Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը միշտ էլ աչքի է ընկել իր համարձակ տեսահոլովակներով, և ոչ պակաս համարձակ մտքերով և գրառումներով: Նրա համար, կարծես թե, չկան փակ թեմաներ, խոսում է այն ամենից, ինչն իրեն հուզում է: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Սուրենի հետ` պարզելու, թե ի՞նչն է այս պահին մտահոգում ներկայումս ԱՄՆ-ում հաստատված ռեժիսորին, ինչի՞ց է հիասթափվում և ինչի՞ն է նախապատրաստվում:
-Ձեր կենսագրությունից դատելով կարող ենք եզրահանգել, որ ժամանակ առ ժամանակ մեկնում եք Հայաստանից և հաստատվում այլ երկրում: Հետաքրքիր է, թե՞ ինչով եք այս պահին զբաղված ԱՄՆ-ում:
-Այս այցելությունս Լոս Անջելես ունի շատ կոնկրետ և շատ կարևոր նշանակություն: Շատ շուտով պատրաստվում եմ այստեղ նկարահանել մի կարճամետրաժ խաղարկային և փառատոնային ֆիլմ: Կարևոր նախագիծ է: Նկարահանումից հետո այն կլուսաբանվի: Բացի այդ մի քանի այլ նախագծեր էլ են քննարկվում:
-Ժամանակին էլ բնակվում էիք Իսպանիայում. այս տևական բացակայությունների պատճառը մտքերը կարգի բերե՞լն, ինչու չէ նաև նոր ստեղծագործական զարգացման հնարավորություն ունենա՞լն է, թե՞ պատճառը շատ ավելի պարզ է:
-Իսպանիա մեկնելու նպատակը 1999 թվ-ին այլ է եղել: Մեկնել էի հիմնական բնակություն հաստատելու, ուսում ստանալու և այլ պատճառներով: 2005-ին կարոտը ստիպեց վերադառնալ Հայաստան: Այդ ժամանակներից կյանքս ինքնաթիռների մեջ է անցնում. մշտական եռանկյունիս էլ Երևան-Վալենսիա-Լոս Անջելեսն է: Հայաստանից դուրս իրական ուժեր և հանգստություն եմ ստանում ստեղծագործելու համար:
-Վերջին շրջանում հայ շատ հայտնիներ են լքել Հայաստանը: Ասել, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչները հեռացել են միայն նյութական խնդիրներից ելնելով, սխալ կլինի, որովհետև նրանցից շատերն այստեղ և գնահատված էին, և պահանջարկ ունեին իրենց ոլորտում: Ըստ Ձեզ ո՞րն է նրանց արտագաղթելու իրական պատճառը:
-Իմ սուբյեկտիվ կարծիքով, Հայաստանում ստեղծագործող մարդու համար չկա ամենակարևոր երկու բաները. հանգստություն, ինչպես նաև այն, որ աշխատանքդ թե հոգեպես, թե նյութապես ռեալ կգնահատվի:
-Սովորաբար, տարբեր երկրներում բնակվող հայերը նմանություններ շատ չեն ունենում և ձեռք են բերում տվյալ երկրի բնակիչներին բնորոշ առանձնահատկություններ: Օրեր առաջ, կարծես, նման մի ակնարկ Դուք էիք արել Ձեր ֆեյսբուքյան էջում գրելով. «Շատ երկար պիտի բացատրեմ ասածս, բայց կարճ կասեմ, ով հասկանա-հասկանա… Հայաստանի հայերը շաաատ բան ունեն սովորելու Ամերիկայում ապրող հայերից»: Կբացե՞ք չակերտները և կմեկնաբանեք Ձեր գրառումը, շատերը կուզեն հասկանալ, թե ի՞նչ պետք է սովորեն:
-Դա գրելուց 100%-ով համոզված էի, որ Հայաստանում ապրող մարդիկ ճիշտ չեն հասկանա ասածիս իմաստը, այդպես էլ եղավ: Հաճույքով կբացատրեմ: Շատ օրինակներ կարող եմ բերել, բայց ամենակարևորն այն է, որ Հայաստանում ապրող մարդիկ բոլորը ներքուստ պատրաստ են միայն նախարարի, պատգամավորի կամ մինիմում օլիգարխի «պաշտոնի»: Նույն մարդիկ, երբ սկսում են ապրել հայրենիքից դուրս և, բնականաբար, գումարային խնդիրներ են ունենում, սկսում են ցանկացած աշխատանքով զբաղվել, միայն թե ապահովեն իրենց և իրենց հարազատներին:
Այդ ժամանակ հասկանում են, որ եթե պետք է, կարելի է բանվոր, հավաքարար, տաքսու վարորդ էլ լինել: Աշխատանքից ամաչել չի կարելի, ամաչել պետք է, երբ քո ընտանիքի անդամները սոված են, կամ էլ մի եվրոյանոց երշիկը խանութից գողանալով մտցնում ես ներքնաշորիդ մեջ: Ժամանակին Իսպանիայի դաշտերում մանդարիններ եմ հավաքել և հիմա էլ 14 տարի անց չեմ ամաչում դրանից: Եթե պետք լինի նորից կանեմ: Երազում եմ, որ այնպիսի օր գա, որ բոլոր հայերը հասկական, որ ՈՉ ՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՄՈԹ ՉԷ:
-Կուզեմ նաև անդրադառնալ ձեր գրառումներից ևս մեկին, որտեղ ասել էիք, որ այնքան մարդ է պատրաստ օգնել Ձեզ, որ նույնիսկ սկսում եք վախենալ: Ի՞նչ տեսակ օգնության կարիք ունեք:
-Ես այս անգամ եկել եմ Լոս Անջելես շատ կարևոր (ինձ համար) նախագիծ իրականացնելու: Աշխարհի շատ երկրներում եմ եղել, ապրել, շրջագայել, բայց ոչ մի տեղ այսպիսի վերաբերմունք չեք տեսնի: Ցանկացած հայ ուզում է ինչ-որ բանով օգտակար լինել, ինչ-որ բանով ապահովել, գործդ հեշտացնել: Այս ամենը, իհարկե, շատ հաճելի է և օգնում է աշխատանքին: Ինչ վերաբերում է գրառմանս, ապա դրա վերջը հումորային է: Գրել էի, որ վախենում եմ սովորել այս իրավիճակին, որովհետև շուտով պետք է վերադառնամ Հայաստան, որտեղ հիմնականում մտածում են` ինչ անել օգնելու փոխարեն խանգարելու մասին:
-Ձեր գրառումները գրեթե միշտ մեծ մասսայականություն են վայելում, հիշենք թեկուզ հայտնի խանութներից մեկի հանդերձարանի հետ աղմուկ բարձրացրածը… Սակայն միշտ չէ, որ դրանք միանշանակ են ընկալվում և երբեմն նաև քննադատվում են: Լինում են դեպքեր, ե՞րբ փոշմանում եք որևէ մտքի համար:
-Երբեք չեմ փոշմանում ոչ մի մտքի համար, դա ծիծաղելի կլիներ: Իսկ թե դրանք ինչ արձագանք են ունենում, ինձ համար շատ եկրորդական է: Կարևորն այն է, որ ինչ-որ բան գրելուց անկեղծ լինես, մնացածը` իմ խնդիրը չէ, հասկացող և արժանի մարդիկ հասկանում և արժանի կերպով գնահատում են ասածներդ և քայլերդ:
-Երբ որևէ խնդիր եք բարձրացնում, նշանակում է, թեկուզ այդ ձևով փորձում եք լուծում գտնել: Կա՞ն թեմաներ, որոնց ըստ Ձեզ անիմաստ է անդրադառնալը, որովհետև միևնույն է ոչինչ չի փոխվելու:
-Խնդիրների մասին խոսելով` արդեն իսկ ինչ-որ լուծում ես փորձում գտնել: Ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում:
-Ձեր աշխատանքային կենսագրությունը բավական հարուստ է. մի շարք տեսահոլավակների, սերիալների ռեժիսոր եք, հեռուստաընկերություններում աշխատել եք որպես փոխտնօրեն, գլխավոր պրոդյուսեր: Պետք է նշել, որ չնայած աշխատանքների հաջողությանը ինչ-ինչ խնդիրներից ելնելով գալիս էր մի պահը, որ դրանք այլևս շարունակական բնույթ չէին կրում: Նախագծերի կասեցումը Ձեզ հատուկ ինքնադատության պատճառով էր արվո՞ւմ, թե՞…
-Դրա պատճառը շատ պարզ է: Ես երբեք չեմ աշխատել ինչ-որ պաշտոնի, զուտ գումար աշխատելու համար: Ինձ համար, իրոք, շատ կարևոր է առաջխաղացումը և նորամուծություններն աշխատանքի մեջ: Հեշտ է նստել գրասենյակում, գոռգոռալ աջ ու ձախ, ձևականորեն ցուցադրել, որ դու շատ կարևոր աշխատանք ես կատարում և ամսվա վերջում մի կլորիկ գումար ստանալ: Հեշտ է, սակայն ինձ համար չէ, և ես դա տարիների ընթացքում ապացուցել եմ: Աշխատանքիցս պետք է հաճույք ստանամ: Երբ զգացել եմ, որ հեռուստաընկերության սեփականատերն անում է ինչ-ինչ քայլեր իր իսկ հեռուստաընկերությանն ի վնաս և գոնե կարծիքդ լսելու ցանկություն չունի, հնարավորինս արագ հրաժարվել եմ այդ աշխատանքից:
-Ամփոփելով զրույցը` կուզեի իմանալ, որպես ռեժիսոր, ով շատ աշխատանքներ է կատարել, երբեմն չեք խորհում «ի՞նչ պետք է անեք» և «ո՞ւր պետք է գնաք» հարցերի շուրջ:
-Միշտ (ժպտում է): Այս հարցի միակ և անկրկնելի պատասխանն եմ համարում այն, որ ԱՄԵՆ ՄԱՐԴ ՊԵՏՔ Է ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ` ԿՈՇԿԱԿԱՐԸ ԿՈՇՒԿ ԿԱՐԻ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ՕՐԵՆՔՆԵՐ ՄՇԱԿԻ, ՌԵԺԻՍՈՐԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ, որպեսզի մեր սիրելի Հայաստանում այս շիլափլավը վերանա և մենք ամենահզոր և երջանիկ ազգը դառնանք:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան