«Հայ տղան ծաղրում է հայ աղջիկներին և կատակով խոսում լուրջ թեմաների շուրջ»… Այս վերնագրով նյութը օրեր շարունակ համացանցի ամենաքննարկված թեմաներից մեկն էր, իսկ նյութի «հերոսը» հասցրեց կարճ ժամանակահատվածում մեծ հայտնիություն ձեռք բերել, ավելին` արժանանալ համացանցային օգտատերերի քննադատություններին, որոնք շատ հաճախ անցնում էին թույլատրելի սահմանը: Asekose.am-ը զրուցել է մասնագիտությամբ ֆինանսիստ 27-ամյա բլոգեր Անդրանիկ Բաղդասարյանի հետ` բլոգի ստեղծման գաղափարի, հայ աղջիկներին ծաղրելու, նրանց առավելությունների ու թերությունների, իր հասցեին հնչող քննադատությունների մասին և ոչ միայն:
«Բլոգի ստեղծման գաղափարը ծագել է շատ պատահական: Ես ֆեյսբուքում ունեի բլոգ` «Luxury Of Instagram» անունով, որը 40.000 հետևորդ ուներ: Նմանտիպ գրառումներ էի անում, որոնք բավական լայն տարածում էին գտնում: Մի անգամ մեքենայիս մեջ Instgram-ի համար նոր ծրագիր էի ներբեռնել, որը հնարավորություն էր տալիս ձայնը բարակեցնել, որի հետևանքով ծիծաղելի վիճակ էր ստեղծվում: Երբ առաջին անգամ տեսանյութ նկարեցի, որն ընկերներիս կողմից հավանության արժանացավ, որոշեցի առանձին էջ բացել: Բլոգը կոչվում է «Ազատ խոսք», քանի որ այստեղ կարող եմ հանգիստ ամեն ինչից խոսել, այդ առումով որևէ խնդիր չունեմ»,- Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմեց Անդրանիկը:
Անդրադառնալով տեսանյութերի թեմաների ընտրությանը` մեր զրուցակիցը նշեց.
« Թեմաներն արդեն վաղուց գիտեի, քանի որ բազմաթիվ աղջիկների ու տղաների հետ եմ շփվել, բոլոր այդ խոսակցություններն իմ կողքով անցել են, կամ անձամբ եմ առնչվել դրանց հետ: Ես բարձրաձայնում եմ մարդկանց թերությունների մասին, սիրում եմ այդ թեմաներն արծարծել, իսկ թե ում է դուր գալիս, ում` ոչ, դա ինձ հետաքրքիր չէ: Ես սա չեմ անում PR-ի համար, անում եմ պարզապես հաճույքի համար, քանի որ ճիշտն եմ ասում: Ես սա չեմ անում, որ մարդիկ նեղանան, այլ որ այդպիսի կյանքով ապրողը մտածի, որ դիմացինն ամեն ինչ հասկանում է, որ նրանց այդ քայլերը կողքից ծիծաղելի են թվում: Ուզում եմ ասել, որ տղաներն այսօր ամեն ինչ հասկանում են` ֆոտոշոփ, պլաստիկ վիրահատությունների արդյունք և այլն»:
Անդրանիկը նշում է, որ ինքը չի ծաղրում հայ աղջիկներին, այլ միայն նրանց, ովքեր իրենց վարքագծով խաթարում են հայ աղջկա իրական կերպարը:
«Մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իմ մեջ ատելություն կա, բայց դա այդպես չէ, ես ծաղրում եմ այն մարդկանց, այն աղջիկներին, ովքեր հայի պատիվը գետնով են տալիս, ծաղրում եմ այն աղջիկներին, ովքեր հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Ուրախ եմ, որ այդ տեսակի հայ աղջիկները 20% են կազմում: Ես չեմ կարող և իրավունք էլ չունեմ ծաղրելու հայ աղջկան: Լավ աղջիկներն այսօր կա՛մ աշխատում են ամբողջ օրը, կա՛մ սովորում են, ամեն դեպքում ես այդպես եմ մտածում: Հայ աղջիկները գեղեցիկ են, պլաստիկ վիրահատությունները հաշվի չեմ առնում (ծիծաղում է): Իմ կողքի աղջիկը պետք է լինի պարզ ու հավատարիմ, իմ կողքին լինի՝ առանց հաշվարկների, ինչը մեզանում շատ է պակասում: Ցանկանում եմ, որ մարդիկ պարզապես չնեղանան ինձանից: Ես այս էջը բացել եմ, որպեսզի ազգովի խոսենք սխալ ապրող մարդկանց մասին, նրանց թերությունների մասին: Թող ինձանից շատ ոչ մեկը չսիրի հայ աղջկան. եթե տեսնեմ, որ օտարերկրացին նեղացնում է թեկուզ ամենավատ վարքով աչքի ընկնող հայ աղջկան, նրան կվերաբերվեմ ամենավատ թշնամուս նման»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին`ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նա մեծ մասամբ անդրադառնում է հայ աղջիկների թերություններին` այդ ձևով կարծես պաշտպանելով հայ տղաներին, ովքեր ևս զերծ չեն թերություններից, Անդրանիկը պարզաբանեց.
«Երբ աղջիկների թեման սպառվի, կանցնեմ արդեն տղաների թեմային: Մոտ 50 տեսանյութ նվիրված է աղջիկներին, մոտ 50 տեսանյութ էլ կլինի տղաների մասին: Այնպես չէ, որ տղաների մասին չեմ խոսում, պարզապես կարծում եմ, որ տղաներին ավելի շատ բան է կարելի, քան աղջիկներին: Ես տղա- աղջիկ հավասարությանը կողմ չեմ, մենք Եվրոպայում չենք ապրում»:
27-ամյա բլոգերը կարդում է իր հասցեին հնչող բոլոր քննադատությունները, բայց խոստովանում է, որ անձնական վիրավորանք հասցնող բոլոր մարդկանց անձամբ է պատասխանում:
« Առանց տեսանյութերը նայելու`մարդիկ միանգամից վատ մեկնաբանություններ են գրում` թող գնա իր ծնողին ծաղրի, իր քրոջը ծաղրի և այլն: Եթե մարդիկ նայեն տեսանյութերը, կհասկանան, թե ես որ տեսակի աղջիկներին եմ ծաղրում: Ես կարդում եմ բոլոր մեկնաբանությունները: Ես այն բլոգերներից չեմ, որ չափից դուրս վատ մեկնաբանություններին չպատասխանեմ: Եթե մարդիկ անցնում են արդեն անձնական վիրավորանքի, անդրադառնում իմ ծնողներին ու իմ դաստիարկությանը, ես նրանց համարժեք պատասխան եմ տալիս: Եթե նմանատիպ մեկնաբանություն գրողն իգական սեռի ներկայացուցիչ է, ապա հարցը լուծում եմ նրա ամուսնու կամ եղբոր հետ: Չեմ թողնի, որ որևէ մեկը մտածի, որ ես սովորական բլոգեր եմ, և ինչ ուզեն, կարող են իմ հասցեին գրել՝ մտածելով, որ, միևնույն է, ինձ չի հասնելու, և դրա պատասխանն անձամբ ինձանից չեն ստանալու: Ես անձամբ որևէ մեկին չեմ վիրավորում, որևէ մեկի անունը չեմ շեշտում, ես խոսում եմ մարդկանց ընդհանուր տիպի մասին: Եթե որևէ մեկն իմ ասածներն իրեն է վերագրում, դա արդեն նրա խնդիրն է, նշանակում է, որ նա իրեն տեսնում է իմ նկարագրած տեսակի մեջ: Պատասխանում եմ միայն անձնական վիրավորանք հասցնողներին, իսկ պարզապես վատ մեկնաբանություններին ուշադրություն չեմ դարձնում. օրինակ՝ եթե գրեն, որ լավը չէ, հիմարություն է, ես ոչինչ չեմ կարող ասել կամ անել, որովհետև դա մարդու կարծիքն է: Ինձ վիրավորողները հիմնականում կա՛մ դեռահասներն են, կա՛մ այն տիպին պատկանող մարդիկ, որոնց ես անդրադառնում եմ իմ տեսանյութերում»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերջինս իր տեսանյութերով մի նպատակ է հետապնդում.
«Այն ամենը, ինչ ես ասում եմ, բոլորն էլ գիտեն իրենք իրենց ներսում, պարզապես ես բարձրաձայնում եմ, այսպես ասած՝ ազգովի հայտարարում եմ: Ես նպատակ ունեմ, որ իմ նկարագրած աղջիկները, տեսնելով իմ տեսանյութերը, հասկանան, թե իրականում ինչ են մտածում իրենց մասին հայ տղաները: Իմ նպատակն այն չէ, որ նրանք փոխվեն, քանի որ կարծում եմ, որ նման մարդիկ չեն փոխվում, ինչն ինձ համար, իհարկե, ցավալի է: Ես չեմ կարող խղճալ նման մարդկանց, քանի որ իրենց վիճակի միակ մեղավորը հենց իրենք են»:
Մեր այն դիտարկմանը, որ համացանցային օգտատերերից շատերն են նշում, որ նմանատիպ տեսանյութերն իրականում ունեն կոնկրետ հասցեատեր, և ինքն այս քայլին է դիմել` ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար, Անդրանիկը նշեց.
«Նման բան չկա: Ճիշտ է, ես ունեմ սիրած աղջիկ, ով ինձ անընդհատ մերժում է, բայց մեկը մյուսի հետ որևէ առնչություն չունեն: Նա կմ-ով հեռու է այն հայ աղջիկների տիպից, որոնց ես անդրադառնում եմ իմ բլոգում, ինչը նշանակում է, որ այս տեսանյութերը նրա՝ ինձ մերժելու հետ բացարձակ որևէ կապ չունեն»:
Անդրադառնալով իր ապագա ծրագրերին` մեր զրուցակիցը նշեց.
«Մայիսից մեծ նախագիծ եմ սկսում, որն իր տեսակով առաջինն է լինելու Հայաստանում. լինելու են պրոֆեսիոնալ նկարահանումներ լուրջ վայրերում, բարձր կարգի մեքենաներում, որոնցում ներգրվված են լինելու արտասահմանից եկած մարդիկ: Ես 2 առաջարկ եմ ստացել դրսից, և նկարահանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները նրանք են ապահովում, բայց սցենարը ես եմ գրելու: Այդ տեսանյութերը լինելու են ռուսերենով, քանի որ դրանք մեծ մասամբ լինելու են ռուսական լսարանի համար, բացի դրանից հայերը, միևնույն է, հասկանում են ռուսերեն: Սրանք չեն լինելու պարզապես սելֆիատիպ վիդեոներ, այլ լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք է տարվելու»:
Զրույցի վերջում հավելենք, որ Անդրանիկ Բաղդասարյանը հայ դիզայներ Ռուբեն Բադասարյանի եղբայրն է: Հիշեցնենք, որ Asekose.am-ը առիթներ ունեցել է անդրադառնալու երիտասարդ դիզայների և աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի համագործակցությանը:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան
Հ. Գ. Այսուհետ Անդրանիկ Բաղդասարյանի տեսանյութերը կարող եք դիտել Asekose.am–ի «Թոփ Տես» հաղորդման շրջանակներում: