▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

91-ից բեմի վրա և կադրից դուրս եմ, բայց այսպիսի հուզմունք չեմ ունեցել. Սուրեն Թադևոսյանն իր նոր ֆիլմի մասին

Վաղը` հունիսի 17-ին, ժամը 16:00-ին Հ. Մալյանի թատրոնի դահլիճում «Ոսկե Ծիրան» 11-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունենալու «Before I Die» կարճամետրաժ ֆիլմի միջազգային պրեմիերան: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Սուրեն Թադևոսյանի հետ` ֆիլմի ստեղծման մանրամասների, ասելիքի, այն փառատոններին ներկայացնելու մասին և ոչ միայն:

-Սուրեն, ֆիլմի մասին խոսելիս նշել եք, որ այն ունի  լուրջ ասելիք, ի՞նչ եք ցանկանում փոխանցել ֆիլմը դիտողներին:

-Ֆիլմը նվիրված է մի կողմից բժիշկներին, մյուս կողմից էլ անհույս հիվանդներին: Հիմքում  բժշկի և քաղցկեղով, ՁԻԱՀ-ով հիվանդների մասին պատմություն է, իսկ զարգացումներն էլ այնպիսին են, որ բառերով նկարագրելը դժվար է, պետք է  այն դիտել: Ասելիքն էլ այն է, որ մարդ պետք է պայքարի ու չթևաթափվի: Ֆիլմի պրեմիերայից հետո ինձ շատ ավելի հեշտ կլինի խոսելը: Այն ամբողջությամբ նկարահանված է…(լռում է) երբեք չեմ դժվարացել մտքերս ձևակերպելուց, բայց այս ամենը բացատրելը դժվար է…

-Տվյալ դեպքում հանդես եք եկել նաև սցենարի հեղինակի դերում, ինչպե՞ս է ծնվել և հասունացել նման ֆիլմի ստեղծման գաղափարը:

-Դժվար հարց է, իհարկե, կարող էր հերթական մեկ այլ ֆիլմ նկարահանվել, ուղղակի պահն էր հասունացել: Շատ ծանոթներ, ընկերներ ունեմ և բժիշկների, և այն մարդկանց շրջանակներում, ովքեր, ցավոք, տառապել են նմանատիպ հիվանդություններով, ինչպես նաև ունեմ  մարդիկ, ում կորցրել եմ: Առհասարակ, շատ եմ շփվել բժիշկների հետ, նույնիսկ ֆիլմի վերջում գրել եմ, որ շատ շնորհակալ  եմ և այն նվիրվում է իմ բժիշկներին:

-Իսկ դժվար չէ՞ր Ձեր ասելիքը փոխանցել կարճամետրաժ ֆիլմի տեսքով, որտեղ հնարավորությունները գուցե ավելի սահմնափակ են, քանի որ կա նաև րոպեների խնդիր:

-Ֆիլմն իրականում շատ ծանր է, և ես չէի ուզենա, չեմ էլ պատկերացնում լիամետրաժ ֆիլմ այդպիսի ծանր թեմայով և այդ զարգացումներով: Գլխավոր նպատակն այն է, որ ֆիլմը դիտելուց  հետո մարդիկ մտածեն… Նրանք, ովքեր, փառք Աստծո, որևէ խնդիր երբեք չեն ունեցել, չեն էլ  պատկերացնում  այն բժշկի վիճակը, ով պետք է հայտնի հիվանդին, որ նրան մնացել է հաշված ամիսների կյանք, չեն հասկանա, թե տվյալ բժիշկն ինչ կարող է զգալ, չէ՞ որ նա էլ է մարդ: Համենայն դեպս, նրանցից շատերն անում են ամեն հնարավոր և անհնարինը մարդկանց օգնելու համար: Նույնիսկ ֆիլմի կարգախոսը, (թերևս համաշխարհային կայքերում, որոնցում նա գրանցված է, այդպես է նշված) այն է, թե ինչպես  է բժիշկը դառնում մարդ, այսինքն` դառնում հոգու բժիշկ: Պարզապես պետք է փորձել խնդրին հակառակ կողմից էլ նայել:

-Հետաքրքիր է, թե ինչո՞ւ  են նկարահանումները տեղի ունեցել հենց ԱՄՆ-ում:  Գուցե  պատճառն այն է, որ տեխնիկապես էր ավելի հարմա՞ր, ավելի մե՞ծ հնարավորություններ կային:

-Լավ դերասաններ այստեղ էլ կան, որևէ խնդիր այդ առումով չունենք: Ավելին` ի սկզբանե նախատեսել էինք ֆիլմն այստեղ նկարահանել, ուղղակի նախքան նկարահանումները ֆիլմի սցենարը  մի քանի մարդկանց  եմ ներկայացրել  (դրսում գտնվող ֆիլմարտադրության լուրջ մարդկանց նկատի ունեմ), ովքեր խորհուրդ են տվել ֆիլմը Հայաստանից դուրս նկարահանել: Պատճառն այն է, որ  մեր ֆիլմն ի սկզբանե իր ձևաչափով փառատոնային է, որի տևողությունն էլ 23 րոպե է, իսկ ժամանակին, լինելով փառատոնի  ժյուրիի անդամ,  գիտեմ, թե  ինչ խնդիր է, երբ ֆիլմը նայում ես լուսագրերով: Առավել ևս,  երբ  տվյալ ֆիլմն ունի լուրջ ասելիք և սցենարապես բարդ է: Մեր  դեպքում ֆիլմն անգլերենով է, իսկ եթե այստեղ նկարահանեինք այն կլիներ հայերենով: Վաղն ուղղակի հայերեն լուսագրեր կլինեն: Երկրորդ կարևոր բանն այն է, որ աշխատակազմի գրեթե կեսն ամերիկացիներ են եղել, ինչն օգնել է, քանի որ դրա շնորհիվ նաև դռներ են բացվում: Նշեմ, որ ֆիլմում նկարահանվել են մեր հայտնի և սիրված դերասանները (Ալեքսանդր Խաչատրյան, Արման Նշանյան, Ալլա Թումանյան, Խաչատուր Հունանյան, Լիլիթ Ռոմանի), ինչը հատուկ էր մտածված: Միակ օտարազգի դերասանուհին Նիկոլ Սանչեսն էր:

-Տեղյակ եմ, որ տարբեր փառատոնների եք մասնակցել, ի՞նչ արձագանքներ կան:

-Ֆիլմը դեռ նոր  է ներկայացվել  50-ից ավել միջազգային փառատոնների, որոնց պատասխանները պարզ կլինեն օգոստոս ամսին, քանի որ դրանք անցկացվում են աշնան ամիսներին: Պատասխան ենք ստացել դեռ երեք փառատոններից (Մեքսիկա, Հնդկաստան, Պերու): Ի ուրախություն ինձ` ֆիլմը հիմնական մրցութային ծրագրում է լինելու, այսինքն` հազարավոր ֆիլմերից ընտրվել և ընդգրկվել  է լավագույն տասնյակի մեջ: Մյուս պատասխաննները կլինեն ավելի ուշ, հույս ունեմ, որ լավ արձագանքներ կստանանք:

-Իսկ ի՞նչ ակնկալիք ունեք «Ոսկե Ծիրան»-ից:

«Ոսկե Ծիրան»-ի վերջնաժամկետին չեմ հասցրել ավարտել ֆիլմը, քանի որ այն նկարահանվել է ապրիլին: Մինչ մոնտաժային աշխատանքների ավարտը փառատոնի մրցույթային հատվածն արդեն մեկնարկել էր: Սակայն «Ոսկե ծիրան»-ից ֆիլմը մրցութային ծրագրից դուրս ներկայացնելու առաջարկ ստացա, ինչի համար շատ շնորհակալ և շատ ուրախ եմ: Շատ կարևոր է, որ միջազգային պրեմիերան տեղի ունենար իմ հայրենիքում, հակառակ դեպքում` այն կլիներ Հնդկաստանի փառատոնում: Մեծ ակնկալիք ունեմ վաղվա պրեմիերայից: Ինչպես նաև ուրախ եմ, որ Ալեքսանդր Խաչատրյանը և Արման Նշանյանը  պրեմիերային ներկա են լինելու:

-Վաղը Ձեզ համար պատասխանատու օր է, իսկ հուզմունք կա՞:

-Բնականաբար կա, նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ` երբ եմ այսպես հուզվել: 91-ից բեմի վրա եմ կամ կադրից դուրս եմ, բայց այսպիսի հուզմունք չի եղել, արդեն այսօրվանից լարված սպասում եմ:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին