▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ էր ԱԻՆ-ը խորհուրդ տալիս հակահրդեհային հսկիչ կետեր ստեղծել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը (...) շատ կարեւոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային եւ բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին»,-սա մի հատված է ԱԻ նախարարության օգոստոսի 8-ին տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նաեւ կետ առ կետ նշված են այն գործողությունները, որ խստիվ արգելվում են հրդեհավտանգ իրավիճակներում`բուսածածկ տարածքներում խարույկ վառել, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ եւ այլն:

Նույն հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:

Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ եւ մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն եւ տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին»:

Սույն հաղորդագրությունից երկու օր անց՝  օգոստոսի 10-ին հրդեհ բռնկվեց Վայոց ձորի մարզի Արտավան գյուղին հարող տարածքում, իսկ օգոստոսի 12-ից այրվում է Խոսրովի անտառը: Եվ ինչպես կանխատեսված է ԱԻՆ հաղորդագրության մեջ, հրշեջները ամբողջ ուժով կատարում են իրենց պարտականությունները, բայց զգալի արդյունք չեն գրացում, իսկ Խոսրովի անտառում հրդեհը ամեն ժամ ավելի ու ավելի է տարածվում:

Արդեն մի քանի օր է բնապահպանները հաշիվ են պահանջում ԱԻ նախարարությունից, քննադատում են կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չիրականացնելու եւ արդեն բռնկված հրդեհը մարելու համար համապատասխան տեխնիկական բազա չունենալու համար:

Նախարարության ներկայացուցիչներն իրենց հակափաստարկներն են ներկայացնում: Օրինակ, որ 14 տարվա մեջ առաջին անգամ է Հայաստանում նման  ծավալի հրդեհ արձանագրվում, Խոսրովի արգելոցի տեղանքն անանցանելի է, քամու ուղղությունը նպաստում է հրդեհի տարածմանը, հրդեհաշիջման համար նախատեսած ինքնաթիռ չկա եւ այլն:

Նախարարության արդարացումնեն ըմբռնելի են, բայցեւայնպես որոշակի հարցեր իսկապես առաջանում են:

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ԱԻՆ հաղորդագրության մեջ նշված հետեւյալ հատվածը. «Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով»:

Ո՞ւմ է ուղղված այս խորհուրդը, ո՞վ պետք է հսկիչ կետեր ստեղծեր: Ստեղծվե՞լ են արդյոք այդ կետերը, թե՞ ոչ: Կամ արդյո՞ք անցած օրերը գնահատվել են որպես առավել հրդեհավտանգ ժամանակահատված: Եվ ո՞վ պետք է գնահատեր:

Նման հաղորդագրություն տարածելու փաստն, իհարկե, դրական է եւ ցույց է տալիս, որ ԱԻՆ-ում համենայնդեպս քնած չեն եւ մոտավորապես կասկածում էին, որ հնարավոր են նման զարգացումներ: Բայց կարծես թե հաղորդագրությունով էլ ամեն ինչ ավարտվել է: Որովհետեւ, վերլուծելով իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, ակնհայտ է դառնում, որ այն, ինչ գրված է, կյանքի չի կոչվել:

Նախօրեին ՌԴ-ից Հայաստան ժամանեց հրդեհաշիջման համար նախատեսված «ԻԼ-76»  ինքնաթիռը, որի անձնակազմը անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի: Նման աջակցության համար ԱԻ նախարարը ռուսաստանցի իր գործընկերոջը դիմել էր այսօր առավոտյան: Համենայնդեպս, երեկ այդ մասին խոսք չկար:

Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ նույն օրը չի կազմակերպվել այս թռիչքը: Արդյոք մասնագետները չէին կարող ժամանակին գնահատել քամու ուղղությունը, հրդեհի տարածման արագությունն ու սեփական ռեսուրսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին