▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմահարդարման կանոններ` Մարինա Ստեփանյանից

Դիմահարդարումը կարող է իսկական հրաշքներ գործել` իսպառ թաքցնելով դեմքի վրա եղած, նույնիսկ սարսափելի թերությունները: Ճիշտ դիմահարդարման դեպքում կոսմետիկան կարող է ընդգծել կնոջ գեղեցկությունը: Դիմահարդարումը արհեստ է և արվեստ: Մի քանի ժամով փոփոխվելու, իրականությունը հաղթահարելով խաբկանք ստեղծելու հնարավորության  և դա իրագործելու մասին  Asekose.am-ի թղթակիցը խոսեց դիմահարդար Մարինա Ստեփանյանի հետ:

«Գեղեցիկ հարդարված աչքերը ամենապարզ ու արդյունավետ միջոցն են շրջապատողների մոտ տպավորություն թողնելու: Բայց դրա համար պետք է ճիշտ ընտրել գույնը, ոճը և տեխնիկան:

 Հիմնական սկզբունքները.

Աչքերի հարդարումը կարող է լինել երեկոյան, առօրյա, ամբողջական կամ մասնակի: Ամբողջական հարդարման ժամանակ կոսմետիկ միջոցները քսվում են աչքերի ամբողջ հատվածում' հոնքերից մինչև աչքատակերը: Իսկ մասնակի հարդարման ժամանակ կարող են ներկված լինել միայն թարթիչները կամ մեկ ուրիշ հատված: Ամենակարևորը` գոյություն չունեն հստակ կանոններ, թե ստվերաներկի ինչպիսի երանգներ և թարթչաներկի ինչպիսի գույներ պետք է օգտագործել:

Մինչ հարդարումը.

Նախևառաջ հարկավոր է մաքրել և խոնավացնել աչքերի շուրջ մաշկը: Եթե կոպերի համար հատուկ քսուք եք օգտագործում, ապա այն պետք է քսել դիմահարդարումից 10-15 րոպե առաջ:


Թարթիչներին անգույն դիմափոշի քսեք.

 Աչքերի ծայրերին և տակը մի փոքր բացացնող քսուք քսեք, որպեսզի մաշկի մգությունն անցնի:

 

4 քայլ' գեղեցիկ հարդարված աչքեր ունենալու համար.


ՀոնքերըՀոնքերը սանրեք հատուկ սանրով, եթե շատ խիտ են, ապա մի փոքր գել քսեք: Մատիտով հոնքերը ներկեք մեկ օր առաջ:

Կոպերը. Եթե կրեմանման ստվերաներկեր եք քսում կոպերին, ապա սահմանափակվեք մի երանգով: Բազմագույն ստվերաներկերն այնքան էլ գեղեցիկ չեն նայվի: Կրեմանման ստվերաներկերն ավելի լավ կանեք մատով քսեք. ավելի հավասարաչափ և գեղեցիկ կստացվի:

Չոր ստվերաներկերով ամեն ինչ ավելի հեշտ է: Դրանք քսում ենք թարթիչների երկարության գծով: Եթե պետք է, շարունակեք մինչև ունքերը բարձրացնել ստվերաներկը: Աչքի ներքևի շերտին մատիտ պետք է քսեք միայն այն ժամանակ, երբ ստվերաներկի հետ կապված դիմահարդարումն ավարտել եք:

 Աչքերի ընդգծում մատիտովԵթե դուք մատիտ եք քսում և ներքևի, և վերևի հատվածում, ապա միշտ սկսեք ներքևի գծից. այդպես շատ ավելի հարմար է: Ներքևի գծի համար ավելի լավ է օգտագործեք ոչ թե ջրային ներկ, այլ փափուկ մատիտ: Ներքևի կոպին մատիտը քսում են դրսից ներս սկզբունքով, իսկ վերևինի դեպքում հակառակը: Նրանք, ում աչքերի ներսի հատվածը` դեպի քիթը, մի փոքր ներքև է ուղղված, ներքևի կոպին ընդհանրապես պետք է մատիտ չքսել: Շատ փոքր աչքեր ունեցողները կամ իրար մոտ գտնվող աչքերը չարժե ընդգծել մատիտով:

 Թարթիչներ. Սկսում ենք ներքևի թարթիչներից: Սկզբում արագ և ամբողջովին քսում ենք ներքևի թարթիչները, հետո երկու անգամ նորից ամրացնում ենք թարթիչաներկը այնտեղ, որտեղ թարթիչներն ավելի մոտ են քթին: Թողնում ենք չորանա և նոր միայն քսում վերևի թարթիչները: Իսկ քսում ենք այսպես. սկզբում թարթչաներկով ներկում ենք միայն ծայրերը, հետո մեջտեղից բերում դեպի ծայրերը: Եթե արմատների գույնը շատ բաց է, ապա ներկեք նաև դրանք:

Ինչն է թրենդային.

 Խորհուրդ եմ տալիս երկու հիմնական ուղղություն աչքերի դիմահարդարման հարցում:

Առաջինը` «ակվա» կամ «ջրահարսի աչքեր»: Սրա հիմքում մատիտով ընդգծված կոպերն են և վառ գույների ստվերաներկերը: Բաց գույնի աչքերին ավելի համապատասխան են արծաթագույն, փիրուզագույն երանգները: Մուգ աչքերի դեպքում օգտվեք ոսկեգույն, բաց դեղձագույն երանգներից:

Երկրորդը` «մոնոխրոմ» դիմահարդարում: Սրա հիմքում պետք է լինի մեկ վառ ու արտահայտիչ գույն: Օրինակ` վառ կանաչ կամ մանուշակագույն: Ավելի արտահայտիչ դարձնելու համար կարելի է նաև թարթիչաներկ օգտագործել»:

Asekose.am-ի հետ զրույցում դիմահարդարման կանոնների ու դրանք իրագործելու տարբերակների մասին պատմեց դիմահարդար Մարինա Ստեփանյանը:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին