▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց թավշյա հեղափոխության Եղիշե Չարենցը

Մեծ Մասրիկ գյուղում ապրում է բանաստեղծը. Ատոմ Հակոբյան... Մի քիչ պարզ, մի քիչ բարդ, մի քիչ խելոք, մի քիչ խենթ… Գլխավերևում միշտ Չարենցի նկարն է կրել, ծոցագրպանում՝ Անդրանիկի... Եվ հեռավոր իմ Հայրենիքում, երբ սանձազերծվեց Ապրիլյան քառօրյան, այդ նա էր, որ անմահացրեց մեր հերոս տղաներին Հայաստան» բանաստեղծությամբ.

Եվ երկինքները, որ կորցրել ես,-

Սասունում, Մուշում, Տիգրանակերտում,-

Կվերադառնան - սուրբ ու հրակեզ-

Այն տղերքի պես, որ ընկան մարտում…

 

Եվ այս ապրիլյան արյունով սնված,

Արյունով հեղված հողը հայրենի-

Իր արգանդի մեջ բյուր ծիլեր կտա,

Որպես վրեժից աճած մասրենի…

 

 Երբ հայ մայրերը կրկին տեսան Տառապանքի խորշակյալ դեմքը, այդ նա է, որ առաջինը նկատեց Ռոբերտ Աբաջյանի մոր անամոք կսկիծը և արձանագրեց.

 

Անզոր հառաչ կա տիեզերական,

Մի սարսափելի, անամոք մի պահ,

Հուսահատության մեղկ մի ակնթարթ,

Երբ մոր աչքերում զավակն է հառնում…

Տեսլանում խնդուն աչքերը նրա,

Ու շնչառության տուրևառումը,

Եվ պայծառ, ինչպես արևը՜ խնդա,-

Որդու հայացքը- մոր թաց աչքերում…

Եվ ցնորում է լույսն ու խավարը,

Բայց լուսավո՜րն է միշտ հաղթանակում...

 

 Երբ մեր փառապանծ Հայրենիքում սկսվեց Սարդարապատից Արցախ» խորագրով գրական ու մշակությանին ծրագրերը, այդ նա է, որ նույնանուն ու խորախորհուրդ բանաստեղծությամբ կանխազգաց հայոց թավշյա հեղափոխության սքանչելի գալուստը.   

 

Մեր թափված արյան գինը մենք գիտենք

Եվ քաղցրությունը մեր լեռնաշխարհի.

Մեզ խոսքեր պետք չեն, որ արարատվենք,

Մենք գարուն գիտենք բիլ Ավարայրի…

 

  Տակավին անցած ամռանը նա աղաղակում էր.

                                 Ես սիրում եմ իմ տարաբախտ
     Իմ ազգի խենթ տղաներին, 
     Նրանց աչքերն, թևերն անպարտ, 
     Որոնց ոչ մի լավ խոսք չասին…

  Իմ Հայրենիքի մեր ծուռ զավակները, երբ կրկին բռունցքվեցին, քայլ արին ու մերժեցին այն, ինչ չէին ընդունում, արդյո՞ք պատահական էր, որ եռաց և բանաստեղծի արյունը…  Եվ արդյո՞ք պատահական էր, որ հայոց թավշյա հեղափոխության նախօրեին հենց նա՛ պիտի դառնար ավետաբեր ազդարարը մեր նոր, չտեսնված գարունի.

Կհասնի մորին, կծաղկի բալը,

Շառաչուն գետը առու կդառնա.

Ճերմակ մորուսով Արարատ սարը

Իր ժողովրդին կվերադառնա…

 

Իսկ մենք կերգենք, իսկ մենք կհարբենք,

Ու էլ չենք տխրի կռունկների պես.

Զի ազատության զգացում ունենք

Եվ համախմբման կոչնակի հանդես…

 

Եվ կեցցեն նրանք, որ քայլ արեցին,

Որ սասանեցին հիմքերը չարի.

Բռնակալության դուռը գոցեցին

Ու լեգենդ դարձան Հայկի պես արի...

 

Իմ հայրենիքը իմ Շուշին է վեհ,

Իսկ մենք բոլորս Նիկոլ ենք ու կանք.

Երևանն է մեզ երակներ տվել

Ու արյունը մեր՝ հաղթության ցնծանք...

 

  Այո, տեղին է նկատել օգտատերերից մեկը, որ սա պետք է դառնա հայոց թավշյա հեղափոխության Մարսելյոզը»... Բայց հայոց թավշյա հեղափոխության առաջնորդի ճշմարիտ ու ճշգրիտ արտացոլումը, առանց իսկ վարանքի ու կասկածի, Վասն Նիկոլի» քերթվածք-ձոնն է, որ դատապարտված է լինել հայոց Մանդելայի» ժամանակակցի ու հեղափոխությունն ապրածների անգնահատելի վկայությունը...  

Դեմոսթենեսի նման պերճախոս,

Սոլոնի պես ճիշտ, Լիկուրգի պես խիստ,

Թեմիստոկլեսի նման հանճարեղ,

Կատոնի պես բիրտ, Պերիկլի պես մարդ…

 

Դու ազատության Նելսոն Մանդելա,

Հեղափոխության ջինջ ստրատեգոս,

Արդար քայլերով վկայիր անսուտ,

Որ դու Միրաբո չես դառնա երբեք…

 

Հավատն էր բանտվել, շրջվել բախտը,

Եվ խիղճ էր մեռնում պարզ արդարության,

Փոքրիկ վրանից հաստատ քայլերով

Դու քո հին ցեղին փառքի ջահ տվիր …

 

Մեր ճակատագրի Մահաթմա Գանդի,

Մեր հայրենիքի դու Ֆիդել Կաստրո.

Ըմբոստացումի նորօրյա մեր Հայկ,

Նորօրյա հերոս մեր աղեղնաձիգ…

 

Հույսի ու լույսի փարոսվող խարիսխ,

Ճեղքիր ալիքներն ու մեզ ափ հանիր.

Ձնագնդի պես մեզ հավաքեցիր,

Մեր խենթ առաջնորդ, մեր Չե Գևարա…

 

 Եվ ուրեմն կեցցե այն բանաստեղծը, որ Չարենցի պես զարկերակն է հեղափոխական օրերի ու ժամերի, որի խոսքերն անկեղծ են, իսկ ձգտումները՝ ազնիվ, որի երազը նվիրական է, իսկ Հայրենիքը՝ իրական, որի բառերը երգ են, իսկ հանճարը՝ արարատված…

 

Նարեկ Զորյան, Կալինինգրադ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին