▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակը թելադրում է, իսկ հանգամանքները ստիպում են որոշում կայացնել.Արման Խարազյան

 

Արման Խարազյանն օվկիանոսից այն կողմ՝ որպես լուրերի մեկնաբան։ Asekose.am-ը Արմանի հետ զրուցել է նոր միջավայրում հայտնվելու, աշխատանքի բարդությունների և Նոր Հայաստանի մասին:

 

-Արմա՛ն, ի՞նչը  քեզ տարավ ԱՄՆ։

Շատ ծավալուն թեմա է, եթե կարճ պատասխանեմ՝  ներքաղաքական ստեղծված իրավիճակը։ Արագ որոշում կայացրի ու եկա, տեսա, ուսումնասիրեցի: Անծանոթ երկրում «չմոլորվելու», իրականությունը սթափ գնահատելու հարցում ինձ շատ օգնեցին ընկերներս։ Տպավորություններս դրական են, կասեի՝ նաև մի քիչ երկակի․ նոր իրականությունն ինձ ասես ձեռնոց նետեց՝ փորձի՛ր, եթե կարող ես, ես էլ չհրաժարվեցի:

-Զգացվում է, որ չես վախենում արագ որոշումներ կայացնել։ Հե՞շտ ես հրաժարվում նախկիններից՝ նախկին աշխատանքից, հարաբերություններից, և ինչպե՞ս է անցնում կյանքիդ անցումային շրջանը:

Այո՛, որոշումներ արագ եմ կայացնում, բայց դրանք չմտածված որոշումներ չեն լինում։ Սովորել եմ հաշվարկել քայլերս՝ վերլուծելով այդ պահին իմ կյանքում ստեղծված իրավիճակները։ Ինչ վերաբերում է «նախկիններից» հրաժարվելուն՝ ասեմ, որ շատ գնահատում եմ կայունությունը ինչպես կյանում, այնպես էլ ցանկացած հարաբերության մեջ, բայց եթե հասունացել է պահը, երբ այդ հարաբերություններն իրենց արդեն սպառել են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, պետք է դադարեցնել՝ չխանգարելու համար միմյանց առաջ գնալ։ Եվ հետո աշխարհն այնքան արագ է տրանսֆորմացվում, որ բոլորս էլ, կարելի է ասել, մշտապես անցումային փուլում ենք ապրում, իսկ առաջ գնալու ձգտումն ու ավելի բարեկեցիկ վիճակի հասնելու նպատակը ենթադրում է նաև անցումային շրջանների հաղթահարում:

- Լրատվական մեկնաբանի առաջարկն ընդունելուց անհանգստություն կա՞ր:

- Իհարկե, քանի որ մինչ այդ ներկայացել եմ հարցազրուցային ժանրում, իսկ լրատվական մեկնաբանի աշխատանքը բոլորովին այլ է՝ պատասխանատվությունն այստեղ շատ մեծ է, բայց ես չեմ վախենում դժվարություններից, չէ որ զարգացման հեշտ ճանապարհներ կյանքում չեն լինում: Համոզված եմ, որ պատահական ևս ոչինչ կյանքում տեղի չի ունենում և այսօր գտնվում եմ այնտեղ, որտեղ պիտի լինեմ:

- Նոր միջավայրն ու նոր կարգավիճակը նաև նոր ապրելակերպ է ենթադրում: Հարմարվե՞լ ես նոր առօրյայիդ:

- Երբ հասկանում ես՝ ինչ ես անում և ինչի համար, ամեն ինչ փոխվում է: Զբաղված եմ մի աշխատանքով, որտեղ սխալվելու իրավունք պարզապես չունեմ, քանի որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում ցանկացած վրիպում կորղ է թողնել լուրջ հետևանք: Եվ հետո, ես հաշվետու եմ ոչ միայն սեփական անձիս, այլ նաև մի ամբողջ հայ համայնքի առաջ, գիտակցում եմ, թե որքան կարևոր է այն թիմը, որտեղ  աշխատում եմ, ու ինչ մեծ դերակատարում նրանք ունեն յուրաքանչյուր թողարկման կայացման գործում: Բարեբախտաբար կողքիս «Հորիզոն Հեռուստաընկերության» ողջ թիմն է, սրտացավ մարդիկ, որոնք այսօր ոչ միայն թիմակիցներ են, այլև լավ ընկերներ: Ապրելակերպում շատ բան չի փոխվել․ ժամանակն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է դնում:

- Ինչպե՞ս ինտեգրվեցիր նոր միջավայր, և արդյո՞ք նոր միջավայրն ազդում է բնավորության վրա:

Մուտքը նոր միջավայր ինձ համար լուրջ խոչընդոտներով լի չէր, ի շնորհիվ հարազատ մարդկանց, հակառակը՝ այն նոր բաներ սովորելու, ինչպես նաև մտքի ու փորձի փոխանակման լավ հնարավորություն է: Բնավորության գծերը կարծես նույնն են՝ անհամբեր, պարտաճանաչ, աշխատանքում շատ պահանջկոտ իմ և մյուսների հանդեպ, ինչը երբեմն կարող է նյարդայնացնել, բայց, միևնույն ժամանակ, նաև օգնել: Նույն կերպ գիտակցում եմ ժամանակին ասված խոսքի կարևորության արժեքը, լռելու անհրաժեշտությունը, սկզբունքներիս ու խղճիս դեմ չեմ գնում։ Կարծում եմ շատ բան չի փոխել:

- Ներկայիս աշխատանքդ ևս ստիպում է լինել լրատվական հորձանուտում, ի՞նչ կարող ես ասել «Նոր Հայաստանի» մասին:

Կարծում եմ «Նոր Հայաստանի» մասին խոսելու համար շատ վաղ է, վաղ այն առումով, որ անցումային փուլում ենք գտնվում, մարդիկ ակնկալում են արագ փոփոխություններ, բախվում են իրականության հետ, որը շատ հաճախ հիասթափեցնում է, մյուս կողմից էլ լավը տեսնելու հույսը ոմանց հասցրել է «մոլեռանդ» պաշտպանների աստիճանի։ Կարծում եմ այսօր իրականությունը սթափ գիտակցելու խնդիր կա։ Վերլուծելու, մեղադրելու համար սա կարճ ժամանակահատված է, բայց ինչպես յուրաքանչյուր հայ՝ բոլորի պես, ես էլ եմ ուզում հավատալ, որ իսկապես մի օր Նոր Հայաստան ենք ունենալու, հաստատ է։ Քաղաքականությունը փաստերի պարզ համադրությամբ գնահատելը հաճախ հանգեցնում է հիասթափության։ Չգիտեմ, գուցե դա է պատճառը, որ քաղաքականություն մտնելու ցանկություն այսքան ժամանակ դեռ չեմ ունեցել, բայց երբեք, թե որպես քաղաքացի, թե որպես լրատվական ոլորտի մարդ չեմ խուսափել բարձրաձայնել, ինչպես իմ սկզբունքների, այնպես էլ հանրությանը հուզող հարցերի մասին։ Ինչ ասեմ՝սպասենք, տեսնենք, հավատանք։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա…

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին