Մոտ 8 տարի Լոս Անջելեսում բնակվող հայազգի դուդուկահար Արտավազդ Թադևոսյանը մեծ բարձունքների է հասել օվկիանոսից այն կողմ՝ մշտապես բարձր պահելով հայի անունն ու պատիվը: Asekose.am-ը զրուցել է 31-ամյա դուդուկահարի հետ՝ անցած ուղու, Հայաստանից մեկնելու պատճառի, Գինեսի ռեկորդակիր դառնալու, համաշխարհային մրցույթներում հաղթելու, դուդուկի պատմության մեջ նմանը չունեցող նորամուծություն անելու մասին և ոչ միայն:
Արտավազդի և դուդուկի ճակատագրական «հանդիպումը» տեղի է ունեցել շատ պատահական:
«Երբեք չէինք մտածում, որ ես երաժիշտ պետք է դառնամ, որովհետև յուրաքանչյուր կրթված ու զարգացած ընտանիք իր երեխային ուղղորդում է դեպի երաժշտություն՝ ընդհանուր զարգացվածության համար, որպեզի իրենց երեխան երաժշտական անցուդարձից ավելի տեղյակ լինի: Իմ կյանքում էլ այդպես եղավ: Հաճախում էի Բյուրականի երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժին: 11-12 տարեկանում դպրոցում մի միջոցառման էի մասնակցում, որտեղ 2 երիտասարդներ դուդուկ էին նվագում: Առաջին անգամ լսեցի, և ինձ մոտ անբացատրելի մի բան առաջացավ: Սկսեցի հաճախել դուդուկի անհատական պարապմունքների Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր կոլեկտիվի առաջատար երաժիշտներից մեկի՝ Խաչիկ Խաչատրյանի մոտ, ով Գևորգ Դաբաղյանի ուսուցիչն է եղել: Դրանից հետո ուսանել եմ Ջիվան Գասպարյանի մոտ, ապա, նախքան կոնսերվատորիա ընդունվելը, պարապմունքներս շարունակեցի իմ վարպետի՝ Գեորգի Մինասովի մոտ, ում դպրոցի շարունակողն եմ ես: Ես հիմա նվագում եմ հենց նրա գործիքով, որն անձամբ վարպետն է նվիրել ինձ: Կոնսերվատորիան ավարտել եմ կարմիր դիպլոմով, ասպիրանտուրան ավարտել եմ գերազանցությամբ՝ 3 ամսում: Ավարտելուց հետո մեկնել եմ ԱՄՆ, Բոստոնում ընդունվել եմ աշխարհի լավագույն `New England կոնսերվատորիան, որին զուգահեռ սովորել եմ նաև Հարվարդի համալսարանում: Եղել եմ տարվա լավագույն դիմորդը: 2 համալսարանն էլ ավարտել եմ գերազանցությամբ: Թեև ունեցել եմ բազմաթիվ ուսուցիչներ, սովորել եմ լավագույն համասարաններում, բայց ինձ համար մեծություն է Գեորգի Մինասովը, ում անչափ շնորհակալ եմ»,-պատմեց Արտավազդը:
Չնայած երիտասարդ տարիքին՝ հայազգի դուդուկահարը մասնակցել է միջազգային մի շարք հեղինակավոր երաժշտական մրցույթների՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների ու պատվոգրերի, որոնցից յուրաքանչյուրն արժեքավոր է Արտավազդի համար:
«Բոլոր պարգևներն էլ իրենց ժամանակի մեջ ինձ համար շատ կարևոր ու ոգևորող են եղել, բայց այս պահին կառանձնացնեմ իմ առաջին մրցանակը, որը ստացել եմ 2007 թվականին՝ մասնակցելով դուդուկահարների հանրապետական մրցույթին՝ արժանանալով գրան պրիի: 2009 թվականին ԱՄՆ-ում մասնակցել եմ համաշխարհային դուդուկահարաների մրցույթին, որտեղ միակ հայն էի, և դուդուկ միայն ես էի ներկայացնում: Ինձ համար դա մեծ պատիվ էր, բայց միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն էի զգում: 1800 մասնակիցներից արժանացել եմ 3 ոսկյա և 1 արծաթե մեդալի և ստացել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ընտրել էի «Հովերն ընկան» ստեղծագործության կուլմինացիան, քանի որ այն ունի հայկական հենք ու շունչ: 2016 թվականին Բարսելոնայում մասնակցել եմ անհատ կատարողների մրցույթին, որտեղ Գրան պրի մրցանակին արժանացա: Պետք է նշեմ, որ անհամար մրցույթների եմ մասնակցել և միշտ հաղթել եմ, երբեք 2-րդ մրցանակ չեմ ունեցել»,- նշեց մեր զրուցակիցը:
Արտավազդ Թադևոսյանը հասցրել է արդեն դառնալ Գինեսի ռեկորդակիր.
«2015 թվականին Հոլիվուդում տեղի ունեցավ իմ մենահամերեգը, որտեղ ներկա էր նաև իմ վարպետը՝ Գեորգի Մինասովը: Համերգի ընթացքում եղավ նաև գինեսի ռեկորդ, այսինքն՝ ներկայացված եմ որպես «Երկլեզվականի գործիքների մեջ ներկայացված մի ստեղծագործության (այս պահին դրա մասին բարձրաձայնելու իրավունք չունեմ) աշխարհի ամենաարագ կատարող» անվանակարգում: Դուդուկի պատմության մեջ առաջին անգամ ներկայացրել եմ նաև ջութակի կոնցերտ՝ Պագանինիի գրած առաջին ջութակի կոնցերտը, նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք երբեք չեն նվագել դուդուկով՝ Մոցարտի «Ռոնդոն», «Բոռի թռիչքը», Պագանինիի «24 կապրիսները» և այլն: Նման բան դեռ ոչ ոք չի արել: Պագանինիի «24 կապրիսները» ջութակի համար գրված ստեղծագործություն է, որը անգամ ջութակի համար է համարվում շատ բարդ: Ես ամբողջությամբ այն փոխադրել եմ դուդուկի վրա, այն նույնպես ռեկորդային է այն առումով, որովհետև երբևէ չի կատարվել դուդուկի վրա: Ես այժմ ցանկություն ունեմ այդ ստեղծագործությունը ներկայացնել «Դյուցազնագրքին», որովհետև ինձ համար հայկական մթնոլորտը շատ կարևոր է , քանի որ ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, ինձ համար դա շատ մեծ պատիվ է: Օրեր, շաբաթներ, ամիսներ, տարիներ ու անքուն գիշերներ եմ անցկացրել, որ նման բարդ ստեղծագործությունը կարողացել եմ վերցնել և փոխադրել այն դուդուկի վրա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ առումով չի վախեցել ռիսկի դիմելուց.«Երբեք չեմ արել դա, որ ուղղակի լինեմ առաջինը կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ: Ես իմ օրը սկսում եմ դուդուկով, ամբողջ օրը նվիրում եմ իմ ինքնազարգացմանը: Իմ առջև դնում եմ խնդիր և փորձում եմ հաղթահարել այն, իմ ներսի եղած վախը: Այն ամենը, ինչին այսօր հասել եմ, հասել եմ այն անկեղծության շնորհիվ, որով վերաբերում եմ իմ աշխատանքին»:
Խոսելով առաջիկա նորությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց.
«Այս պահին բանակցում եմ համաշխարհային լավագույն դասական խմբերից մեկի հետ, որի կազմում կընդգրկվեմ որպես մենակատար, բացի դրանից անցել եմ աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկի եզրափակիչ փուլ ևս 2 հոգու հետ»:
Արտավազդը ծրագրավորում է նաև Հայաստանում համերգներով հանդես գալ:
«8 տարի է , ինչ ապրում եմ ԱՄՆ-ում: Այստեղ եմ եկել հորս մոտ,քանի որ նա մտածում էր, որ մեր ընտանքը պետք է վերամիավորվի: Հոգեպես շատ կցանկանայի վերադառնալ Հայաստան, բայց այն նշանակետերին, որոնք իմ առջև դրել եմ, կարող եմ հասնել միայն համաշխարհային կիզակետ համարվող երկրում, որն այս պահին ԱՄՆ-ն է: Շատ կցանկանամ Հայաստանում բարեգործական համերգներ ունենալ, որպեսզի իմ ստացած կրթության պտուղները ցույց տամ նաև իմ ժողովրդին»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դուդուկահար Արտավազդ Թադևոսյանը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան