▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրայինի արհեստանոցում

Հանրային հեռուստաընկերությունը մի հավակնոտ անունով հաղորդում ունի:

Այն կոչվում է՝ «Արվեստանոց»:

Դե, մտածում ես, երեւի, շա՜տ խորը հաղորդում է, քանի որ արվեստանոց հասկացությունը հոգեւոր տարածք է ենթադրում, որտեղ հետաքրքիր, անսպասելի մտքեր են արտահայտում, երեւույթները միանգամայն այլ՝ մեզ անծանոթ դիտանկյունից են քննում ու գնահատում:

Մեր պատկերացրած արվեստանոցում գաղափարներ են ծնվում ու մեռնում, անկեղծ ու անկաշկանդ շփումների արդյունքում զարմանալի բացահայտումներ են արվում, մթնորլոտն հագեցած է իմացականությամբ, դուրս է առօրեականությունից:

Դա մի տեսակ «ընդհատակ» է որտեղ համարձակորեն խոսում են ամեն ինչի մասին:

Իսկ ի՞նչ ենք տեսնում Հանրայինի եթերում:

«Մի մութ անկյունում նստած» է Նարեկ Դուրյանը եւ մի կես ժամ խոսում է ու խոսում՝ առնվազն մի տաս հոգանոց լսարանի առաջ:

Մինչ այդ էլ ներկայացել էր՝ «Ես ռեժիսոր եմ, դերասան եմ, մի քիչ երաժիշտ եմ, մի քիչ կոմպոզիտոր եմ, մի քիչ…»:

Անմիջապես հիշում ես Հրանտ Մաթեւոսյանի խոսքը՝ «Չէ, ախպեր ջան, շատ ես գույնզգույն, քեզանից բան դուրս չի գա»:

Բայց ի՞նչի մասին է խոսում Նարեկ Դուրյանը:

Այն էլ՝ վայ հայերենով ու ռուսերենով: «Հոգեւոր բեռ կրող» մարդը կես ժամում կարող է առնվազն երկու հրաշալի միտք արտահայտել: Այնինչ, մեր առջեւ նույն՝ «Մի րոպե մի բան ասեմ»-ի մակարդակի «բանահյուսական» մենախոսություն է:

Արանքում էլ նրան տրված պատրաստի հարցեր:

Մի խոսքով, ողորմելի մակարդակ:

Հարցին, թե ի՞նչն է Ձեզ անհանգստացնում, Դուրյանը պատասխանում է՝ «Անտարբերությունը եւ անգրագիտությունը… Էպիդեմիա ա անգրագիտությունը էսօր երեւանում»: Աստված իմ, ո՞վ է խոսում անգրագիտությունից:

Մեկը, որ իր «Մի րոպե»-անոցով նպաստում է անգրագիտության խորացմանը, քանի որ նույն եթերից ամեն օր «փողոցային-ժարգոնային» հայերենի այնպիսի «գոհարներ» է շաղ տալիս, որ նրան լսող՝ քիչ թե շատ գրագետ մարդկանց ականջները կարմրում են:

Հետո խոսում է թատրոնի ու հումորի, խելքի ու ինտելեկտի մասին. «Թատրոնը չի կարող լավը լինել, եթե ինտելեկտը մեջը պակասում ա»: Նորից ասենք՝ Աստվա՜ծ իմ… Այն անտեպրիզային ներկայացումները, որ ինքն է բեմադրել, դրանցում ինտելեկտի նշույլ չկա: Բայց հիմա Դուրյանը խոսում է թատրոնի մասին, ասում պրիմիտիվագույն բաներ, որ լսել ենք դեռ 1970-ականներին: «Աջ ձեռքով ձախ ականջը քորել» «էտը վսյո չիպուխա» եւ նման բաներ:

Պարզվում է, դժգոհ է նաեւ այսօր մատուցվող հումորից. «Մենք թոփ հումուր ունեինք, այսօր վերացել է հումորը, այսօր դարձել է չար հումոր»-ասում է Դուրյանը:

Ախր, իր ներկայացրած հումորը «Ոզնիների», Աշոտ Ղազարյանի, КВН-ի՝ դարն ապրած հումորի խառնուրդ է, որ բղավոցով մատուցում է: Հետո անցնում է իր դրամատուրգիային ու դրա հիման վրա արած ներկայացումներին. «Ամենալավ բաները ես գրել եմ անոթի ժամանակ…ամեն ինչ ես եմ գրում, պիեսը, երգը, երաժշտությունը, ամեն ինչ…ուրեմն իմ խելքի բջիջը լավ է աշխատում, չէ՞, էս բջիջները միացած իրար ահագին փող ա անում»-հպարտությամբ ասում է Դուրյանը: Եվ անառարկելի տոնով ավելացնում. «Ես կատեգորիկ դեմ եմ, որ թատրոնը դաստիարակչական միսիա ունի»: Եթե մարդը 30 տարի Փարիզում է ապրել, բայց ինչպես պնդում են տեղյակները, այնտեղ միայն «կաֆեներում է ներկայացումներ խաղացել»՝ մի՞թե այլ կերպ կարող է հասկանալ թատրոնի առաքելությունը: Դե, հիմա էլ վերադարձել է հայրենիք՝ եթերում ու դահլիճներում «գռդոն» անելու: Բայց խոսում է ինտելեկտից ու անգրագիտության համար մտահոգություն է հայտնում /ինքն էլ եդվյալ «ա»-ախոս/: Ի՞նչ ասենք, սա Հանրայինն է, որտեղ այսպիսի հաղորդումներ են պատրաստում, ուր գոնե մի կարեւոր ու հետաքրքիր միտք չի հնչում: Ի՞նչ արվեստանոց: Սա իսկական արհեստանոց է:

 

Հեղինակ`

Մերի Նահապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին