▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ հերքի, որ Մերիի և Միհրանի միջև կոնֆլիկտ է եղել. Արմեն Պետրոսյանը` սերիալային սկանդալի մասին

Մերի Մակարյան և Միհրան Ծառուկյան հարաբերությունները հանրության շրջանում գրեթե միշտ եղել են ամենաքննարկվող թեմաներից մեկը: Դեռևս «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից նրանց սիրավեպ են վերագրում, որից հետո` բաժանում, իսկ որոշ ժամանակ հետո էլ` կրկին ամուսնացնում: Չնայած, որ նրանք անընդհատ հերքել են իրենց սիրավեպին վերաբերող բոլոր խոսակցությունները, այնուամենայնիվ նրանք շարունակել են աչքի ընկել իրենց ընկերական մտերիմ հարաբերություններով: Սակայն օրերս Միհրանի կողմից արված գրառումը, ըստ որի` նա իր երկրպագուների խնդրանքով հրաժարվել է նկարահանվել շուտով հեռուստաէկրաններին հայտնվող «Full House» սիտքոմում միայն այն բանի համար, որ այնտեղ իր մասնակցությունն է ունենալու նաև դերասանուհի Մերի Մակարյանը, կարծես թե վերջնականապես վերջակետ է դրել Միհրանի և Մերիի ընկերական հարաբերություններին: Այս հարցի շուրջ Asekose.am-ի թղթակիցը կապվեց սիտքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) հետ` պարզելու` իրականում ինչ է տեղի ունեցել և արդյոք այս ամենը համապատասխանում է իրականությանը:
 

Օրերս համացանցում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել նոր` «Full House» սիտքոմի վերաբերյալ երգիչ Միհրան Ծառուկյանի գրառումը, ըստ որի` նա, տեսնելով իր երկրպագուների և հեռուստադիտողի բացասական արձագանքը այն բանին, որ նա պատրաստվում է նկարահանվել տվյալ սիտքոմում դերասանուհի Մերի Մակարյանի հետ, հրաժարվել է իր մասնակցությունից: Դուք` որպես  "Full House’’-ի պրոդյուսեր, ինչպե՞ս կմեկնաբանեք տվյալ խնդիրը:

Այն, որ իրականում Միհրանը ցանկացել է հրաժարվել իր մասնակցությունից, դա փաստ է: Նշեմ, որ այն հոդվածները, ըստ որոնց` Միհրանը պայման է դրել հեռուստատեսության առջև, չեն համապատասխանում իրականությանը: Հեռուստատեսությունն անում է այն, ինչ իրեն է հարմար և այն, ինչ ծրագրին է շահավետ: Չեմ հերքի, որ եղել է կոնֆլիկտ Մերիի և Միհրանի միջև: Վերջինս, հեռուստատեսության ղեկավարությանը նկարագրելով իրավիճակը, երկրպագուների խնդրանքով ցանկացել է պարզապես հրաժարվել նկարահանումներից: Միհրան այն մարդն է, ով լսում և փորձում է իր երկրպագուներին ինչ-որ կերպ գոհացնել, ինչը բնական երևույթ է յուրաքանչյուր դերասանի համար: Կարող եմ միայն մեկ բան հստակ ասել, որ չկա այնպիսի դերասան, ով կարող է որոշում կայացնել հեռուստատեսության փոխարեն: Հեռուստատեսությունն է որոշում դերասանների հետագա անելիքը և այլն: Եթե նման բան լինի, ապա այդ մարդն այլևս ոչինչ չունի անելու տվյալ հեռուստատեսությունում:

Կրկին ըստ Միհրան Ծառուկյանի գրառման` «Արմենիա» հեռուստատեսության որոշմամբ «Full House» սիտքոմից հեռացվել ոչ թե նա, այլ` Մերի Մակարյանը: Հետաքրքիր է, արդյո՞ ք դա համապատասխանում է իրականությանը և եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված հեռուստատեսության նման որոշումը:

Ծանոթանալով գործի բնույթին` բնականաբար, մենք չէինք կարող ամեն ինչ այդպես թողնել: Եթե այստեղ կար կոնֆլիկտ, որի ժամանակը և կոպիտ ասած «հավեսը» մենք չունեինք, որոշում կայացվեց, որ տվյալ նախագծում պետք է մնա նրանցից մեկը: Խորհրդի ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշվեց, որ նախագծում իր մասնակցությունը պետք է շարունակի Միհրան Ծառուկյանը: Նշեմ, որ այս ամենի մեջ ոչ մի անձնական բան չկա: Այս որոշումն ընդունվել է կոնկրետ սիտքոմի շահերից:

Իսկ ինչպիսի՞ ն էր Մերիի աևձագանքը` կապված վերջնական որոշման հետ:

Գիտեք, բոլորը մեծ մարդիկ են և բոլորն ամեն ինչ հասկանում են: Ինձ թվում է, որ այսօր մարդ ինչ-որ մի տեղ աշխատելով պետք է հանգիստ պայմաններում լինի: Եթե իրենք երկուսն էլ ներգրաված լիենին նույն ծրագրում, ապա հաստատ նկարահանման մթնոլորտը կլիներ ոչ դրական, ինչն իր հերթին կանդրադառնար նաև դերասանական, ինչպես նաև ստեղծագործական և տեխնիկական անձնակազմի վրա: Կոնկրետ ես, եթե լինեի նրանց փոխարեն, կվարվեի այնպես, ինչպես ներկայումս իրենք են վարվում, այսինքն` Մերիի և Միհրանի նման կընդունեի և կհասկանայի ամեն ինչ:

Իսկ Մերի Մակարյանի երկրպագուներն արդյո՞ ք հնարավորություն կունենան տեսնել նրան նույն հեռուստատեսության մեկ այլ նախագծում:

Նշեմ, որ ըստ խորհրդի ժամանակ ընդունված որոշման` Մերին պետք է տեղափոխվի մեկ այլ նախագիծ, այսինքն` մենք ամեն ինչ արել ենք, որ վերջինս չզրկվի իր աշխատանքից: Ասեմ, որ Մերիի հետ մենք դեռ երկար աշխատանքներ ունենք անելու, այսինքն` այն խոսակցությունները, որ հեռուստատեության ղեկավարությունը մեկ դերասանին հեռացրել է նախագծից` թողնելով մյուսին, նման բան չկա:

Անդրադառնալով սիտքոմին` հետաքրքիր է, արդեն սկսվե՞լ են նկարահանումները և ե՞ րբ է նախատեսվում այն եթեր հեռարձակել:

Նկարահանումների մեկնարկը տրվելու է սեպտեմբերի 19-ին, իսկ արդեն վերջնական տարբերակը նախատեսվում է եթեր հեռարձակել հոկտեմբեր 4-ից ամեն շաբաթ և կիրակի օրերին: Նշեմ, որ բացի Միհրանից հեռուստադիտողները հնարավորություն կունենան գնահատելու նաև Գրիգոր Դանիելյանի,  Անի Երանյանի, Արփինե Գաբրիելյանի, Մարջան Ավետիսյանի և այլ հայտնիների դերասանական խաղը:

Իսկ արդյո՞ ք դուք ինքներդ մասնակացություն կունենաք սիտքոմում:

Կոնկրետ այստեղ ես դերասանական մասնակցություն չունեմ, ես հանդիսանում եմ այս նախագծի պրոդյուսերը:

Տեղեկացնենք, որ տվյալ հարցի շուրջ Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել նաև այս ամենի անմիջական մասնակիցների հետ: Նշենք, որ դերասանուհու հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել` հեռախոսահամարի անջատված լինելու պատճառով, իսկ Միհրան Ծառուկյանը պարզապես հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ` ասելով, որ անիմաստ է համարում շարունակել այս խոսակցությունները:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին