▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հեռուստադիտողի հարազատ թշնամին

Ավելի քան մեկ տարի շարունակ  <<Արմենիա>> հեռուստատեսությամբ ընթացող <<Հարազատ թշնամի>> սերիալը դարձել է հայ հեռուստադիտողի ամենաիսկական հարազատ թշնամին:

Ֆիլմը ծամոնի նման հա ձգում ու ձգում են ՝կրկնվող տեսարանների միջոցով, հերոսների հիշողությունների բազմակի վերարտադրությամբ, հերոսներին մի քանի անգամ հիվանդանոց գցելով ու սրա-նրա սիրտը պատվաստելով...

Արդեն սկսում ես կասկածել ՝ չլինի՞ քաղաքական պատվեր է ՝ հանրությանը զոմբիացնելու, ֆիլմային կախվածություն առաջացնելու   ու կառավարելի դարձնելու , սոցիալական ու ներքաղաքական կարեւոր խնդիրներից շեղելու  նպատակով:

Բայց հենց ֆիլմն էլ նպաստում է, որ հեռուստադիտողն ակամա ներգրավվի քաղաքականության մեջ, ու սկսի մտածել, օրինակ, թե ինչո՞ւ ֆիլմում պատեհ-անպատեհ առիթով տուրք է տրվում օտարամոլությանը, որի մի դրսեւորում նախ եւ առաջ հերոսների անունների օտարահունչ լինելն է կամ հայկական անունների օտարահունչ աղավաղումները. Մաքս, Ժեննի, Լիլի, Լյուսի, Ռենա, Սիմա, Իռեն, Էմմի, Ժակլին, Վիտյոկ /ռուսական Վիկտորի աղավաղված ձեւն էլ ֆիլմում հաճախ դառնում է Վիտուս /, Բաբի, Տանո  / այս վերջին 2 անուններն էլ իբր երեխաներին մանկատանը կնքած կեղծանուններ են, ու այդպես էլ հեռուստադիտողի համար անհայտ է մնում   երեխաների իսկական անունները /:

Նախորդ սերիալներից էլ որոշեցին <<Հենրի>> անունը ներմուծել:

Հիշեցնենք, որ <<Արմենիայի>>  նախորդ սերիալներում էլ հայերի շրջանում ոչ այնքան տարածված  արտասահմանյան անուններ էին ՝Դանա, Յանա, Գաբի: Օտարամոլությունը ֆիլմում հասել է այն աստիճանի, որ ռուսախոս թիֆլիսեցու կերպար են ներմուծել, ու նրա եւ զրուցակիցների ռուսերեն զրույցներն անգամ հայերեն չեն թարգմանվում, ինչը բացահայտ  ու անիմաստ տուրք է  ռուսամոլությանը, արհամարհանք ՝ սեփական լեզվի ու լեզվի տեսչության նկատմամբ ու շեղում ՝ ազգային արմատներից:

Ֆիլմը աբսուրդի պակաս չունի. ահավասիկ. սովորաբար նորածին երեխան մի քանի ամիս բարուրի մեջ պինդ-պինդ փաթաթված է լինում, որ ոտքերն ուղիղ լինեն, մինչդեռ այդտեղ մի քանի շաբաթականի թե օրականի կարգավիճակով երեխան արդեն <<շալվարիկ>> էր հագնում:

Ծննդաբերության օրերը մոտեցող հղին էլ հղիի նման չէր, եւ միայն այն բանից հետո, երբ համացանցում այդ առթիվ դիտողություն եղավ, մի քանի սերիա հղիին հղիի տեսքի բերին, մի քանի օր էլ <<ստիպեցին>>, որ <<փորիկը>> գաղտնի պահի մասսայական տեսարաններից ու ավելի հաճախ էկրանին հայտնվի մեջքով ՝աստիճաններով բարձրանալիս, ու <<ափալ-թափալ>>  <<քշեցին>> ծննդատուն:

Մոտ երկու տարի  ֆիլմի միջոցով բացասական արժեքներ են ներմուծվում հասարակությանը, ներկայացնելով / միգուցե ՝ <<ուսուցանելով>>/, որ հայ երիտասարդ, կրթված, բարոյական բարձր չափանիշներով կինը կարող է դառնալ իր ավարա ու շփացած, բռնակալական հակումներով ամուսնու գերին, նվաստացումներ կրի ու անընդհատ հանդուրժի նրա կոպիտ վերաբերմունքը, ու անգամ իր հոր նկատմամբ 2 անգամ մահափորձ անելուց հետո շարունակի նրան <<գլխին դրած>> պահել:Այդ նույն կերպ էլ նրա մայրն է առաջնորդվել ՝ հանցագործ ամուսնու կողմից ողջ կյանքում նվաստացումներ կրելով ու դա օրինաչափություն համարելով / իսկ ամուսնու կողմից մշտապես հնչող <<շաշ գեղացի>> արտահայտությունը խնդմնդալով ընկալել  որպես <<հաճոյախոսություն>> /:

Ու այս կերպարներով էլ նոր սերունդ է դաստիարակվում, եւ այս կարգի ֆիլմերի ազդեցության տակ արդեն փողոցում էլ ենք տեսնում, թե ինչպես է երիտասարդ ամուսինը կնոջ վրա բղավում կամ <<անզգույշ քաշքշում>>: Բարեբախտաբար, ի տարբերություն նախորդ ֆիլմերի, կանանց նկատմամբ բռնության դաժան տեսարաններ չկան, բայց կան  կնոջ նկատմամբ սեփականատիրական մոտեցման դրսեւորումներ: <<Իմ կնիկն ա, ոնց ուզեմ ՝կվարվեմ, իմ սեփականությունն ա, հարցե՞ր...>>-ցինիկաբար հայտարարում է գլխավոր հերոսը, եւ այս կերպարը ներմուծվում է հասարակություն ՝որպես բարոյական արժեք:  Բավական չէ, որ ամուսինը կնոջ նկատմամբ սեփականատիրական մոտեցում է ցուցաբերում, դեռ բանտից սպառնում է երեխան խլել ու, փաստորեն, մայրությունից զրկել . պատճառը՞՝ կինը փորձել է չներել իր հոր նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվող ամուսնուն. մինչդեռ մայրությունից կարող են զրկել  հիմնականում այն դեպքում, երբ կինն իր բարոյական հատկանիշներով իրավունք չունի երեխա դաստիարակել: Իսկ այդ երիտասարդ բռնակալին անգամ ոստիկանապետ հայրը չի փորձում  հասկացնել, որ նա իրավունք չունի նման քայլի դիմել: Ավելին ՝նա ինքն է նախահարձակ լինում ու գնում թոռանը պահանջում, հարսի ձեռքից վերցնում ու ասում ՝ <<Աղջիկ ջան, ես երեխուն վերցնում եմ ՝տանեմ, էս երեխան պետք ա մեր տանը մեծանա, թե ուզում ես ՝կարող ես հետը գալ>>: Այ քեզ բա՜ն...

Ուղղակի ցնցող է :Ֆիլմի միակ դրական հերոսը ՝ զերծ բացասական գծերից, դա նախկին գեներալ, թոշակառու Բալայանն է, որի բարի, խաղաղասեր ու արդարամիտ կերպարը լավագույնս հաջողվել է դերասան Գուժ Մանուկյանին, ով, ի տարբերություն  ոստիկանապետ <<որդու>> ու <<թոռան>> ՝ խոսում է բացարձակ գրական, մաքուր հայերենով, զերծ որեւէ ժարգոնից, իսկ <<թոռանն>> էլ ոչ թե <<որդու>>  նման խրատում է <<չափալաղով>> կամ <<այ լակոտ>> ասելով, այլ՝ բարոյախոսությամբ ու բացատրական, համոզիչ աշխատանքներով:

 

Հեղինակ`

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Աղբյուր` Ազատ Անկախ բլոգ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին