Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում էջում անդրադարձել է ապրիլի 2-ին ՀՀ-ում նախատեսված խորհրդարանական ընտրություններին և խնդրել ՀՀ-ում ու Սփյուռքում բնակվող հայերին միանալ ազատ, արդար ընտրություններ անցկացնելու պայքարին. «Խնդրում եմ, միացեք` խորհրդարանական առաջիկա ընտրությունները վերահսկելու, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով»,- գրել է նա` կցելով այս տեսահոլովակը:
Նշենք, որ բացի Սերժ Թանկյանից` Հայաստան են ժամանելու նաեւ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եւ ուրիշ հայտնի սփյուռքահայ մտավորականներ:
Հիշեցնենք, որ նրանք սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչեւ ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետեւելու ընտրությունների ընթացքին: