▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր այսօրվա արևելահայերենն ունի 2 իրար հակասող ու բացարձակ անհամատեղելի քերականություն․Մերուժան Հարությունյանի բացառիկ հարցազրույցը

Asekose.am-ի զրուցակիցը հայ լեզվաբան, պոետ, արձակագիր, թարգմանիչ Մերուժան Հարությունյանն է։

Մերուժան Հարությունյանը ծնվել է 1948 թվականին։ 1964-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս ֆիզիկա է դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

1985 թվականից զբաղվում է թարգմանություններով և գրում է արձակ և չափածո գործեր, և´ մեծերի, և´ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանչական գործ և սեփական հրատարակած 3 գեղարվեստական գիրք, երկու գիրք մոտ 30 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից։

 

 

—     Ֆիզիկա և լեզվաբանություն շատերի համար այս երկու գիտությունները թերևս կարող են համարվել «մեդալի հակառակ կողմերը»։ Կխնդրեմ պատմել Ձեր առաջին գրական քայլերի և այս երկու գիտությունների համատեղության մասին։

 

Եթե խոսքը ֆիզիկա ու լեզվաբանություն գիտություններից է, սրանք ձեր ասած «մեդալի հակառակ կողմերը» չե´ն, ու սրանք ընդհանրություն ավելի շատ ունեն, քան թվում է առաջին հայացքից: Սրանք երկուսն էլ գիտություն են, ու երկուսն էլ բնության նկարագրություն են, բայց գիտակա´ն նկարագրություն:

Ֆիզիկան նկարագրում է անկենդան մարմինների վարքը, լեզվաբանությունը` լեզու կոչվածի բնության նկարագրությունն է: Հենց սկզբից ասեմ, որ «լեզու» ասելով լեզվաբանները հասկանում են միայն և միայն բարբառները, որովհետև աշխարհի բոլոր գրական «լեզու» կոչվածները չունեն կենդանի բարբառի մի քանի կարևորագույն հատկությունը, սրա համար էլ ճիշտ կլիներ, որ «գրական լեզու» տերմինի փոխարեն գործածվեր «գրական ոճեր» տերմինը:

– Գրական ոճերը բարբառի ո՞ր հատկությունները չունեն:

Գրական ոճերը նախ բանավոր չեն փոխանցվում սերունդներին, ու սրանց սովորեցնողը մանկան մայրն ու հարազատները չեն: Մանուկը գրական ոճերը մի քիչ սովորում է «մնգոյում» (մանկապարտեզում) հետո էլ` դպրոցում, ճիշտ էնպես, ինչպես օտար լեզուն են սովորում: Սրա համար էլ մարդու իսկական մայրենի լեզուն միայն և միայն այդ մարդու մայրենի բարբառն է:

Հետո, գրական ոճերով խոսող նույնիսկ մի փոքրիկ գյուղ էլ չկա էս ողջ աշխարհում: Երրորդը, գրական ոճով էս աշխարհում ոչ մեկը չի խոսում անբռնազբոս ու առավոտից իրիկուն: Սրանցից ուրիշ` երկրորդական տարբերություններ էլ են բխում, բայց էստեղ դրանցից խոսելու տեղը չի, ավելի լավ է` սկզբնական միտքս շարունակեմ:

Գալիլեյից, Հյուգենսից ու Նյուտոնից սկսած` ֆիզիկան զբաղվել է փակ ու քիչ թե շատ` «պարզ» համակարգերի նկարագրությամբ: Փակը ա´յն համակարգն է, ինչի կազմի միջի մարմինները միմիայն իրար հետ են փոխազդում: Փակ համակարգերի վարքը ենթարկվում է ընդհանուր օրենքների, օրինակ Նյուտոնի օրենքների կամ քվանտային ֆիզիկայի օրենքների պես օրենքների, որոնք մոդելավորվում են մաթեմատիկական հավասարումներով:

Վերջին 70-80 տարում ֆիզիկոսները փորձում են նկարագրեն բարդ ու բաց համակարգերի վարքը, էսպես կոչված սինէռգետիկական մեթոդներով, ու չնայած որոշակի հաջողություն կա էս բնագավառում, երբ համակարգը, այնուամենայնիվ, էնքան էլ բարդ չի, բայց մեկ է` էս հաջողություններն ավելի քան համեստ են:

Բանն այն է, որ իրոք բարդ ու բաց համակարգերի վարքը նկարագրելի չի` հենց սկզբունքով, որովհետև սրանց ապագան գիտության միջոցներով գուշակելի չի: Ուրիշ խոսքով` գերբարդ ու բաց համակարգերի վարքը նկարագրող է´ն տեսակ մաթեմատիկական հավասարումներ, ոնց որ Նյուտոնի օրենքներն են կամ Շրեդինգերի, Հայզենբերգի ու Դիրակի հավասարումներն են, ուղղակի չկան, ու նույնիսկ հայտնի էլ չի, թե արդյոք սրանց պես հավասարումներ կա՞ն առհասարակ:

Լեզվի վարքը, ավելի շատ ու ավելի շուտ, նման է հասարակական համակարգերի վարքին` ազատ շուկայի, փողի, հանրության վարքին, այսինքն, լեզվի վարքը նման է կյանքի´ վարքին: Ուրեմն, կյանքի պես` լեզուն է´լ է գնում անհայտություն, ու լեզվի ապագան է´լ է անհայտ: Սրա համար էլ լեզուն չի ենթարկվում անհատի կամ անհատների նույնիսկ «ամենախելոք» խմբի կազմած ծրագրերին, որովհետև որևէ համակարգի ընթացքի ծրագիրը կազմելու համար պիտի էդ ընթացքը հայտնի լինի: Լեզվի ապագան էլ է անհայտ, ինչես ասացի, ու երբ էլ որ փորձ է արվում, տվյալ լեզուն, օրինակ` Երևանի բարբառը, ենթարկվի էս կարգի մի «ծրագրի», արդյունքն անսպասելի է լինում, որովհետև էդ ծրագիրը նաօրոք է դատապատված անհաջողության: Սրա փայլուն ապացույցը մեր «հայկական ծրագրի» համարյա զրոյական արդյունքն է: Մերոնք, արդեն 1860 թվից, փորձում են ստիպեն հայ ժողովրդին, որ սա խոսի գրական ոճերով, բայց լրիվ անհաջող: Էս փորձը ձախողվեց, չնայած Սովետական շրջանի պետական վիթխարի ջանքերին ու պարտադրանքին: Իհարկե, էս փորձի արդյունքնում Երևանի բարբառի բառապաշարը զգալի փոխվեց, բայց քերականությունը բոլորովին չփոխեց: Այնինչ` գրական ոճերի քերականությունն իր շատ երևույթով հենց սկզբից էր նման օտար լեզուների քերականությանը, ուրեմն, խորթ էր հայերեն լեզուների (բարբառների) ոգուն, ու էս խորթ երևույթների քանակը գնալով շատանում է:

 

– Ձեր ասելով` ստացվում է, որ լեզվի գիտական նկարագրությունը անհնա՞ր է:

 

Չէ, անհնար չի, ուղղակի պիտի լեզվի նկարագրության իրոք գիտական մեթոդ ընտրվի:

 

– Ուրեմն այսօրվա հայ լեզվաբանների նկարագրության մեթոդները, ըստ ձեզ, գիտական չե՞ն:

 

Անկասկած, գիտական չեն: Ավելին, էսօրվա հայ լեզվաբանությունն իր դրույթների ճիշտ ու սխալը որոշող որևէ գիտական ու օբյեկտիվ սկզբունք չունի:

Օրինակ` ֆիզիկոսներն իրենց ասածների ճիշտ ու սխալը որոշում են էքսպերիմենտով ու դիտումներով: Որ հազար-հազար Նյուտոն ու Էյնշտեյն էլ հավաքվի ու է´ն տեսակ մի բան պնդի, ինչը փորձով կամ դիտումներով չի իրականանում, էդ պնդումը ֆիզիկայի ու ֆիզիկոսների համար ոչինչ չի նշանակի, ու դա ֆիզիկայի տեսության մեջ երբեք չի մտնի: Էս տեսանկյունից` էսօրվա հայերենի քերականության հիմնական սահմանումներն ու պնդումները գիտական չեն ու շատ անգամ էլ հակառակ են տրամաբանությանը:

Ես էս հակագիտականությունը նկատել եմ երկու պատճառով: Առաջինը, որ ֆիզիկայի, մաթեմատիկայի ու առհասարակ` բնագիտության գիտական մեթոդներն իմ համար միս ու արյուն են: Ի´նչ էլ կարդամ կամ լսեմ, դա համեմատում եմ իմացածիս հետ, ու եթե տարաձայնություն եմ զգում, պիտի իմ սեփական վերլուծությամբ ճիշտ պատասխանը գտնեմ: Մեր էսօրվա լեզվաբաններին էս կարգի վերաբերմունքն անհայտ է, սրանք ղեկավարվում են միայն հեղինակությունների ասածներով, առանց որևէ կասկածի կամ գիտական վերլուծության:

Երկրորդը, երբ 1990 թվին առաջին անգամ ծանոթացա Մանուկ Աբեղյանի քերականությանը (ինչը 1936 թվից Հայաստանում երբևէ չի դասավանդվել ու եթե ասենք, որ հալածվել ու ժողովրդից թաքուն է պահվել, սխալ չենք լինի), իսկույն զգացի, որ դա գիտական քերականություն է, որովհետև դա չէր հակասում թե´ տրամաբանությանը, թե´ իմ իմացած հայերեններին, այսինքն, իմ մայրենի բարբառին` Սալմաստի բարբառի Մալիշկա գյուղի խոսվածքին ու Երևանի բարբառին: Այնինչ, գրական ոճերն ինձ արդեն վաղուցվանից էին անհանգստացնում իրենց հայերենին խորթ երևույթներով: Բայց ես լրիվ համոզվեցի, որ Աբեղյանը ճիշտ է, երբ 1985 թվին հրատարակվեց իր «Մի քանի քերականական խնդիրների մասին» քննադատությունը, ինչը հայ ժողովրդից թաքուն էր պահվել 49 տարի:

 

– Չփորձեցի՞ք ձեր անհանգստությունը ներկայացնել հայ  հանրությանը:

 

Փորձեցի: 1992 թվին «երկիր» օրաթերթում իրար հետևից երեք ծավալուն հոդված տպեցի, բայց դրանցից հետո թերթի խմբագիր Աղվան Վարդանյանը հրաժարվեց շարունակությունը տպելուց (մոտ 10 հոդված էի պատրաստել), ասելով, որ արձագանքն ահավոր է: Հետո, մի քանի տարի անց, մի երկու հոդված տպեցի «Չի» թերթում, բայց էլի «դրսից կասեցրին» դրանց շարունակությունը: Հետո էլ, վերջին մի քանի տարին, 4 ծավալուն հոդված տպեցի «Գարուն» ամսագրում: Էս հոդվածները տվել եմ նաև ԵՊՀ-ի ղեկավարությանը: Սրանց բոլորի արձագանքը զրո էր ու զրո է մինչև հիմա:

Հետո, 2015 թվին, Հայաստանի տարբեր գիտակրթական հիմնարկներում նշվում էր Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակը: Երբ մեր Գիտությունների Ազգային Ակադեմիան էլ պիտի նշեր էդ հոբելյանը, «սխալվել էին» ու ի´նձ էլ էին հրավիրել էդ «գիտաժողովին» (համոզված եմ, որ էդ «սխալն» այլևս չեն կրկնի): Երբ առաջին օրվա նիստն ավարտվեց, ես հարցրի նիստի նախագահ ակադեմիկոս Յուրի Սուվարյանին (մասնագիտությամբ տնտեսագետ – sic!). «Ախր Մանուկ Աբեղյանն առաջին հերթին լեզվաբան էր, բայց ես այստեղ լեզվաբանական ելույթ չտեսա՞»: Պրն Սուվարյանը նայեց նիստերի օրացույցին ու ասաց. «Հենց ձեր ելույթը, որ պիտի ունենաք վաղը, նվիրված է լեզվաբանությանը»: Բա հենց էս հարց ու պատասխանը չի՞ բնութագրում մեր լեզվաբանության էսօրվա վիճակը:

 

– Հաջորդ օրը դուք ելույթ չունեցա՞ք: Եթե ունեցաք, մի՞թե այս հարցերը չբարձրացրիք այնտեղ: Ինչ էլ լինի, մեր Գիտությունների Ազգային Ակադեմիան շատ լուրջ կազմակերպություն է, և դուք գոնե այնտեղ պետք է որ այս արտառոց հարցերը բարձրացնեիք:

– Ելույթ ունեցա, վերջինը: Սկզբում ես «գիտաժողովին» ներկայացրեցի, թե Աբեղյանի ու էսօրվա քերականությունների ո´ր հիմնական դրույթներն են, որ բացարձակ հակասում են իրար ու բացարձակ անհամատեղելի են: Հետո էլ հարցրեցի, թե մեր էսօրվա լեզվաբաններն ինչպե՞ս են պնդում, որ թե´ Աբեղյանն է ճիշտ, թե´ իրենք: Լեզվի ինստիտուտի տնօրենն ասաց, «Դե, դա Աբեղյանի կարծիքն է»: Երբ ես առարկեցի ու ասացի, որ կարծիքն ու գիտությունը տարբեր բաներ են ու պահանջեցի, որ իրենք ասեն, թե ո´րն է էն չափանիշը, ինչով իրենք որոշում են իրենց ասածների ճիշտ ու սխալը, որովհետև առանց նման չափանշի չկա ոչ մի գիտություն, «գիտաժողովի» անդամների մի մասը հարձակվեց ինձ վրա, բացականչելով, թե «Էկել ես էստեղ, որ մեզ քննե՞ս»: Սրա համար եմ անընդհատ «չակերտավոր» բառը կպցնում «գիտաժողով» բառին:

 

– Այնուամենայնիվ, չէի՞ք ասի, թե այսօրվա քերականությունների հակագիտականությունն ի´նչն է, ու սրանք ինչո´վ են հակասում Աբեղյանի գիտական քերականությանը:

 

Ավելի լավ է, պատասխանի փոխարեն ձեզ տամ իմ գալիք «Արդի հայերենի տեսության առանցքային հարցերը» մենագրության սկզբի հարցադրումները, ինչը հենց էդ «գիտաժողովին» եմ կարդացել: Դրա «Իմ եզրակացությունները» մասը, ըստ էության, «գիտաժողովում» չթողեցին, որ ասեմ:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Անցյալ դարի 30-ական թվերին Սովետում հայտարարվեց, որ կիբեռնետիկան, գենետիկան ու հարաբերականության տեսությունը կեղծ ու բուրժուական գիտություններ են, ու սրանք արգելվեցին Սովետի ողջ տարածքում, բայց հետո ռազմական կարիքներն ստիպեցին, որ այս բոլոր գիտությունների վարկը վերականգնվի:

Այդ նույն տարիներին հայտարարվեց, որ Մանուկ Աբեղյանի քերականությունն ու գրականագիտությունը «մախիստական է, ֆորմալիստական, մետաֆիզիկական, իդեալիստական ու բուրժուական» է, որ Աբեղյանը իդեալիստ Բերկլիի (իրենց գրածով` «Բերկլինի») հետևորդն է, ու որ իրենք «մերժում են Աբեղյանի քերականությունն ու գրականագիտությունը ու պիտի ստեղծեն նոր, «դասակարգային ու պրոլետարական քերականություն ու գրականագիտություն»:

 

Ստեղծեցին, ու առ այսօր Աբեղյանի քերականությունը չի դասավանդվում, ու սրա վարկն առ այսօր չի վերականգնված: Սրա փոխարեն դասավանդվում են այդ նույն «դասակարգային ու պրոլետարական» քերականության ժառանգները՝ ղարիբյան-սևակյան քերականությունները (ՂՍՔ քերականությունները):

 

 

Հնարավոր է, որ իմ եզրակացություններն ու դիտողությունները վիճելի լինեն ու սրանք պատասխանի «արժանի չլինեն», բայց Մանուկ Աբեղյանն իր սպանիչ քննադատության պատասխանին սպասում է 1936 թվից, այսինքն, 82 տարի:

 

Ստորև բերված իմ շարադրանքի ողջ ասելիքը, ՍՏՈՒԳԵԼԻ Է, որովհետև աղբյուրները (համարյա միշտ) մանրամասն նշել եմ: Կարդացեք այդ շարադրանքն ու մի´ լռեք, խնդրո´ւմ եմ, ա´նպայման հայտնեք ձեր կարծիքը, եթե դուք իրո´ք եք շահագրգիռ Մայրենի լեզվի բարեկեցությամբ:

 

ԱԲԵՂՅԱՆԻ ՈՒ ՀԵՏԱԲԵՂՅԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՄԱՏԵՂՈՒԹՅՈՒՆԸ

 

 

  1. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենի անորոշ դերբայը միմիայն գոյական է ու բայական ոչ մի ֆունկցիա չունի [2], էջ` 537-538, 541], այնինչ` Ղարիբյան-Սևակյան քերականությունները (ՂՍՔ-երն) ասում են, թե անորոշ դերբայն անդեմ բայ է ([5] , էջ՝ 44, 46, 59, 60):

 

  1. Մ. Աբեղյանն ասում է, թե հայերենն անդեմ բայ կամ խոսք (նախադասություն) չունի [1, 2], ՂՍՔ-երն ասում են, թե ունի ([5] , էջ՝ 44, 46, 59, 60):

 

  1. Մ. Աբեղյանն ասում է, եթե բայ չկա, ուրեմն խոսք (նախադասություն) է´լ չկա [1, 2], ՂՍՔ-երն ասում են, թե կա ([5] , էջ՝ 59, 60): Ու ըստ ՂՍՔ-երի, հնարավոր է, որ հայերենի ամե´ն մի բառն էլ, բառակապակցությո´ւնն էլ լինի խոսք (նախադասություն) ևն, ևն:

 

  1. Աբեղյանն ասում է [1], թե ստորոգելը նշանակում է, որ բայն իր ու/կամ բառ-ստորոգյալի իմաստը, կամ էլ որևէ այլ մի բան (հատկանիշ ևն) վերագրում է (նաև` բառ-ենթակայի միջոցով) բայի դեմքին ([2], էջ` 616), իսկ ՂՍՔ-երն ասում են ([5] , էջ՝ 549), թե ստորոգելը «շարահյուսական կարգ է, որով նախադասության բովանդակությունը վերագրվում, հատկացվում է իրականությանը…՚ ևն:

 

5.    Աբեղյանը հնչերանգային ստորոգման մասին ոչինչ չի ասում (որովհետև սա անհեթեթ է, տես [4]-ը), իսկ ՂՍՔ-երն ասում են ([5], էջ՝ 549), թե «հնչերանգը ստորոգում է իրացնում»:

6.    Աբեղյանն ասում է, թե խոսքի (նախադասության) գլխավոր անդամը (խոսքի կենտրոնը) բայն է ([1], էջ`362, 361), ՂՍՔ-երն ասում են, թե նախադասության գլխավոր անդամները ենթական ու ստորոգյալն են (տես [5]-ի ու [6]-ի համապատասխան բառահոդվածները) ևն, ևն:

 

7.    Աբեղյանն ասում է, թե ենթական բայի դեմքն է, կամ այդ բայի դեմքը լրացնող բառը (բառ-ենթական, [2], էջ` 601-618), իսկ ՂՍՔ-երն ասում են, թե «ենթական նախադասության գլխավոր անդամներից մեկն է,…որին ստորոգումով վերագրվում է որեւէ հատկանիշ...» ([5], էջ՝ 198):

 

8.    Աբեղյանն ասում է [1, 2], թե ստորոգյալը բայի դեմքին կամ բառ-ենթակային վերագրվող բայիմաստն է, ինչը կարող է լրանա բառ ստորոգյալով (պարզ կամ բաղադրյալ [էջ՝ 582-607, 618-628]), իսկ ՂՍՔ-երն ասում են ([5], էջ՝ 546), թե ստորոգյալը խոսքի գլխավոր երկու անդամից մեկն է:

 

9.    Աբեղյանը ՂՍՔ-ի իր քննադատությունն ամփոփում է մոտ երկու էջով: Այդ քննադատության մեջ Աբեղյանը բերում է այն օրերի ՂՍՔ-ին արած իր հիմնական առարկությունները, որոնք վերաբերում են նաև դրանց այսօրվա ժառանգների: մինչև այսօր Աբեղյանի այդ առարկությունների գիտական պատասխանները չկան ([2], էջ` 637-638): Մինչև այսօր էլ «յոլա են գնում» այն «արդարացումով», թե «ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր», ուրիշ ոչինչ: Սա´ է թե´ հեղինակավոր բառարաններում, թե´ առանձին մենագրություններում Աբեղյանի քերականության մասին գրած «հեղինակավոր» կարծիքը (տես ստորև, 10-րդ կետը):

 

10.  ղսք-երի սահմանումների մեծ մասը խախտում է դասական տրամաբանության տարրական պահանջները (տես [5-6]-ը բայի, գոյականի և այլ հասկացությունների մասին ու [4]-ի քննադատությունը, ու նաև [3]-ի միջի նույն հարցերը):

 

Այնինչ, արդի հայերենի մասին մեր նորօրյա հեղինակները կամ անծպտուն շրջանցում են այս հակասություններն ու Աբեղյանի քննադատություննը, կամ ասում են հետևյալը ([1], էջ՝ VII, թավատառն ու մեծատառն ի´մն են].

 

«<Աբեղյանի> Աշխարհաբարի շարահյուսությունը» և «Հայոց լեզվի տեսությունը»… տալիս են հայոց լեզվի ամբողջական ու ճշգրիտ (sic!) պատկերը և կազմում են ներդաշնակ ու սերտ միասնություն»:

«...մեծատաղանդ գիտնականը խորագույնս (sic!) բացահայտել է հայոց լեզվի մեջ իրապես գոյություն ունեցող օրենքներն ու օրինաչափությունները»:

 

«<Չնայած> ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր, բայց դրանք ամենևին (sic!) չեն նսեմացնում (sic!) նրա գիտական ու ճանաչողական (sic!) բարձր արԺԵՔԸ: <Աբեղյանի> «հայոց լեզվի տեսությունը» եղել է և մնում է (sic!) իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն (sic!) ձեռնարկ ու ուղեցույց»:

 

Բայց չնայած այս հույժ դրվատական գնահատականներին,  արդեն 82 տարի է, ինչ Աբեղյանի քերականական գրքերով երբևէ քերականություն չեն դասավանդել ո´չ մեր դպրոցներում, ոչ է´լ մեր որևէ բուհում, չնայած այն հանգամանքին, որ մեր պաշտոնական լեզվաբանության ասելով Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը» եղել է և մնում է իբրև հայոց լեզվի ուսումնասիրության մի լավագույն ձեռնարկ» [նույն տեղը]:

 

Բացի սա, մեր այսօրվա քերականները երբեք չեն ասում, թե Աբեղյանի ասածների ի՜նչն է հնացել ու ինչո՞ւ է հնացել, կամ ինչու է վիճելի:

 

ԻՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Այսքանից հետևում է, որ մեր այսօրվա արևելահայերենն ունի երկու իրար հակասող ու բացարձակ անհամատեղելի քերականություն. Մեկը` Մանուկ Աբեղյանի քերականությունը, մյուսը` հետաբեղյանական քերականությունները, իսկ այս վերջինները, ըստ էության, բոլորն էլ նույնն են: Ես այս վերջիններին (ՀԱՔ-երին) ասում եմ նաև` «հետաբեղյան քերականություններ՚: Ըստ էության, սրանք իրենց ծնող ու հիմք Ղարիբյան-Սևակյան քերականություններից տարբերվում են միայն իրենց սխալաշատությամբ, ու նույն հասկացությունները տարբեր տերմիններով նշանակելով, ու բառային անասելի աղմուկով:

 

  1. Արդեն 82 տարի է, ինչ Աբեղյանի քերականական գրքերով երբևէ քերականություն չեն դասավանդել ո´չ մեր դպրոցներում, ոչ է´լ մեր որևէ բուհում:

 

  1. Այս երկու քերականությունը, Մանուկ Աբեղյանինն ու հետաբեղյանականները (նաև ուրեմն, այսօրվանները), իրար բացարձակ են հակասում, ու բացարձակ են անհամատեղ: Եթե սրանցից մեկը համարես ճիշտ, մյուսն ա´նպայման է սխալ, չնայած մեր այսօրվա քերականները պնդում են, թե «Ակադեմիկոս Մ. Աբեղյանի աշխատության մեջ, բնականաբար, կան նաև [ՄԻԱՅՆ – Մ. Հ.] վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետեր…՚:

 

  1. Ուրեմն, այսօրվա հայերեն լեզվի քերականությունը ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ, որովհետև իր ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի գիտական (մարդուց անկախ, օբյեկտիվ) չափանիշ չունի:

 

Սրա փայլուն ապացույցն ա´յն հանգամանքն է, որ մեր այսօրվա հայ լեզվաբանները, ըստ էության, ասում են, թե այսօրվա նույն արեվելահայերնի այս երկու իրար լրիվ հակասող քերականությունն էլ, թե´ Աբեղյանինը, թե´ հետաբեղյանը (Ղարիբյան-Սևակյանը) ճիշտ են, ու իրարից տարբերվում են միայն «վիճելի, ինչպես նաև հնացած որոշ կետերով…՚:

 

  1. «Գրական լեզու՚ կոչվածը լեզու չի (կենդանի բարբառ չի), որովհետև չունի բարբառի մի քանի կարևոր հատկությունը [4], բանավոր չի փոխանցվում, ռեֆլեքսով չի կիրառվում, լրիվ ինքնակազմապերպ ու լրիվ ինքնակառավար չի, չի ենթարկվում նվազագույն ճիգի օրենքին, ու չկա սրանով խոսող գոնե մի փոքրիկ գյուղ:

Գրական լեզու կոչվածը չունի կենդանի լեզվի ինքնամաքրվելու հատկությունը, որովհետև սրա մեջ անալոգիայի սպոնտան մեխանիզմը ոչ լրիվ է գործում: Ճիշտ կլիներ, թե որ «գրական լեզու» կապակցության տեղն ասվեր` «գրական ոճեր»:

 

  1. Աբեղյանը, լրիվ իրավացի,  ասում է, որ քերականությունը չեն հորինում «գիտունների» (իմա´, ապաշնորհ թարգմանների ու գրողների) գրածներն արդարացնելու համար [2, էջ` 543]:

Թե որ կա լեզու, հետն էլ կա քերականություն:

 

Քերականությունը լեզվից նույնքան է անբաժան, ինչ որ զանգվածը կան լիցքը էլեկտրոնից, կամ մարդու բնավորությունը` մարդուց:

 

Քերականությունը կենդանի լեզվի բնավորությունն է, իսկ բնավորությունը ոչ մեկը չի կարա փոխի, թեկուզ ակադեմիկոս լինի: (Հենց նոր գրեցի` «չի կարա», որովհետև սա՜ է մեր կենդանի լեզվի բնավորությունը):

 

  1. Գիտական քերականության բացակայության պատճառով մեր գրական ոճերը, մեծ մասամբ, ահավոր արհեստական են ու ծանրաշունչ, չափազանց դժվար կիրառելի են, ու ըստ էության մեռած են:

Սրանք խոչընդոտում են մեր մշակույթին, մասնավոր առումով` մեր թատրոնի, կինոյի ու հեռացույցի գործունեությանը, ու մանավանդ մանուկների կրթությանը:

 

  1. Տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ արդի հայերենի այսօրվա քերականության ամենագլխավոր սահմանումները (բայի, գոյականի ևն. տես [5-6]-ը) չեն բավարարում գիտական սահմանումներին ներկայացվող հիմնական պահանջներին:

Այդ սահմանումները կամ շրջելի (reciprocative) չեն, կամ դրանց ստորոգյալը սահմանած չի: Ուրեմն, այդ սահմանումները գիտական չեն:

 

  1. Արդեն տասը տարի է, ինչ մեր լեզվաբաններին մամուլով ու իմ գրքերում (տես [4-5]-ն ու նաև այնտեղի հղումները) ասում եմ վերը շարադրածը, ու առաջարկում եմ, որ այս հարցերը քննարկվեն, բայց իրենք նույնիսկ մի տող հրապարակային պատասխան էլ չեն տվել:

Լա՜վ, ինձ չեն պատասխանում, թող չպատասխանեն, բայց մեր լեզվաբաններն ինչո՞ւ չեն պատասխանում Մանուկ Աբեղյանի 1936 թվի ա´յն հայտարարությանը, թե «… Արարատ Ղարիբյանի քերականության գրքի մի քանի երեսը թերթեցի, և գտա, որ դա գրել է մի քերականորեն ՏԳԵՏ մարդ» (տես [2]-ը, էջ` 495; տես նաև էջ` 656-657-ը), ինչին հենց ինքը, Ա. Ղարիբյանը, ով ներկա էր այդ հայտարարությանը, մի բառով անգամ չի առարկել:

 

  1. Սա Աբեղյանն ասել է Հայաստանի Լուսժողկոմատի 1936 թվի հրապարակային քննարկման ժամանակ (տես [2]-ը), երբ ինքը երեք օր շարունակ, քննադատելով ջարդուփշուր է արել ՀԱՔ-ի առաջին տարբերակը, հենց Արարատ Ղարբյանի ու նաև այն օրերի մեր մնացած բոլոր առաջավոր մտավորականների ներկայությամբ (Հրաչյա Աճառյանի ու այլոց):

 

  1. Երեք օր հետո, երբ Մանուկ Աբեղյանը վերջացրել է իր առարկությունները, ոչ ոք, (նաև Աճառյանը) ծպտուն անգամ չի հանել, իսկ դահլիճում եղած հայ համարյա բոլոր հեղինակավոր մտավորականները որոտընդոստ ծափերով հավանել են Աբեղյանի այս եռօրյա ելույթը ([2], էջ` 656-657): Բայց հաղթել են ՀԱՔ-ների հետևորդները: Հաղթել են մինչև այսօր: Հաղթել է կարծիքն ու կեղծիքը: Գիտությունն ու տրամաբանությունը պարտվել են: Պարտվել են 82 տարի, անընդհատ:

 

Մի՞թե պարզ չի, որ տգիտությունը, ինչքան էլ ժամանակ անցնի, երբեք էլ գիտություն չի դառնա: Աբեղյանի առարկությունները լույս տեսան միայն 1985 թվին, այսինքն, աբեղյանի այդ ելույթից 49 տարի հետո միայն: Բայց լրիվ անարդյունք: Կեղծիքն արդեն ամենուրեք համարվում էր ու հենց հիմա է´լ է համարվում ճշմարտություն: Ոնց որ ասում են՝ «պոյեզն արդեն գնացել ա´»:

 

Ենթադրենք, մեր այսօրվա լեզվաբանները մինչև 1985 թիվը չգիտեին, որ Աբեղյանն այս կարգի կտրուկ ու հզոր առարկություն (շա´տ մեղմ ասած) ունի այսօրվա հետաբեղյանական քերականություններին (սրանք, նորից եմ ասում, իրենց էությամբ չեն տարբերվում Ղարիբյան-Սեվակյան քերականությունից` տարբերությունը միայն սրանց ահավոր «բառային աղմուկն» ու անհեթեթությունների ավելացրած քանակն է (օրինակ, «հնչյունային ստորոգումը»):

Բա հիմա՞: Չէ՞ որ Աբեղյանի «Մի քանի քերականական հարցերի մասին» (Մ. Աբեղյան, Երկեր, Ը հատոր) գործը հրատարակվելուց հետո արդեն 33 տարի է անցել, ու մեր լեզվաբանները, զարմանալի միաբան ու հաստատակամ, բառ անգամ չեն ասում ա´յն գիտնականին, ով արդի հայերենի գիտական տեսության հիմնադիրն է, ու ով իրենց քերականությունները համարում է տգիտություն: Այս անգամն է՞ լ է լռությունը համաձայնություն:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԸ

 

1.   Աբեղյան Մ. – Հայոց լեզվի տեսություն, Լույս հր., 1964, Երևան:

2.   Աբեղյան Մ. – Երկեր, Ը հատոր, «Մի քանի քերականական խնդիրների մասին», ՀՍՍՀ ԳԱ հր., 1985, Երևան:

3.   Աճառյան Հր. – Լիակատար քերականություն հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների, հատ. 1-8, 1952-1967, Երևան:

4.   Հարությունյան Մ. – Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը, Լուսաբաց հր., 2010, 2011, Երևան:

5.   Պետրոսյան Հ. – Հայերենագիտական բառարան, Հայաստան, 1987, Երևան:

6.   Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ս. Ա., Ղարագյոզյան Թ. Ա. – Լեզվաբանական բառարան, ՀՍՍՀ ԳԱ հր., 1975, Երևան:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին