▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանին ուրախ օրեր չեն սպասվում. ովքե՞ր և ինչո՞ւ պետք է փորձեն խանգարել նրան

«Գտնում եմ,որ Արմեն  Սարգսյանը, թերևս, մեր ամենաարժանի թեկնածուն է»,- այս մասին Asekose.am-ի հետ զրույցում նշեց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը` անդրադառնալով Արմեն Սարգսյանի` նախագահի պաշտոնում առաջադրվելու փաստին: 

Նշենք, որ այսօր Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում մասնավորապես նշել էր.

«Երբ Արմեն Սարգսյանը վարչապետ էր, ես ոչ պաշտոնապես աշխատել եմ նրա հետ, իրեն ներկայացրել եմ քաղաքական դաշտի, ներիշխանական խմորումների մասին վերլուծություններ, կանխատեսել եմ դրանց հնարավոր զարգացումները, և կանխատեսումներս իրականացել են հարյուր տոկոսով։ Ես առաջին իսկ օրերից կանխատեսել էի, թե ովքեր և ինչու են փորձելու խանգարել կամ վարկաբեկել իրեն։Հիմա էլ է սկսվել նրան վարկաբեկելու գործընթացը։Ու իմ համար ակնհայտ է, թե ով և ինչու է դա անում։ Նաև ակնհայտ է, թե ովքեր և ինչու են դա անելու»։

Մեր այն հարցին` ովքե՞ր և ինչո՞ւ պետք է փորձեն Արմեն Սարգսյանին վարկաբեկել կամ խանգարել, պրն. Պեպանյանը նշեց. «Երբ ինքը վարչապետ նշանակվեց, ես իրեն հիմնավորեցի, որ Հայաստանում ոչ ոք չի ուզում իր հաջողությունը։ Հիմա փակագծերը բացել չեմ կարող, բայց իրեն այնքան էլ ուրախ ու անվրդով օրեր չեն սպասվում»։

Անդրադառնալով իր գրառման մեջ արտահայտած այն մտքին, որ եթե իր իմացած Արմեն Սարգսյանից մնացել է գոնե 5 տոկոս այն օրերին իր տեսածից, ապա նրա նշանակումը դրականորեն կանդրադառնա հայաստանյան ներկա իրավիճակի վրա, պրն. Պեպանյանը նշեց.

«1997-ի Արմեն Սարգսյանը սրտացավ էր և մտադիր էր էական բարեփոխումներ իրականացնել երկրում։ Հուսով եմ չի «մոռացել» իրեն»։

Մեր զրուցակցից փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև համացանցում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց` Արմեն Սարգսյանը ժամանակին հրաժարական է տվել Վազգեն Սարգսյանի հետ վեճից հետո:

«Երբ վերջին անգամ տեսել եմ նրան, նա դժվարությամբ էր խոսում՝ կոկորդը բռնած։ Ակնհայտ էր, որ վատառողջ է։ Այն, որ իրեն էականորեն այն ժամանակ խանգարում էին, դա կարծում եմ` եղել է։ Ավելին չգիտեմ։ Իր հեռանալուց հետո առիթ չի եղել զրուցելու հետը»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ում ընդունել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին և առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։ Իր հերթին Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար՝ մեծ պատիվ համարելով նման առաջարկությունը և նշել. «Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին