▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե որքանո՞վ շահեց Տանոյի՝ Արսենի մարմնավորումը, երևի հանդիսատեսի կարծիքից արդեն գիտեք. Նարեկ Ներսիսյան

Նարեկ Ներսիսյանը, հայ հանդիսատեսին առավել հայտնի դարձավ «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվելով, միանգամից արժանացավ երիտասարդ աղջիկների համակրանքին, կանանց շրջանում սիրվեց իր խելացի ու հասկացող կերպարի համար, իսկ ոմանց կողմից  էլ արժանացավ քննադատությունների ֆիլմերից մեկում մերկ նկարահանվելու համար: Որոշելով թողնել հայաստանյան իր գործունեությունը՝ այսօր նա արդեն ԱՄՆ-ում է, որտեղ փորձում է էլ ավելի կատարելագործել իր գիտելիքները և կրկին նկարահանվում է հայկական արտադրության սերիալում: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ՝ Գերմանիայից ԱՄՆ տեղափոխվելու, ֆիլմում մերկ նկարահանվելու որոշման, իր հասցեին հնչող քննադատությունների, հայտնի Ներսիսյան ընտանիքի հետ շփման եզրեր գտնելու, և, վերջապես, իր սիրտն ազատ լինելու մասին:

 

-Նարեկ, Հայաստանից մեկնելուց առաջ Ձեր հարցազրույցներում նշում էիք, որ Գերմանիա եք մեկնում մի առաջարկի հետևից, որն ընդհանրապես կապ չունի դերասանության հետ և ստիպված էիք ընդունել այն: Սակայն այս պահին ապրումսովորում և գործունեություն եք ծավալում ԱՄՆ-ում: Հետաքրքիր է, ի՞նչ փոխվեց և ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ:

-Այո, մեկնել էի Գերմանիա այլ գործով, սակայն ինձ ԱՄՆ բերեց «OCEAN'S 12» ֆիլմի տնօրենը, երբ նա խորհուրդ տվեց փորձել ԱՄՆ-ի տարբերակը:

-Կարծիք կա, որ վերջին շրջանում հայ երիտասարդ դերասաններից շատերը հաստատվում են ԱՄՆ-ում համաշխարհային կինոարտադրություն մուտք գործելու համար: Դուք նման մտադրություն ունեք, թե՞ դա իրատեսական չէ և կբավարավեք միայն ուսումն էլ ավելի կատարելագործելով և նկարահանվելով տեղի հայկական արտադրության սերիալներում:

-Հոլիվուդ մուտք գործելը շատ դժվար է, որը կախված է մի շարք հնարավորությունների կիրառումից, սակայն յուրաքանչյուր դժվարություն, ինչպես գիտենք, հաղթահարելի է  և ունի իր լուծումը: Դժվար և անտեղի է այս պահին որևէ կանխատեսում անելը, բայց, անշուշտ, ամերիկյան «դպրոցում» սովորելն էական նշանակություն ունի: Չեմ շարունակելու նկարահանվել հայկական սերիալներում, քանի որ ժամանակս չի ների սովորելուն զուգահեռ:

-Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում ավարտվեց «Կտակով թագուհին» հեռուստասերիալըորտեղ մարմնավորում էիք գլխավոր դերակատարներից մեկին և որի սցենարի հեղինակը Դիանա Գրիգորյանն է, ում հետ նախկինում համագործակցել եք «Հարազատ թշնամի»  սերիալի շրջանակներում: Շատ դերասաններ նշում են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի նկարահանման հրապարակների, ստեղծագործական անձնակազմերի պրոֆեսիոնալիզմի և, առհասարակ, ռեժիսորների և սցենարիստների երևակայության տարբերություններն  ահռելի են: Դուք ինքներդ միանո՞ւմ եք այս կարծիքին և եթե այո, ապա կխնդրեի նշել անձամբ Ձեր կողմից նկատված առավելություններն ու, ինչու չէ, նաև թերությունները:

-Նայած թե որ ազգի նկարահանման հրապարակի և սցենարիստների երևակայության տարբերության մասին ենք խոսում: Եթե համեմատենք հայ և ամերիկյան նկարահանման աշխատելաոճը, ապա, իհարկե, անհամեմատելի է, կարելի է նույնիսկ չքննարկել: Իսկ հայաստանյան և ամերիկահայ սերիալային արտադրությունը նկատելի տարբերություն չունի, քանզի աշխատում են հայերը: Նույն թերություններն ու առավելությունները կան. օբյեկտիվ և զանազան պատճառներով Հայաստանում նույնիսկ նկարահանումներն ավելի արագ էին ընթանում:

-Սերիալում նկարահանվում էիք այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ալլա Թումանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Լևոն Շառաֆյանը, Ալիս Կապլանջյանը և այլք: Խաղալով նրանց հետ` արդյո՞ք որևէ դժվարությունների հանդիպել եք նկարահանման հրապարակում` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձը և, միգուցե, բծախնդիր բնավորությունը:

-Ես հպարտ և ուրախ եմ, որ  խաղացել եմ նշված անձանց հետ և պետք է նշեմ, որ ոչ մի բարդության չեմ հանդիպել: Բոլորն էլ լավ անձնավորություններ են: Ուրախ էի նրանց հետ հանդես գալու համար:

-Գրեթե յուրաքանչյուր դերասան նշում է, որ իր ամենամեծ քննադատը հենց ինքն է: Դուք ո՞ւմ կարծիքի հետ եք ամենից շատ հաշվի նստում, քանի որ մեկ անգամ նշել եք, որ Ձեզ այդքան էլ հետաքրքիր չէ մարդկանց կարծիքը:

-Ես եմ իմ ամենամեծ քննադատը: Եթե անկեղծ լինեմ, ապա ես ինձ էկրանին չեմ սիրում, ավելին, չեմ էլ դիտում իմ խաղը: Այդ առումով շատ օբյեկտիվ եմ և իմ արածը չեմ մեծացնում: Տարբեր կարծիքներ կան իմ խաղի մասին, սակայն կարող եմ հավատացնել, որ ինքս շատ հստակ գիտեմ՝ որտեղ ինչ եմ անում և,  ինչու ոչ, ինչքան եմ անում:

Հարազատ թշնամի»  սերիալն այսօր էլ առանց Ձեզ շարունակվում է: Չեք կարծում, որ Հայաստանը  լքելու որոշմամբ  փաստի առաջ էիք կանգնեցրել ստեղծագործական թիմին: Ինչպես նաև կուզեի իմանալարդյո՞ք օվկիանոսից այն կողմ հետևում եք դրա ընթացքին:

-Չեմ կարծում, որ թիմը մեծ փաստի առջև կանգնեց, քանի որ ինչպես տեսնում եք սերիալը եթերում է և այն շարունակում է հանդիսատեսին գամած պահել հեռուստաէկրանների առաջ: Հայաստանում վաղուց գործում է մի օրենք, այն է. «Անփոխարինելի մարդիկ չկան»: Տվյալ խնդիրը շատ հեշտ լուծում ուներ: Երբեմն հետևում եմ սերիալին, բայց ամբողջությամբ չեմ հասցնում դիտել: Զավեշտալին այն է, որ Գլենդելի հայերը երբեմն փողոցում մոտենում են ինձ և սկսում են պատմել, թե ինչ տեղի ունեցավ սերիալի վերջին սերիաներում:

-Սերիալում Ձեզ փոխարինած Արսեն Լևոնյանի առաջին պահանջն  այն էր, որ Ձեր մարմնավորած Տանոյի կերպարը պետք է կտրուկ փոփոխվեր, այլապես` նա չէր համաձայնվի նկարահանվել: Տանոն վերածվեց կոպիտ, ինչ-որ մի տեղ սառնասիրտ մարդու` միաժամանակ պահպանելով իրեն հատուկ բարությունը: Համաձայն էիք այս որոշման հետ և ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված Արսեն Լևոնյանի նման դիրքորոշումը:

-Դե Արսենն իր մոտեցումն ու իր նախընտրած ձևը առաջ բերեց, որը իրեն է հատուկ: Ես խաղում էի իմ տեսակով: Իսկ թե որքանո՞վ շահեց Տանոյի՝ Արսենի մարմնավորումը, հանդիսատեսի կարծիքներից արդեն գիտեք երևի թե:  

Ես առանձնակի ուրախությամբ չեմ վազում մերկ դերերի հետևից»,- սրանք ձեր խոսքերն են, որոնք նշել եք` խոսելով «Ռոմանտիկները» ֆիլմի մասին, որտեղ, ի դեպ` տեսարաններից մեկում նկարահանվել եք մերկ: Նշել եք, որ եթե ֆիլմն արժանի լինի, ապա անպայման կանեք դա: Նման ռիսկային տեսարանում նկարահանվել եք, որովհետև կրկին հասարակության կարծիքը Ձեզ չէր հետաքրքրո՞ւմ, թե՞ միևնույն է լքելու էիք Հայաստանը և Ձեզ քննարկող միջավայրն էլ համապատասխանաբար փոխվելու էր (թեև կրկին ապրում եք հայաշատ քաղաքում, բայց այնուամենայնիվ, դա Հայաստանը չէ):

-«Ռոմանտիկներ» ֆիլմում մերկ հանդես գալը, ինչպես ասել եմ սրանից առաջ, իմ գիտակցված որոշումն էր: Ես իսկապես հաշվի չեմ առել ոչ մի կարծիք: Նախ կարծիքները շատ տարբեր են, ուստի չես կարող բոլորին հետևել և հետո՝ ո՞ւմ կարծիքին հետևել և ինչո՞ւ. եթե իմ կերպարը «կտավի» կարևոր մի մաս է, և «նկարիչը», այս դեպքում՝ ռեժիսորը, սցենարիստները, այդպես են կերտել այն, և ես ոչ մի խմդիր չեմ տեսնում, քանի որիմ կերպարն ինձ դեռ շատ վաղուց էր դուր եկել: Ի վերջո, եթե «ՀԱՅԱԿ»-ի ժյուրին ավելի օբյեկտիվ գտնվեր, ապա «Ռոմանտիկներ» ֆիլմն ավելի շատ մրցանակների կարժանանար, բայց եղածն էլ արդեն վառ ապացույց է, որ հայ կինոյի պատմության մեջ այս նորությունը չէր կարող պարզապես շրջանցվել ու չգնահատվել: Ի վերջո, ես ունեցա այն,  ինչ ինձ որպես դերասանի շահեկան էր:  

-Բավական համարձակ եք արտահայտվել տվյալ ֆիլմի մասին հնչող քննադատությունների վերաբերյալ` (Ն.Ն. «Ֆիլմ նայելու և ֆիլմը հասկանալու համար պետք է ունենալ որոշակի զարգացվածության աստիճան և հավելեմ, որ ֆիլմում հնչած հայհոյանքների քանակով, կամ մերկ երևալու քանակով ընդհանրապես չի որոշվում ֆիլմի արժեքը»): Խոսելով զարգացվածության մասին` չեք կարծո՞ւմ, որ ինչ-որ ձևով վիրավորում եք այն մարդկանց, ովքեր միանշանակ չեն ընդունել այդ ամենը և պարզապես իրենց կարծիքն են հայտնել ֆիլմում առկա մերկ տեսարանի և հնչող հայհոյանքների վերաբերյալ:

-Չեմ կարծում, որ այդ ասելով, վիրավորում եմ կարծիք հայտնած մարդկանց: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ֆիլմ երևույթի մասին գաղափար չունես, ավելի լավ է, կարծիքդ քեզ պահես: Եթե ֆիլմը պետք է քեզ դուր չգա միայն մերկ տեսարանի պատճառով, ուրեմն դադարիր նայել նաև արտասահմանյան յուրաքանչյուր մերկ տեսարան պարունակող ֆիլմ ու կարծիքդ պահիր քեզ համար: Առնվազն անգրագիտություն է ֆիլմին անուն կպցնել նման տեսարանի համար, իսկ անգրագետների կարծիքը չեմ կարծում, որ որևէ ուշադրության է արժանի: Ի դեպ՝ ցավում եմ, որ սովետից մացած որոշ մասնագետ կոչվողներն էլ իրենց հին ու դատարկ հայացքով չհասկացան ֆիլմը, դա իրենց խնդիրն է: Այստեղ՝ ԱՄՆ-ում, կինոմատոգրաֆիայի բավականին լուրջ դեմքեր տեսել և իրենց դրական կարծիքն են հայտնել ֆիլմի վերաբերյալ: Միայն դա ինձ բավական է  ոչ այն պատճառով, որ ամերիկացու համար նորմալ է մերկ տեսարանը, այլ այն պատճառով, որ մեծ ռեսուրսների ու գիտելիքի տեր անձնավորություններ են հավանության արժանացրել ֆիլմը:

-Մասնագիտությամբ չլինելով հումորիստ` Ձեր ներկայությամբ կարծես թե նոր շունչ հաղորդեցիք դեռ որոշ ժամանակ առաջ գործող «32 ատամ ակումբին»: Հնարավո՞ր է` կրկին ներկայանաք նմանատիպ որևէ նախագծում և, առհասարակ, ո՞ր ժանրում եք Ձեզ ավելի հարմարավետ զգում:

-Գիտեք, հումոր ներկայացնելը, այն էլ՝ բեմական հումոր, իսկապես, բարդ բան է: Ես անգամ չէի էլ մտածի, որ հանդես կգամ այդ ժանրում և այդպիսի հաջողությամբ: Այստեղ սցենարի կարևորությունն էլ կա, իհարկե: Չեմ բացառում, որ կգա օր, և ես կրկին հանդես կգամ հումորային ժանրում, քանի որ նման գաղափարի վրա ներկայումս ընկերներիս հետ աշխատում ենք:  

-Ձեր խոսքով` հարմար թեկնածուի դեպքում կկարողանաք համատեղել անձնականն ու մասնագիտական գործունեությունը: Այս պահին Ձեր սիրտը զբաղվա՞ծ է, թե` ոչ:

-Ինձ համար միշտ բարդ է եղել անձնականի ու գործնականի համատեղումը: Այժմ սիրտս ազատ է: Ես չգիտեմ՝ արդյոք, երբ գա օրը կկարողանամ համատեղել այդ երևույթները: Գործնականը շատ ժամանակ է խլում, իսկ հարաբերություններն էլ պահանջում են ժամանակի տրամադրում: Դեռ չգիտեմ:  

րույցի վերջում կուզեի անդրադառնալ նաև հայտնի Ներսիսյան ընտանիքի և Ձեր միջև եղած բոլոր խոսակցություններին: Սերիալում հայտնվելուց և ճանաչում ձեռք  բերելուց հետո խոստովանել էիք, որ դեռ մանկուց որևէ առնչություն չեք ունեցել նրանց հետ: Այսօր Ձեր հարաբերություններում որևէ՞ փոփոխություն նկատվել է, միմյանց հետ շփման եզրեր գտնելու փորձեր կատարե՞լ եք:

-Ես շատ հպարտ եմ, որ Ներսիսյան ազգանվան իրավահաջորդն եմ: Ի դեպ՝ վերջերս, ևս մեկ զարմանալի դեպք տեղի ունեցավ, երբ մի փողոցային, ով նախանձից ու պարապությունից չգիտեր՝ ում ինչպես վնասեր, սկսել էր արդեն ԱՄՆ-ում լուրեր տարածել, թե ես Բաբկեն Ներսիսյանի թոռը չեմ և կեղծ եմ ներկայանում: Այդ ժամանակ ակամայից հիշեցի Արմեն Ջիգարխանյանի խոսքերը նրա թատրոնում հանդիպման ժամանակ, երբ նման տականք հայերից զզված ասում էր. «Բալիկ ջան, մարդ էս հայերի հետ չպետք է գործ ունենա»: Փառք Աստծո, ես դեռ հիշում եմ ինձ Ժենյա տատիկիս գրկում խաղալիս: Իսկ հորեղբորս կողմի հետ, ցավոք, շփման եզրեր և պատճառներ չեմ տեսնում հենց նրա կողմից որևէ քայլ չտեսնելու պատճառով: Սակայն դա ինձ բոլորովին չի  խանգարում. ես բոլոր հայերի պես հպարտանում և հիանում եմ Բաբկեն Ներսիսյան դերասանով: Ինչ էլ լինի, նա իր ուրույն, անկրկնելի և յուրակատուկ տեսակով առանձնանում է իր սերնդակից դերասաններից:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին