավիթ Քոչունցի ֆեյսբուքյան էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին