▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք նկարում էին պատերազմը. հարգանքի տուրք՝ Արցախյան պատերազմն իրենց կյանքի գնով վավերագրողներին

 

 

Օրերս՝ սեպտեմբերի 7-ին, «Զարթոնք» թերթի 80-ամյակի միջոցառումների շրջանակներում  Բեյրութի Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել  «Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուի շնորհանդեսը: Բեյրութում շնորհանդեսին ներկա էին նաև «Նրանք նկարում էին պատերազմը»  ժողովածուի կազմողները՝ Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանը:

Ժողովածուի շնորհանդեսին ներկա էր լիբանանահայ մտավորականությունը:

Երեկոյին բացման խոսքով հանդես էր եկել «Զարթոնքի» խմբագիր Սևակ Հակոբյանը, որից հետո «Ռադիո Սևանի» հայկական լուրերի պատասխանատու, լրագրող Շիրազ Ճերեճյանը ներկայացրել էր գիրքը: 

«Տվյալ գիրքը միաժամանակ հայ զինվորի քաջության ապացույցն է: Այն պատմում է, թե ինչպես, նահանջի տեղ ունենալով հանդերձ, մարտիկների մի խումբ որոշել է մինչև վերջ մարտնչել, երևույթ, որ նաև կրկնվեց անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում: Ոչ միայն զինվորի, այլև այդ հողի վրա ապրող արցախցու հանդգնությունն է ներկայացված այստեղ: Պատմվում է մի 13 տարեկան պատանու մասին, որը, առանց վախենալու հակառակորդի գնդացրից, քաջաբար լեռներում օգնում է վավերագրողների աշխատանքին»,-իր խոսքում նշել էր Շիրազ Ճերեճյանը:

Ելույթներին հաջորդել էր փոքր համերգային ծրագիրը, ապա  տեղի էր ունեցել նաև գրքի՝ գինով օծելու ավանդական արարողությունը՝ գինեձոնը։

Նշենք, որ  «Նրանք նկարում էին պատերազմը»  ժողովածուի կազմողները՝ Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանը, Բեյրութում հանդիպել են  Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հետ և գրքի  մեկ օրինակ հանձնել դեսպանությանը։

Հավելենք, որ «Նրանք նկարում էին պատերազմը» լույս է տեսել ամիսներ առաջ՝ հունիսի 29-ին, այն երկլեզու Է՝ հայերեն և անգլերեն: Գիրքը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Ժողովածուն կազմել են Անահիտ Հարությունյանը և Ռուզան Բագրատունյանը։ 

Տվյալ գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։

Հեղինակների խոսքով՝ այս ամենի շնորհիվ իրենք Արցախյան տարեգրությունը վավերագրողներին հանրությանը ներկայացնելու ցանկություն ունեն: Այն դեպքում, որ երբ սկսվել էր Արցախյան պատերազմը մեր օպերատորները, ռեժիսորներն ու լրագրողները, ի տարբերություն այլ երկրների, պատերազմի վավերագրության փորձ չունեին: Բացի այդ, երկիրը բանակ չուներ, հետևաբար՝ պատերազմի տարեգրությունն էլ կազմակերպված չէր: Ինչպես ազատամարտիկներն էին ճակատ մեկնում կամավոր, այնպես էլ լրագրողներն ու օպերատորները:

Հանրությունը պետք է ճանաչի ու երախտագիտություն հայտնի այն մարդկանց, ովքեր քաջություն են ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարել՝ վտանգելով իրենց կյանքը։ Տվյալ ժողովածուի շնորհիվ ընթերցողը կարող է մասամբ պատկերացում կազմել, թե ովքեր են եղել մեր ռազմաճակատային կինոգործիչները, և ինչ պայմաններում են նրանք աշխատել:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին