▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը ոտ առել գնում է թերակատար թունելով...

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 «Տուրիզմի, մշակույթի եւ օրենքի մոր մասին :)

Քաղաքացիները չեն կարող ծանոթանալ Հայաստանի պատմության թանգարանի թանգարանային առարկաների ցանկին: Հենց այդպես: Հո չզարմացա՞ք: Հայաստանում արդեն ամեն ինչ հնարավոր է, մի զարմացեք:

Այդ է կարծում թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը: Չի կարծում, համոզված է: Իրեն շատ չի հուզում, որ դա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Ինձ հուզում է, հուզված նստած եմ: Մտածեցի, թե կարող է մշակույթի նախարարին հուզի էդ ինքիրավչությունը, օրենքի վրա խնչած ունենալը:

Պարզվեց նախարարին ոչ միայն չի հուզում էս դիրքը, այլեւ խիստ համաձայն է թանգարան տնօրենի հետ, մարդը համարում է, որ թանգարանային 387967 առարկաների ցուցակը ինձ (կամ որեւէ մեկին) չտրամադրելը օրինական է:

Թանգարանի տնօրենը ինձ պատասխանելով, թե 387967 թանգարանային առարկա կա իր տնօրինության տակ, ցանկը չի տրամադրում, այլ գրում է.- ասեք կոնկրետ, որ նմուշն է ձեզ հետաքրքիր՝ տեղեկություններ տանք:

Իմ հիշելով թանգարան եմ դիմել, ոչ թե հոգեբուժարանի 6-րդ պալատ: Ինչպե՞ս կարող են մարդիկ, չիմանալով, թե թանգարանում ինչեր կան, կոնկրետ մեկ առարկա մասին հարցեր տալ: Հեչ խնդալու չէ: Իր պատասխանում տնօրենը չի ասում, թե ցանկը չի տրամադրում, որովհետեւ այս կամ այն օրենքով այդ ցանկը գաղտնիք է, այլ ուղղակի ասում է՝ «... ելնելով թանգարանի ներքին կանոնակարգից...»: Այսինքն մարդը առանց օրենք կարդալու, որոշել է, որ իր ՊՈԱԿ-ի ներքին կանոնակարգը կարող է հակասել օրենքին: Կողքը մեկը չի եղել, որ օրենքից մի երկու տող կարդա իր համար: Դրա համար էլ դիմել էի նախարարին՝ խնդրելով կարգի հրավիրել պարոնին, օրենքից մի կարդացվոր կարգել գլխին, որ իմանա որն ինչ անի, բայց պարզվեց, նախարարը համաձայն է, որ Հայաստանի գլխավոր թանգարանի ունեցվածքի ցանկը պիտի գաղտնի պահել քաղաքացիներից:

Հիմա օրենքից զատ: Ես հիմարաբար կարծում էի, թե երկրի գլխավոր թանգարանը, բոլորից առաջ մի կայք պիտի ունենար, որում պիտի ներկայացված լինեին ԲՈԼՈՐ առարկաները, ցուցադրվողները, ցուցահանդեսների ուղարկվածները եւ պահոցներում պահվողները: Ինչու՞: Որովհետեւ այդ ամենը մեր բոլորիս ունեցվածքն է, որովհետեւ դա թանգարան կբերի բազմաթիվ խմբերի, ուսանողների, աշակերտների, գիտնականների, զբոսաշրջիկների: Տեսնես Հայաստանի գլխավոր թանգարանի ունեցվածքի ցանկը գաղտնի պահելը հարմար տեղավորվո՞ւմ է «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» հայեցակարգի մեջ կամ «խթանե՛նք զբոսաշրջությունը» ողբի շրջանակներում: Զարմանալի է, թե ինչու են որոշ բաներ տեղավորել ցուցասրահներում, ունեցվածքի միայն 2,11 %-ը: Տնօրենի տրամաբանությամբ, ամբողջն արժեր փակ պահել, եւ հենց այցելուները կուզեին ծանոթանալ կոնկրետ նմուշի, մատնացույց կանեին այն ու կնկարագրեին, միայն այդ դեպքում բացեին, ցույց տային:

Կարող էի ուղիղ դիմել դատարան, առանց նախարարին բողոքելու ՊՈԱԿ տնօրենի ապօրինության մասին, բայց ասացի՝ լավ դե բողոքարկեմ, կարող է նախարարը կարողանա կարգի հրավիրել պարոնին, չկարողացավ փաստորեն, ուժը չպատեց երեւի, ինքը գնացող է, իսկ թանգարանի խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը՝ հայոց համազգային արժեք: Այսպիսով նախարարը այլ ճանապարհ չթողեց, քան դատարանով այդ տեղեկությունները ստանալու եղանակը: Եւ ստանալու եմ (կամ իմանալու եմ, թե այդ ինչպես կարող է թանգարանի «ներքին կանոնակարգը» վեր լինել ՀՀ օրենքից, սահմանադրությունից, ՄԻ համընդհանուր եւ եվրոպական կոնվենցիաներից):

Արդեն համարյա 20 տարի է, տեղեկություններ որոնելիս, հարցումներ գրելիս, մտքովս ինչ ասես անցնում է, ինչ հիմարություն ասես լսել եմ («...Ծավալը մեծ է՝ պատճենել չենք կարող», «...ավագանին կորոշի՝ կտրամադրեմ, չէ՝ չեմ տրամադրի», «ըստ սահմանադրության՝ այդ տեղեկություններին կարող եք ծանոթանալ միայն քաղաքապետարանի շենքում», «...ասացեք՝ ինչ եք անելու այդ տեղեկությունները՝ տրամադրեմ ...», «Ճանապարհները փակ են, գարնանը, որ եկա Գյումրի, կբերեմ...»), էս մեկը բացառիկ նմուշ է, անմոռանալի: Ամեն անգամ էս տեսակ բութ դիմադրության հանդիպելիս սկսում եմ մտածել, որ ինչ-որ բան ունեն թաքցնելու: Հիմա, երբ նոյեմբերից ի վեր կամենում եմ այդ ցանկն ունենալ, ու թանգարանը համառորեն չի տրամադրում, մտածում եմ մի քանի բան: Նախ, կարծում եմ, որ թանգարանը իր ունեցվածքի պատշաճ, ներկայանալի ցանկ չունի, երեւի խառը-խուռը ցուցակներ են: Հետո մտածում եմ, որ այս ցանկով առարկաները համակարգված չեն, ու հազիվ թե մեկը լինի թանգարանում, ով կարողանա այդ 400 հազար առարկան ըստ ցուցակի ճշգրիտ իմանա, որը որտեղ է: Հետո ավելի անդուր բաներ են անցնում մտքովս: Ասում եմ՝ կարող է՞ որոշ բաներ տեղում չեն, ծախել են, կերել են, ցորենի հետ են փոխել լավագույն դեպքում, ...օլիգարխներից, պատգամավորներից, նախարարներից, քրեականներից, պետք է եղել՝ եկել տարել են, որ իրենց տները զարդարեն: Անհնար է՞ կարծում եք:

Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, սակայն:

Ես հասկանում եմ, որ երկիրը ոտ առել գնում է թերակատար թունելով, ու էս հարցը շատերին չի մտահոգում, բայց ինձ մտահոգում է: Սա մի մեծ կինոյի նախաբանն է ընդամենը:

Բարեւեք նախարարին, ասեք խեղճ լինես դու հա ...

Լեւոն Բարսեղյան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին