▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի «կոզրի տուզն» ու Տեր-Պետրոսյանի թեզերը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հ1»-ի «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ փայլուն ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության բանակցությունների էությունը: 45 րոպեի ընթացքում նա ամենամատչելի, լայն հասարակության համար ընկալելի լեզվով պատմական էքսկուրս կատարեց` հակամարտության ծագման օրերից մինչեւ մեր օրեր եւ մի փոքր էլ անցավ առաջ ու ապագան նկարագրեց: Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային պլատֆորմի վրա` պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում:

Սա նշանակում է, որ այսօր Արցախի անվտանգության գոտին համարվող տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, դա կլինի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հաղթանակը, իսկ Արցախի ժողովուրդը պետք է խաղաղ, անկախ  եւ անվտանգ ապրի իր հողում, եւ դա կլինի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հաղթանակը:

Ադրբեջանի տեսանկյունից Արցախի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշման, բայց միայն Ադրբեջանի կազմում: Սա թերեւս այն է, ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը, երբ ասում է, որ «բանակցություններում կողմերը փորձում են որքան հնարավոր է շահեկան դարձնել վիճակն իրենց համար»:

Միջազգային իրավունքից շատ բան չենք հասկանում, բայց կարծես թե սույն մոտեցմամբ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայում է եւ խախտվում է երկու սկզբունքների հիման վրա հարցը լուծելու միջազգային պայմանավորվածությունը:

Առաջին նախագահը, ինչպես մի քանի շաբաթ առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ասաց, որ այս սկզբունքների հիմքով սեղանին դրված փաստաթղթի կետերի մեծ մասի շուրջ կողմերը եկել են համաձայնության, մնացել է 2-3 կետ: Նախկինում գրել ենք, որ չհամաձայնեցված կետերը վերաբերում են Արցախի կարգավիճակին, հանրաքվեի անցկացման պայմաններին եւ տարածքները վերադարձնելու ժամանակացույցին:

Ընդունված կարծիք կա, որ Տեր-Պետրոսյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման շրջանառում է, որովհետեւ դա պետք է Սերժ Սարգսյանին: Մամուլում գրում են նաեւ, որ Սարգսյանը ՀԱԿ-ին ամեն գնով խորհրդարան անցկացնելու խնդիր է դրել, որովհետեւ առաջին նախագահի թեզերը նրան պետք են:

Այս տեսակետները կարող են հիմնավորված լինել միայն մի պարագայում, եթե այդ 2-3 կետերն առաջիկայում համաձայնեցնելու հավանականություն կա, եւ Սարգսյանին պետք է հասարակությանը պատրաստել տարածքների վերադարձին: Բայց քանի որ նման հավանականությունը մինիմալ է, եթե չասենք` առհասարակ չկա, նշանակում է՝ այս ճանապարհով փորձ է արվում ընդամենը պատրանք ստեղծել, թե ՀՀ ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է խաղաղության:

Շաբաթ օրը Արցախում Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել զինծառայողների եւ նրանց ծնողների առջեւ եւ նախընտրական խաղասեղանին է նետել իր եւ իր կուսակցության`«կոզրի տուզը»: Պատերազմական երկրում դա գերագույն գլխավոր հրամանատարի տասնամյա փորձն է, հատկապես երբ այդ ընթացքում ակտիվ պատերազմական գործողություններ են եղել, որոնց հետքը դեռ շատ թարմ է մարդկանց հիշողության մեջ: Սարգսյանն իր ելույթում փորձել է առավելագույնս օգտագործել դա, նույնիսկ տարածքի կորուստը իր համար շահեկան դիրքերից է ներկայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին