▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինի թթվի քարը

«Նոր մասնաշենք, բարեկարգված բակեր, նորակառույց ավտոկայանատեղի, որակյալ եւ մատչելի սնունդ, օդափոխություն, ջեռուցում…»: Սա Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» հունիսի 17-ի ռեպորտաժից հատված է:

Եթե պատկերը չնայեիր՝ կմտածեիր, որ հյուրանոցային-ռեստորանային համալիր են գովազում:

Այնինչ, ինքնագովազդ էր Սերժ Սարգսյանի Հանրային հեռուստաընկերություն այցի կապակցությամբ:

Հանրայինը ծավալուն ռեպորտաժով ինքնամոռաց գովաբանում էր ինքն իրեն՝ հեռուստաընկերության ղեկավարությունն էլ Ռուբեն Ջաղինյանի գլխավորությամբ մի տասը տակ ծալվում-կռանում էր երկրի նախագահի առջեւ: Եվ այդ ռեպորտաժում խոսվում է ամեն ինչի մասին, բացի եթերային բովանդակությունից: Ի դեպ, ի՞նչ էր խանգարում «Առաջին լրատվականին» ցույց տալ նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հեռուստաընկերության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած խորհրդակցությունից մի փոքր հատված:

Մենք՝ հարկատու-հեռուստադիտողներս չիմանա՞նք՝ ինչ հարցեր են կարեւորվել այդ խորհրդակցության ժամանակ: Այն, որ Ջաղինյանն ու իր ենթակաները որակյալ սնունդ են օգտագործում, իրենց թանկարժեք մեքենաները կայանում են նորակառույց կայանատեղիում, նաեւ այն, որ օդափոխությունից ու ջեռուցումից չեն դժգոհում՝ այս ամենը պարզ է ու ակնհայտ: Իսկ ի՞նչ են ստեղծում եւ հրամցնում հեռուստադիտողին: Անկասկած՝ «մատչելի սնունդ»՝ նարեկդուրյանների, էրիկների եւ մյուսների մատուցմամբ: Ի դեպ, ասում են՝ «նոր մասնաշենք» ու ցույց են տալիս մի դուռ, վրան գրված ՝ «1 առաջին»: Կադրում միայն այդ դուռն է, ավելին «չեն ծավալվում,, քանզի հին շենքի կողքի պատին բացված դուռ է, որն ըստ Հանրայինի պետք է համարենք՝ «նոր մասնաշենք»: Ռեպորտաժում եթերային բովանդակությունից չեն խոսում, քանի որ քիչ հետո պարզվում է, որ այդ մասին պետք է առանձին խոսի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ իր կաբինետում նստած: Խորհրդակցության ժամանակ էլ նա ինչ-որ բան էր ասում, բայց պատկերն անձայն էր: Է՛հ, եթե ասելիք կար, ի՞նչու խորհրդակցության պահը թողած, կաբինետային «ասելիքն» են մատուցում: Ընդհանրապես, որքան Ջաղինյանի գոյությունն է Հանրայինում անհասկանալի, թեկուզ միայն այն պատճառով, որ նա հայերեն մի հոդաբաշխ նախադասություն չի կարողանում ձեւակերպել ու բարձրաձայն ասել՝ նույնքան էլ անհասկանալի է սույն տիկնոջ գոյությունը այս կառույցում եւ այն էլ տնօրինական կարգավիճակով: Մարգարիտա Գրիգորյանը տարբեր ժամանակներում երկու անգամ «աշխատել» է մշակույթի նախարարության մամուլի բաժնում եւ երկու անգամ էլ ոչինչ չի արել. Նախ հազվադեպ էր երեւում աշխատավայրում, երկրորդ՝ ոչինչ չէր հասկանում՝ ո՞ր հարցը որ վարչության իրավասութան շրջանակում է: Իսկ աշխատանքային հիմնական «փորձառությունն» անցել է էներգետիկային նախարարությունում, որտեղ նույնպես տարիներով ոչինչ չէր անում եւ ձրի աշխատավարձ էր ստանում:

Ահա հիմա էլ նրան վստահվել է Հանրայինի տնօրինման գործը: Ի՞նչ է ասում Մարգարիտան ռեպորտաժում. «Այսօր, երբ հետհայացք ենք գցում անցած մեկ տարվա աշխատանքին, կարելի է ասել, որ իրոք այն քաղաքականություն, ռազմավարությունը, որ Հանրային հեռուստաընկերությունը որդեգրել էր՝ ունենալ առավել հարուստ մշակութային, կրթական, հայրենասիրական եւ հանրությանը առավել ճիշտ ներկայացվող հաղորդումներով հաղորդացանց, հավանաբար, կարելի է ասել, որ մենք իրոք այդ ծրագիրը իրականացնելու հիմնաքարը դրել ենք»: Այնուհետեւ շարունակում է. «Այն,որ այսօր մեր եթերում բազմաթիվ են էնպիսի հաղորդումները, որոնք իրոք գոհացնում են թեկուզեւ այն ծնողներին, ովքեր, որ թույլ են տալիս իրենց երեխաներին հեռուստացույցի առջեւ նստել, դա նշանակում է, որ մենք իրոք մի քայլ առաջ ենք: Այսօր շատ պատասխանատու պահ էր մեզ համար, հասկացանք, որ այն հիմնաքարը, որ պետք է դրվեր բոլոր ծրագրերը իրականացնելու համար, իրոք դրված է եւ այդպես է, որ մենք պետք է առաջ գնանք...Մենք անպայման պետք է ունենանք հաղորդումներ, որոնք կներկայացնեն մեր հայտնի մարդկանց, հանրաճանաչ մարդկանց, մեր մտավորականներին, հաղորդումներ մանուկների համար, հաղորդումներ պատանիների համար»-ասում է տնօրինուհին: Ինչպիսի՜ համոզվածություն: Ի՞նչ հիմնաքար են դրել: Նույն մարդիկ մի հաղորդումից հայտնվում ու մասնակցում են երկորդ ու երրորդ ծրագրերում՝ 20-40 րոպե փայլում իրենց «ա»-ախոսությամբ, ոչ մի հետաքրքիր միտք չեն արտահայտում, տափակաբանում ու դատարկախոսում են՝ փուչ թեմաների շուրջ եւ սա համարվում է «հարուստ մշակութային» կամ «հայրենասիրական»հաղորդումներով հաղորդացա՞նց: Բացի այդ, պարզվում է Հանրայինի չափանիշն այն է, որ ծնողները երեխաներին թույլ տան մոտենալ հեռուստացույցին: Ենթադրենք մոտենում են, բայց ի՞նչ են տեսնում, ձանձրալի սերիալներ /որոնց պրիմիտիվ սցենարների հեղինակները Հանրայինի թայֆայից են/ եւ Բազարային ոճի «Մի րոպե, մի բան ասեմ»-նե՞ր: Թե՞ հնդկական ոճի «Ճակատագրով կին» կամ՝ «Մեր մեջ ասած»-ի տիպի տխմարագույն հաղորդումներ: Սա հիմնաքար չէ, սա թթվի քար է՝ պսպղուն գույնով ներկած, ինչի վրա ոչինչ չի կառուցվում: «КВН»-ային մտածողությամբ եւ «ОРТ»-ից «պլեճ» անելով բովանդակալից եթեր չի ստացվում: Հանրության հոգեւոր պահանջմունքները բավարարելու համար, հեռուստալսարանին մտածելու նյութ տալու համար, հասարակության բոլոր շերտերի խնդիրները խորությամբ ներկայացնելու համար հարկավոր է ունենալ խելացի, բանիմաց, ինտելեկտուալ, բարձր ճաշակ, լայն մտահորիզոն ու աշխարհայացք ունեցող մարդկանցից բաղկացած ստեղծագործական խումբ:


Եվ ոչ թե քաղքենիների համախումբ:

 

Հեղինակ`

Մերի Նահապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին