▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 միլիարդ դրամի չարաշահու՞մ...Ինչու՞ է Ֆինանսների նախարարը փաստաբանի դեր ստանձնել

ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության կողմից 2 միլիարդ դրամի չափով չարաշահումների մասին հրապարակումների վերաբերյալ:


 

 

 

 

 

 

 

Նշենք, որ հանրայինում ֆինանսական չարաշահումների հայտնաբերման մասին գրել էր «Հետք» էլեկտրոնային պարբերականը։

 

 

 

 

 

 

 

Երկու հոդվածներում աղբյուրը անդրադարձ էր կատարել Հանրային հեռուստաընկերությունում գրանցված խախտումներին՝ նշելով, որ Ֆինանսների նախարարության Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից պարզ է դարձել, որ պետբյուջեից Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հատկացվող գումարները ծախսվել են խախտումներով․ ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ է արձանագրվել:

 

 

«Ես խնդրում եմ մանրամասնել, թե ինչ շեղումների մասին է խոսքը, և հստակ նշել, թե որտե՞ղ են այդ գումարները ծախսվել: Եթե այդպիսի շեղումներ են եղել, , արդյոք սա չի խոսո՞ւմ կառավարման մոդելի ճգնաժամի կամ կադրային սխալ քաղաքականության մասին»,- հարցրեց Տոնոյանը:


 

 

 

 

Հարցին պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ չի կարծում, թե չարաշահումներ են եղել՝ ընդգծելով, որ խոսքն ընթացակարգային խախտումների մասին է: «Խոսքն ընթացակարգային շեղումների մասին է և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումներ են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- ասաց Ջանջուղազյանը:

 

 

 

 

 

Լուսանկարում՝ Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտ Գրիգորյանը

Այնուհետև թեմային անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա իր հերթին պարզաբանեց, որ խնդիրները եղել են տեխնիկական ու հաշվետվությունների տողերի սխալ ձևակերպումների հետևանքով ծագել են հարցեր։ «Տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել ընդունենք 5 տեսախցիկ, սակայն ընթացքում պարզվել է, որ վնասվել է ձայնային ստուդիայի վահանակը, սակայն մենք լուծումը գտել ենք ու գնել ենք երկու տեսախցիկ, և մեկ վահանակ, որպեսզի հատկացվող գումարը չգերազանցվի։ Պնդում եմ՝ գումարի վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպումների տարբերություն, բայց հետագայում մեզ ասվել է, որ նման փոփոխություն անելու դեպքում պետք է դիմեինք ֆինանսների նախարարություն»,- ներկայացրեց Մարգարիտա Գրիգորյանը։

 

 

 

 

 

 

 

 

Խնդրին անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ զարմանալով, թե ինչու է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փաստաբանի դեր ստանձնել։

«Խոսքը Հանրային հեռուստաընկերության մասին է: Եթե մամուլում կա նման հրապարակում, և Դուք՝ տիկին Մարգարիտա, պարոն Ջանջուղազյանը, մյուսները դրան պատասխանելու բան ունեք, դիմեք դատարան, կա հեղինակություն վայելող լրատվամիջոց, որը երկու հրապարակումով է հանդես եկել: Վերականգնեք հանրության մոտ այն համբավը, որը կար»,- ասաց նա։

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ փաստաբանի դեր չի ստանձնել, Ֆինանսների նախարարության  կատարած ստուգմանն է անդրադարձել։

Թե՛ Ռուբեն Ջաղինյանը, թե՛ Մարգարիտա Գրիգորյանը չարձագանքեցին պատգամավորի դիտարկմանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին