▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հայերը գեղեցկության մրցույթը բերեցին Հայաստան, և արդյո՞ք Ադրբեջանն ու Թուրքիան կմասնակցեն

«Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի Հայաստանում անցկացվելու է 2-րդ տարին: Մրցույթի կազմակերպիչ Նաիրի Մնացականյանը գնել է մրցույթի արտոնագիրը, ինչի շնորհիվ մրցույթը մշտապես ացկացվելու է Հայաստանում: Asekose.am-ը զրուցել է մրցույթի  տնօրեն Յանա Գրիգորյանի հետ` մանրամասների, սպասվող միջոցառումների, նախորդ տարի հնչած քննադատությունների, մրցանակների մասին և ոչ միայն:

 

 

 

 

 

 

 

 

 

««Միսս ԱՊՀ»-ն մշտապես անցկացվելու է Հայաստանում` չնայած այն փաստին, որ Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի մրցույթի եզրափակիչ փուլն իրենց մոտ անցկացվեր: Եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 29-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցանակային ֆոնդը կազմում է 10.000$: Բացի դրանից` հաղթողը պայմանագիր կկնքի մոդելային աշխարհահռչակ գործակալության հետ: Մյուս մասնակիցների համար նախատեսված են արժեքավոր մրցանակներ և նվերներ: Ուզում եմ շեշտել, որ աղջիկներին սպասվում է էքսկուրսիայի հագեցած ծրագիր, 2 օր լինելու ենք Գորիսում, որը ճանաչվել է մշակութային կենտրոն, ծառատունկ ենք անելու, բացի դրանից` մրցույթի շրջանակներում կանցկացվեն բարեգործական և այլ միջոցառումներ»,- Asekose.am-ի հետ զրույցում մանրամասնեց Յանան:

Վերջինիս խոսքով` մոտ ժամանակներս պարզ կդառնա Հայաստանի ներկայացուցչի անունը.

«Մրցույթին մասնակցելու են 30-35 աղջիկներ: Մենք կհայտարարենք մասնակիցներին մոտ ժամանակներս: Անցկացրել ենք մի քանի քասթինգներ և շուտով պաշտոնապես կհայտարարենք, ով կարժանանա Հայաստանը ներկայացնելու պատվին: Հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը` Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցների հարցի հետ կապված մենք չենք կարողացել համաձայնության գալ: Անձամբ ես կարծում եմ, որ գեղեցկության մրցույթները չպետք է կապված լինեն քաղաքականության հետ»:

 

 

 

 

 

 

 

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև պլաստիկ միջամտությունների դիմած աղջիկների մասին և վստահեցրեց, որ ընտրելու են բնական գեղեցկություն ունեցողներին:

«Անձամբ ես շատ վատ եմ վերաբերում պլաստիկ վիրահատություններին և գնահատում եմ բնական գեղեցկությունը: Ինձ համար վիրաբուժական ցանկացած միջամտություն անընդունելի է: Ցավոք, շատ երկրներում և բազմաթիվ միջազգային մրցույթներում ես սկսել եմ նկատել, որ շատ աղջիկներ, ովքեր «վազքի մեջ են» իդեալական  արտաքին տեսք ունենալու համար, սկսել են դիմել պլաստիկ վիրահատությունների և ուրվագծային պլաստիկայի: Հատկապես մեր երկրում բոլորի շուրթերը, քթերը միանման են: Դա սարսափելի է դիտվում, շատերը կորցնում են չափի զգացումը, և դա տգեղ է: Եվ քանի որ սա տարածվել է բազմաթիվ երկրներում, և, ցավոք, դրա հետ ոչինչ չես կարող անել, ԱՊՀ երկրներում ընտրական փուլեր անցնակցնելիս մենք փորձում ենք ընտրել համեմատաբար բնական աղջիկների: Եթե մրցույթի ժամանակ նկատվեն արտահայտիչ միջամտություններ, դա կլինի մեծ մինուս մասնակցի համար»:

Անդրադառնալով անցյալ տարի մրցույթի և դրա հաղթողի` Շուշան Երիցյանի շուրջ առաջացած աղմուկին,  ըստ որի` սպասելի էր և բնական, որ մրցույթում հաղթել է հայուհի, քանի որ ժյուրիի կազմում  հիմնականում հայեր էին (երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը), Յանան նշեց.

«Ես նորմալ եմ վերաբերում քննադատություններին, ավելին` եթե քննադատությունը օբյեկտիվ է, ապա մենք փորձում ենք օգտագործել այն` թերությունները շտկելու համար, որպեսզի մենք ու մեր ամբողջ թիմը հաջողության հասնի: Որքան մարդ, այնքան` կարծիք, և դա շատ նորմալ է: Բացի դրանից` գեղեցկության մասին պատկերացումները տարբեր մարդկանց մոտ տարբեր են: Բոլորին չես կարող գոհացնել, և մենք դրան չենք էլ ձգտում: Որոշումը կայացվում է`ելնելով ընդունված չափորոշիչներից: Հաշվի է առնվում ոչ միայն գեղեցկությունը, այլև ինքդ քեզ մատուցելու կարողությունը, ինտելեկտը,    սթրեսին դիմակայելու  ընդունակությունը և մի շարք այլ գործոններ: Որպես ղեկավար` ես վերջերս եմ միացել «Միսս ԱՊՀ»-ին, ցավոք, անցյալ տարվա մրցույթին ես ներկա չեմ եղել: Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչի մեջ  պետք է դրական կողմեր տեսնել: Ես ուրախ եմ, որ հենց Հայաստանը ներկայացնող մասնակիցը հաղթեց  անցյալ տարի, կարծում եմ, որ ժյուրիի որոշումը օբյեկտիվ է եղել»:

Ժյուրիի այս տարվա կազմի մասին Յանան դեռ չցանկացավ մանրամասներ հայտնել, բայց նշեց, որ հայ անդամները քիչ կլինեն:

«Մենք հրավիրել ենք մասնագետների և հյուրերի տարբեր երկրներից:  Ժյուրիի կազմում կլինեն գեղեցկության միջազգային տարբեր մրցույթների հաղթողներ, համբավ ունեցող միջոցառումների կազմակերպիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող բլոգերներ: Չեմ ուզում բացել բոլոր խաղաքարտերը, կարող եմ ասել, որ ժյուրիի հայ անդամները մեծամասնություն չեն կազմի, քանի որ անցյալ տարի մրցույթի արդյունքների օբյեկտիվության մասին բազմաթիվ կասկածներ եղան»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթի տնօրեն Յանա Գրիգորյանը:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև `Հայ գեղեցկուհին արժանացավ հեղինակավոր տիտղոսների, իսկ հայ պրոդյուսերի թուրք մասնակիցը հայտնվեց լավագույնների շարքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին