Life.panorama.am-ը գրում է. Շատերը, երբ էկրաններին առաջին անգամ տեսան Սարգիս Հակոբյանին, մտածեցին՝ նորեկ է, քանզի դաշտում չէին հանդիպել: Սակայն նա ոչ միայն հարուստ դերասանական փորձ ունի, այլև մասնագիտական կրթություն:
-Դուք բավական բարձր վարկանիշով սերիալներում եք միշտ հանդես գալիս: Հետաքրքիր է, սերիալը, բացի ճանաչումից, ուրիշ ի՞նչ տվեց կամ «գողացավ» ձեզանից:
-Գիտեք, որքան էլ քննադատեն, սերիալն ինձանից ոչինչ չի գողացել: Ավելի շատ վարպետություն է ավելացրել: Ճիշտ է, երբեմն սերիալների ձգձգվելը մի քիչ «բթացնում» է: Ըստ իս՝ յուրաքանչյուր դերասան, լինի միջակ, թե տաղանդավոր, եթե ժամանակ է ունենում, կարողանում է կերպար ստեղծել: Բայց շատ բարդ ու պատասխանատու է, երբ կերպար ես ստեղծում «ոտքի վրա» ու այն ընդունվում է: Սերիալը դերասանին շատ է «սրում»: Ամեն դերասան չի կարող այնտեղ հանդես գալ, որովհետև «շատ արագ է քայլում», միանգամից պետք է կողմնորոշվես՝ կերպարդ ինչպես փոխել: Սերիալն արագություն ու շարժ ունի: Դա ինձ դուր է գալիս:
-Դերասանի աշխատավարձը բավարարո՞ւմ է հոգսերը հոգալու, ապրելու համար:
-Եթե միայն թատրոնի հույսին մնաս, ապրել չես կարող: Սերիալում գոնե այնպիսի գումարներ են շրջանառվում, որոնցով կարող ես «քեզ մարդ զգալ»: Սերիալն այնքան էլ վատ բան չի: Չգիտեմ, գուցե որակի անկումից է, որ մարդիկ հաճախ քննադատում են: Շատ ժամանակ գումար տնտեսելու համար փողոցից են «դերասաններ» բերում, բայց…Իրականում սերիալը արտացոլում է մեր այսօրվա կյանքը: Պետք չէ փախչել ճշմարտությունից: Ես շատ երախտապարտ և շնորհակալ եմ մեր հայ հանդիսատեսին ու հեռուստադիտողին: Երբ քեզանից որևէ բան ես ներկայացնում, մարդիկ գնահատում են: Դա վերաբերմունքից զգացվում է: Նա, ով ասում է, թե հանդիսատեսը չի գնահատում, պետք է խնդրեմ, որ սխալն իր մեջ փնտրի: Ժողովուրդը երբեք չի սխալվում:
-Սարգիս, որքանով որ հետևել եմ, բոլոր սերիալներում Ձեր կերպարներն էմոցիոնալ են: Դա Ձեր բնո՞ւյթն է, որը փոխանցում եք կերպարին:
-Ես էլ եմ կարծում, որ իմ բնույթից է այդպես (ծիծաղում է): Իսկապես, էմոցիոնալ խառնվածք ունեմ, չեմ կարող իսպառ «ոչնչացնել» իմ մեջ: Մեծամասամբ, ոչ թե ես եմ կերպարն ինձ վրա «հագցնում», այլ ինքս եմ մտնում այդ կերպարի մեջ, աճում եմ դեպի կերպարը:
-Էմոցիոնալ լինելը իրական կյանքում չի՞ խանգարում, նույնիսկ վտանգավոր չի՞ դառնում:
-Ընդհանրապես, կյանքում էմոցիային տրվելը վտանգավոր է: Կարող է պահի տակ այնպիսի քայլ անես, որի համար ողջ կյանքում կզղջաս: Ինձ հետ նման բան պատահել է…Բայց ոչինչ չես կարող անել, եթե դա քո խառնվածքն է: Ես ձևը կարծեք թե գտել եմ: Եթե տեսնում եմ գիտակցությունս հետ է մղվել և հույզերս են խոսում, լռում եմ, խուսափում, մինչև հանգստանամ ու լուրջ դատեմ: Այնպես չի, իհարկե, որ շատ փոքր բաներից բռնկվում եմ, բայց,ամեն դեպքում, փորձում եմ պայքարել դրա դեմ:
-Ամուսնացա՞ծ եք, ընտանիք, բալիկներ ունե՞ք:
-Ինձ մոտ կյանքի այդ փուլը մի քիչ խառն է, չի ստացվել: Բալիկներ ունեմ՝ տղա և աղջիկ, բայց ընտանիք չունեմ: Տղաս փոքր է, աղջիկս՝ ուսանողուհի դառնալու շեմին:
-Փաստորեն, ինչպես սերիալում բարդություններ ունեք անձնական կյանքում, այնպես էլ իրականության մեջ, այո՞:
-Դե, այսօրվա լեզվով ասած՝ սերիալն «օնլայն» տարբերակով է գնում: Չգիտեմ, ինչպես է ստացվում, որ այն ամենը, ինն իմ կյանքում լինում է, դերերիս միջոցով վերարտադրվում է (ծիծաղում է):
-Իսկ մտածո՞ւմ եք նոր ընտանիք կազմելու մասին:
-Ոչ, չեմ ուզում, արդեն բավական է:
-Ինչո՞ւ:
-Պետք չէ, որ մարդը կյանքում մի քանի անգամ սխալվի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում