Եվ այսպես, վաղը՝ հունվարի 19-ին, Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուին, որն ընտրվելու է 2018-ի մարտին՝ Ազգային Ժողովի կողմից:
Իշխանության թեկնածուն՝ գրեթե 100 տոկոս՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր Արմեն Սարգսյանն է, որի գովքին էին տրվել որոշ կայքեր դեռ այն ժամանակ, երբ նոր-նոր էր շրջանառության մեջ դրվում նրա անունը:
Եթե ոմանք թվարկելով վերջինիս հարստությունը՝ հեռվից էին գալիս՝ նշելով, թե Արմեն Սարգսյանը հարուստ է ոչ միայն հոգով, մտերիմ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի հետ, մեդիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ մաքսիմալ կերպով ու ոգևորությամբ թվարկեց դեսպանի գործունեությունն ու հարկ համարեց նաև նշել, որ վերջինիս կինը հեքիաթներ է գրում, որոնց մասին հիացական խոսք է ասել անձամբ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այնպես չէ, որ թերահավատորեն եմ վերաբերվում Արմեն Սարգսյանի անձին, սակայն անհնար է քմծիծաղով չարձագանքել որոշ լրատվամիջոցների ծնծղաներով գովերգին, որ պատեհ ու անպատեհ առիթով նրանք շռայլում են գրեթե բոլոր պաշտոնյաների հանդեպ:
Ու բնական է, որ այս կայքերը չեն գրել ու չեն էլ գրի երևի, որ մինչև 2017-ի օգոստոսը Արմեն Սարգսյանը, մի քանի այլ դեսպանների նման, ընդհանրապես գույքի ու եկամուտների հայտարարագրեր չէր ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով. հետո, իհարկե, ներկայացրել է, սակայն փաստ է, որ դեսպան Արմեն Սարգսյանը սկսած 2013 թվականից ոչ մի անգամ եկամուտ չի հայտարարագրել:
Գիտնական, դեսպան, վարչապետ, գործարար Արմեն Սարգսյանին գովերգող լրատվամիջոցը մինիմալ քայլ չի անում հիշել, որ, ըստ ասեկոսեների, Արմեն Սարգսյանը բիզնեսով է զբաղվում Թուրքմենստանում և Ուզբեկստանում: Լրատվամիջոցը չի հիշում նաև Հայաստանի բնությունը քայքայող Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին, որի դեմ բնապահպանները պայքարում են մինչ օրս: Հիշեցնենք, որ Ամուլսարանի նախագիծը Հայաստանում իրականացնում է Lydian International ընկերությունը, որի տնօրենն էր Արմեն Սարգսյանը:
Կայքերը բնականաբար չգրեցին նաև, թե ինչպե՞ս և ինչու՞ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից: Արմեն Սարգսյանի՞, թե՞ Վազգեն Սարգսյանի հանդեպ հարգանքից է այդ լռությունը, անհասկանալի է, սակայն փաստ է, որ ապագա նախագահի կենսագրությունը ոմանք որոշել են վարդագույն ակնոցով ներկայացնել:
Իսկ գուցե ինքը՝ Արմեն Սարգսյանն ասելի՞ք ունի և Ամուլսարանի և իր հրաժարականի մասին, գուցե Արմեն Սարգսյանը ցանկանում է մաքու՞ր էջից սկսել հայաստանյան իր նոր ՝ առավել կարևոր գործունեությունը:
Իսկ դրա համար շողոքորթությունից ու հիացմունքից բացի գուցե՞ նրան պետք է զգալ հասարակության ու մամուլի պարզությունը ու անկեղծ վերաբերմունքը՝ կոնկրետ իր անցյալի, ներկա գործունեության և անելիքների վերաբերյալ:
Արմեն Սարգսյանը Հայաստանի ամենափակ գործիչներից է: Կարծում եմ՝ նա բաց է լինելու իր մասին կարծիքները լսելու, ընկալելու համար, սակայն շարունակելու է նաև փակ մնալ՝ տարբեր հարցերում՝ այդ թվում մամուլի հետ շփվելու և լրատվամիջոցների հետ աշխատելու առումով:
Ուրեմն՝ արժե, որ լրատվության մասին որոշ մաքսի ու մեգա մտքեր արտահայտողներ ծնծղաներով հոդվածների վերջը տան ու հասկանան, որ Արմեն Սարգսյանը լավ գիտի, որ Հայաստանում նախագահի պաշտոնը նմանվում է Անգլիայի թագուհու կարգավիճակին, սակայն, վստահորեն, վերջինիս հետ մտերմության արդյունքում դեսպանը սերտել է այդ «ֆիգուրի» կարևորությունն ու արժեքը ցուցադրելու վարպետությունը:
Ա. Մաթևոսյան