▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազն էժանացել է, բա տաքսի՞ն.«Ժողովուրդ»

Մոտ 10 օր առաջ Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի եզրին գործող  ավտոգազալցավորման ճնշման կայանի (ԱԳԼՃԿ) սեփականատերերը փոխվեցին: Այդ ԱԳԼՃԿ-ն  Տավուշի մարզում ավտոգազալցավորման առաջին կայանն էր, տարիներ շարունակ այն մարզում նման միակ կայանն էր: Դրա առաջ մշտապես մեքենաների երկար հերթեր էին:

Նշված ԱԳԼՃԿ-ի սեփականատերերից մեկը Տավուշի նախկին մարզպետ, այժմ քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանն էր: Պատահական չէր, որ  ավտոգազալցավորման կայանի գլխին փակցված էր ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը: Իջեւանից ստացված տեղեկություններով՝ օրերս այդ ԱԳԼՃԿ-ն  Էջմիածնից ինչ-որ գործարարներ են գնել, կայանն աշխատեցնում են աչաջրեցի տղաներ:

Նոր սեփականատերերը վաճառվող մեկ խորանարդ մետր գազի գինը 200 դրամից իջեցրել են 160-ի: Դրանից հետո Իջեւանի տարածաշրջանի բոլոր ԱԳԼՃԿ-ները ստիպված եղան իջեցնել իրենց կողմից վաճառվող գազի սակագինը եւ վաճառել դարձյալ 160 դրամով: Այս պահի դրությամբ միայն Իջեւան քաղաքի գինու, կոնյակի գործարանի հարեւանությամբ գործող  գազակայանում են բարձրացված 200 դրամով վաճառում:

Հավելենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գազի գինն այժմ 200 դրամ է: 

Զարմանալի է, որ թեեւ Իջեւանում գազի գինը նվազել է, այնուամենայնիվ, տաքսի ծառայությունների գները շարունակում են բարձրանալ: Նախկինում Իջեւանից դեպի Նոյեմբերյան քաղաք 57 կմ ճանապարհը հաղթահարելու համար իջեւանցի տաքսիստները պահանջում էին 5 հազար դրամ: Դեկտեմբերի 19-ին Իջեւանից Նոյեմբերյան  հասցնելու համար  տաքսու վարորդները պահանջում էին 6-7 հազար դրամ: Նկատենք, որ այդ տաքսիստների զգալի մասը հարկային դաշտում չի աշխատում: Բայց չնայած դրան, Տավուշի տարածքային հարկային տեսչությունն անցյալ ամիս գերակատարելով մարզից հավաքագրվող հարկերի  պլանը՝ ճանաչվել է որպես Հայաստանի լավագույն տարածքային հարկային տեսչություն:

Իհարկե, Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունեցող մարզում հարկերի հավաքագրման պլան կատարելը բարդ գործ է, քանզի մարզի խոշոր հարկատուները՝ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն, Դիլիջանի միջազգային դպրոցը, «Ֆլիշինը», հարկեր են մուծում Երեւանում, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչությունում: Բայց միաժամանակ տաքսու վարորդներն էլ չպետք է կարողանան օգտվել «երկրի գլուխը խառն է» իրավիճակից եւ ինքնագլուխ գների բարձրացում անեն:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին