▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանության փորձի բեմադրությունների պակաս մեր երկրում չկա.«Ժողովուրդ»

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ  մահափորձի գործով տարբեր վարկածներ են շրջում: Սկսած անհասկացվածությունից, թե ում էր ձեռնտու սպանել Սուրիկ Խաչատրյանին, կամ ինչու պետք է Խաչատրյանն իր մեքենայի կրակոցների բեմադրություն կազմակերպեր:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ տեղի ունեցած միջադեպից հետո մի շարք անձինք են հարցաքննվել: Եւ ինչպես սովորաբար արվում է նման քրեական գործերը քննելու ժամանակ, այս դեպքում եւս նախ քննիչները մահափորձ կազմակերպելու կասկածանքով առաջնային թիրախ են դարձրել մարզպետի անձնական թշնամիներին:

Եվ այսպես, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանից փորձանմուշներ են վերցվել՝ պարզելու համար՝ դեպքի օրը նա զենք գործածե՞լ է, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ 2013 հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրները զինված գնացել էին մարզպետի տուն, որտեղ ինքնապաշտպանության անվան տակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը: Այս երկու ընտանիքների միջեւ առկա հակամարտությունը դեռ չի ավարտվել, դրա համար էլ հենց առաջիններից մեկի՝ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր, ՀՀ ՊՆ N զորամասերի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ են փորձաքննություն նշանակել՝ կասկածելով, որ միգուցե Արտակ Բուդաղյանը եղբոր վրեժն է փորձել լուծել՝ Խաչատրյանին սպանելով: Բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչու է նա այսքան ուշ լուծում այդ վրեժը. չէ՞ որ դեպքից անցել է գրեթե երկու տարի, եւ ինչպես ասում են, վերքը թարմ չէ:

Ինչեւէ, մարզպետ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելու կասկածանքով հարցաքննվել է նաեւ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը: ՀՀ ոստիկանությունը նրան հարցաքննության է հրավիրել՝ հիմք ընդունելով վերջինիս հայտարարությունը, որը նա արել էր այս տարվա մայիսի 2-ին՝ ասելով. «Խելքդ հավաքի, Լիսկա՛: Ես ուզում եմ Սուրիկ Խաչատրյանին վերջին անգամ զգուշացնել, որ եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ եւ համարժեք»: Չի բացառվում՝ նա արդեն իր համար համոզվել է, որ իսկապես Խաչատրյանն ու իր որդին կապ ունեն աչքի տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած Հարություն Զաքարյանի ծեծի հետ, դրա համար էլ «համարժեք» գործի է անցել: Բայց արդյո՞ք նա է այդքան անհաջող կրակել Խաչատրյանի մեքենայի վրա 10 րոպե շարունակ՝ չկարողանալով որեւէ վնաս տալ մարզպետին: Սա դեռ հարց է, որ պետք է պարզել:

Բայց միաժամանակ չմոռանանք, որ Խաչատրյաններից տուժածների թիվը շատ մեծ է: Ի վերջո, գրեթե մի ողջ մարզ: Չի բացառվում, որ ընդհանրապես մի երրորդ մարդ է կրակել Խաչատրյանի մեքենայի վրա: Թեեւ մյուս կողմից երեկ ՀՀ Ազգային ժողովում, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների շրջանում, շարունակում էին քննարկել վարկածը, որ Սուրիկ Խաչատրյանն ինքն է իր դեմ մահափորձ բեմադրել: 

Հայաստանի քաղաքական դաշտում սա միակ նման բեմադրությունը չէ: 1998թ. հունվարի 18-ին մահափորձ էր իրականացվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Զազարյանի՝ Բուդոյի նկատմամբ: Նա եւս չէր տուժել: Հիշեցնենք, որ առաջին նախագահի հրաժարականից հետո նա հեռացել էր Հայաստանից, իսկ, ահա, ավելի ուշ իշխանությունները հետախուզում էին հայտարարել Բուդոյի նկատմամբ, քանի որ հաստատվել էր վարկածը, որ Ղազարյանն ինքն է բեմադրել մահափորձը՝ քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար:

1998 թ. հունվարի 21-ին էլ մահափորձ էր իրականացվել գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի նկատմամբ, որը եւս համարում էին բեմադրություն, բայց կատարվածից մեկ տարի անց նրան գտան սպանված, ինչը մեկնաբանվեց որպես ինքնասպանություն, եւ «թեման փակվեց»:

Նմանօրինակ մահափորձի եւս մեկ վարկածն էլ կապված է ԱԺ նախկին պատգամավոր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: 1996 թվականին պայթեցրել էին նրա մեքենան: Դարձյալ որեւէ մեկը չէր տուժել: Բայց Հայրապետյանը Հայաստանից հեռացել էր եւ վերադարձավ միայն իշխանափոխությունից հետո: Այդ օրերին դեռ վարկածներ կային, որ պայթյունը եւս բեմադրություն էր:

Մի խոսքով, սպանության փորձի բեմադրությունների կամ դրան նմանվող իրական ինքնասպանությունների պակաս մեր երկրում, ցավոք, չկա: Մնում է՝ քննիչները կարողանան գլուխ հանել ստեղծված իրավիճակից, եթե, իհարկե, չզլանան կարդալ մեր նորագույն պատմությունը՝ գոնե մամուլի արխիվում: 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին