▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական հեռուստաալիքն «Արցախ»-ը ներկայացրեց որպես ադրբեջանական, իսկ Ադրբեջանում վերջապես հասկացան իրենց սխալը

 

Վերջերս ռուսական հեռուստաալիքներից մեկն անդրադարձել էր «Ադամանդե ձեռքը» («Бриллиантовая рука») հայտնի ռուսական ֆիլմին, սակայն ուշագրավն այն է, որ Բաքվում արված  կադրերը ներկայացված էին Արա Գևորգյանի «Արցախ» երգի ներքո: Հարկ է նշել, որ  ադրբեջանցիները բազմիցս փորձել էին յուրացնել հայ երգահանի տվյալ ստեղծագործությունը և իրենց սովորության համաձայն` ներկայացնել որպես ադրբեջանական: Տվյալ թեմայի շուրջ Asekose.am-ը զրուցել է  Արա Գևորգյանի հետ` փորձելով պարզել, թե ինչպես պետք է հերթական անգամ պաշտպանել իր հեղինակային իրավունքները: Երգահանը նշեց, որ ադրբեջանցիները  վերջապես հասկացել են, թե ով է տվյալ երգի հեղինակը, ապա մանրամասնեց.

«Վերջերս հենց ադրբեջանական մամուլն անդրադարձել էր տվյալ թեմային:  Սեպտեմբերի 1-ին Բաքվում` դպրոցներից մեկի բացման արարողության ժամանակ, առաջին դասարանցիների բեմադրությունն արվել էր հենց իմ «Արցախ» երաժշտության ներքո:  Տեսնելով դա` ծնողներից մեկը մոտեցել է տնօրենին` ասելով, որ սա հայ երգահան Արա Գևորգյանի երաժշտությունն է, ինչու՞ եք միացրել, ինչին պատասխանել են, որ դա ադրբեջանական է, քանի որ միջոցառմանը ներկա էին նաև տարբեր լրագրողներ, ովքեր գնացել են տվյալ երաժշտության պատմության հետքերով: Հիշեցնեմ, որ Ադրբեջանում միշտ տարածված է եղել այն վարկածը, որ այդ երգի հեղինակը  երգահան Ֆիկրետ Ամիրովն է, այն էլ` 1954 թ.-ին: Նույնիսկ Ադրբեջանում խոսում էին, որ երբ Ֆիկրետ Ամիրովն այդ երաժշտությունը հեղինակել էր,  Արա Գևորգյանը դեռ չէր ծնվել: Նշեմ նաև, որ տվյալ երաժշտությունը հաճախ է հնչում տարբեր ֆիլմերում, բանակի մասին հաղորդումներում, բայց օգտագործում են հենց իմ և ընկերներիս նվագած  տարբերակը, իսկ ես մոտ 10 տարուց ավել է, ինչ ադրբեջանցիներին ասում եմ, որ ինձ ցույց տվեք օրիգինալ տարբերակ, եթե ըստ նրանց` ես այն վերցրել եմ հենց իրենցից: Ինչևէ, դպրոցի այդ միջոցառումից հետո լրագրողները զբաղվել են տվյալ խնդրով, զրուցել են Ֆիկտեր Ամիրովի որդու հետ, ով պաշտոնապես հերքել է, որ  «Արցախ»-ն իր հայրն է հեղինակել: Նրա որդին, ով ջազմեն է,  ասել է, թե որքան կարող է հերքել այդ ամենը: Լրագրողները որդու հետ զրուցելուց հետո խոսել են նաև Բաքվի Կոնսերվատորիայի ռեկտորի հետ, ով նույնպես հերքել է, որ «Արցախ»-ի հեղինակն Ամիրովն է»:

Արա Գևորգյանի խոսքով` Ադրբեջանում այս հարցը շարունակվում է քննարկվել նույնիսկ այն դեպքում, որ  ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «Արցախը» որպես ադրբեջանական երաժշտություն ներկայացնելու համար ներողություն է խնդրել, սակայն, թերևս, ըստ երգահանի` ադրբեջանցիներն այդ պատմության մասին տեղյակ չեն.

«Փոլադ Բյուլբյուլօղլին այդ երաժշտության մասին թյուր կարծիք էր տարածել` իբրև թե ես վերցրել եմ ադրբեջանցի հեղինակից: Սակայն, երբ ապացույցներ ներկայացրի, ներողություն խնդրեց այն ժամանակվա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջոցով:  Այդ հարցը  փակված է, սակայն ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի ներսում խոսակցություններ են ընթանում: Ի վերջո, «Արցախ»-ը հնչել է  երեք Օլիմպիական խաղերում,  երեքի դեպքում էլ հայտարարվել է հայկական` նշելով իմ անունը որպես հեղինակ:  «Արցախ»-ը հնչում է նաև «PlayStation 3» խաղի մեջ, որը պաշտոնապես ինձնից են վերցրել: Առհասարակ, ամեն տեղ աշխարհում նշվում է, որ այն հայկական է»:

Հարցին` արդյո՞ ք  սա ըստ իրեն` ռուսների կողմից միտումնավոր է արվել` հաշվի առնելով, որ վերջերս ռուսական հեռուստաընկերություններում գերակշռում է հակահայկական ալիքը, Արա Գևորգյանը պատասխանեց հետևյալ ձևով,

«2015 թ.-ի ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ,  ռուսական հեռուստալիքներից մեկը ռեպորտաժ էր պատրաստել, որում օգտագործել էր ադրբեջանական երաժշտություն, դա ես ինքս էի տեսել: Նշեմ, որ այդ երաժշտությունը հաճախ հնչում է նաև մեզ մոտ` Վերնիսաժում, ինչից ելնելով հաճախ եմ դիմում տեղի մարդկանց` հորդորելով այլևս չմիացնել նման երաժշտություն: Այդ միջադեպից հետո մենք նամակ ուղարկեցինք ռուսական հեռուստալիքին` խնդրելով չօգտագործել այնպիսի երաժշտություն, որից իրենք տեղյակ չեն, ապա նաև ուղարկեցինք իմ բոլոր ձայնասկավառակները, որպեսզի հարկ եղած դեպքում օգտվեն: Կարծում եմ, որ նման նամակ պետք է հիմա էլ ուղարկենք, որպեսզի նմանատիպ թյուրիմացություններ չլինեն: Ըստ իս` հավանական է, որ արդեն ադրբեջանցիներն էլ ընդվզեն ռուսական ալիքի դեմ, որովհետև արդեն տեղական մամուլը վերջապես գրում է, որ «Արցախ»-ն իմ երաժշտությունն է: Առհասարակ, այս առիթով բազմիցս նշել եմ, որ եկեք օգտվեք առիթից և դիմենք  դատարան, ամեն տեղ էլ խոսել եմ այդ մասին` նշելով, որ ինձ պետք է փաստաբաններ, ովքեր միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ հայցով հանդես կգան` ծնկի բերելով նրանց: Ցավոք, մեր երկրում չեմ կարողանում իմ շուրջը բերել նման մարդկանց: Դատի տանք և հաղթենք, բոլոր ապացույցներն ունեմ, իսկ ովքեր ևս մեկ անգամ ուզում են ստուգել ասածներս, կարող են յութուբյան իմ պաշտոնական էջում գտնել «Antitapor Ara Gevorgyan Story of Artsakh music» հոլովակը, և ամեն ինչ պարզ կդառնա»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին