▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են մարդիկ ասում, որ գովազդները զզվացնում են....

Ինչու՞ են մարդիկ ասում, որ գովազդները զզվացնում են: Որքանո՞վ է ճիշտ այօրվա ցուցադրվող գովազդների նպատակայնությունն ու ի՞նչ հետևանքներ կթողնեն արտարժույթի տատանումներն այս ոլորտում: Asekose.am-ի զրույցը  Ռուսաստանի Դաշնության PR Ասոցիացիայի խորհրդի անդամ, PR մասնագետ՝ Արման Խարազյանի հետ:

-         Այսօր շատ հայտնի ընկերություններ հետևելով միմյանց օրինակին իրենց գովազդները ներկայացնում են որպես արվեստի գործեր: Կապու ՞ մ է այսօր գովազդին ինչ-որ ընդհանուր բան արվեստի հետ: 

-         Մենք անընդհատ դիտում ենք գովազդներ և դա բնական է: Որքան էլ, որ տարօրինակ կթվա, բայց գովազդն այսօր մեր կյանքի մի մասն է կազմում և այն ամենուր մեզ հետ է անկախ մեր կամքից: Իսկ արվեստը միշտ էլ եղել է ու կմնա գովազդի անբաժանելի մասը, քանի որ գնորդին առաջին հերթին հարկավոր է հմայել ու հետաքրքրել: Արվեստը դա հենց այն է, ինչը գովազդը դարձնում է եզակի, իսկ եզակիությունն ապահովում է շուկայի պահանջարկը: Բայց սխալ կլինի մտածել, որ արվեստը գովազդում ներկայացվող հիմնական տարրն է: Այսօր հզոր մտքի ու գաղափարի ժամանակաշրջան է ու կարևոր է հիշել, որ գովազդում արվեստը չի կարող լինել ինքնանպատակ, դա ընդամենը կիրառվող տարրերից մեկն է, սակայն, ինչ խոսք, արդյունավետ:  

- Որքանո ՞ վ է ճիշտ գովազդի կիրառումը ճգնաժամային իրավիճակներում՝ գնահատելով ներկայիս ֆինանսատնտեսական պայմանները:  

- Գովազդը հանդիսանում է վաճառքների իրականացման ու զարգացման կարևոր գործիք, և նույնիսկ ճգնաժամը չի կարող փոխել այս հանգամանքը: Ցանկացած իրավիճակներում և պայմաններում գովազդային ճիշտ քաղաքականությունը հանգեցնում է վաճառքների աճի: Սակայն հաշվի առնելով արտարժույթի շոշափելի տատանումների անկանխատեսելիությունն ու ներկայիս իրավիճակը, իհարկե գովազդային հիմնական քաղաքականությունը կենթարկվի որոշ փոփոխությունների` պայմանավորված լինելով ընկերության միջոցների ու գովազդային բյուջեի ավելի ռացիոնալ բաշխման նպատակով: Նման օպտիմալացման գործընթացները մեր իրականության մեջ, ըստ երևույթի, տեղի կունենան շատ շուտով բազմաթիվ ընկերություններում` անկախ  գործունեության ոլորտից:

- Կարծիք կա, որ Հայաստանում քիչ է լավ գովազդը, քանի որ Հայաստանի արդյունաբերությունը դեռ չի գտել իր ուրույն դեմքն ու բնույթը, որը մեզ կտարբերակի մյուս երկրներից:  Ի՞նչ կարծիք ունեք հայկակակ գովազդների մասին: 

- Ճիշտն ասած չեմ կենտրոնանում այս կամ այն կատարված վատ աշխատանքի վրա ու չեմ էլ քննադատում՝ դա պարզապես իմ գործը չէ: Սովորաբար չեմ էլ հասցնում հետևել ցուցադրվող բոլոր գովազդներին: Ես զբաղվում եմ իմ աշխատանքով և ուրախ եմ, որ այն նկատվում ու գնահատվում է մարդկանց կողմից: Ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային շուկայում կան և ստացված, և չստացված գովազդներ:  Դա նորմալ է, բայց ասեմ, որ ունենք գովազդներ, որոնք կրում են իրենց մեջ այն հիմնական ասելիքը, որը նպատակային է եղել այն ստեղծելիս: Այդքան էլ համաձայն չեմ, որ գովազդը պարտադրաբար պետք է արտահայտի ազգային առանձնահատկություններ, որ տարբերակի մեզ մյուս երկրներից: Գովազդները սովորաբար ստեղծվում են մանրամասն ուսումնասիրելով  հաճախորդի պահանջներն ու ցանկությունները: Պրոֆեսիոնալ թիմը կարող է ստեղծել գովազդային ցանկացած արշավ, բայց եթե այս կամ այն գովազդը չի ստացվել կամ ժողովրդական լեզվով ասած <<զզվացնումա>>, դա հիմնական դեպքերում պատվիրատուի և իհարկե նաև ոչ պրոֆեսիոնալ թմի մեղավորությունն է լինում:

- Ո՞ր երկիրն է առավել առաջատար, ըստ Ձեզ,  այս ոլորտում:

- Եթե նայենք աշխարհագրական տեսանկյունից, ապա օրինակ՝ Սան Ֆրանցիսկոն, Լոնդոնը և Տոկիոն լավագույն գովազդ արտադրողների ցանկի բարձր հորիզոնականներում են, ինչպես նաև Սան Պաուլոն, Սինգապուրը, Բեռլինը, Մոսկվան և Մանիլան:  Բայց ասեմ, որ հետաքրքիր գաղափարներ ու մտքեր կարող են հայտնվել աշխարհի ցանկացած վայրում՝ անկախ ամեն ինչից: Այսօր համացանցը հնարավորություն է տալիս համախմբելու տարբեր երկրների մարդկանց՝ անտեսելով սահմանները, և այդ հնարավորությունները նույնքան ուժեղ են, որքան իրական կյանքում: 

- Բավարարու՞մ է Ձեզ արդյոք ժամանակը ինքնազարգացման համար:

- Ինքնազարգացումը ցանկացած աշխատանքում հաջողության գրավականն է: Այն առաջ շարժվելու կատարյալ ճանապարհ է: Հատկապես մեր ոլորտում կարևոր է, որ մարդ լինի բազմակողմանի զարգացած, գոնե նայելու համար շատ բաների այլ տեսանկյունից: Հակառակ դեպքում նայելով բազմանկյուն ինչ-որ առարկայի կտեսնես միայն այն, ինչը որ սովոր ես տեսնել՝ չտեսնելով ոչինչ: Սա է տարբերակում պրոֆեսիոնալին ոչ պրոֆեսիոնալից՝ անկախ զբաղեցրած դիրքից:

-         Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

- Ինձ շրջապատող մարդիկ և այն ամենը ինչը կապված է իմ առօրիայի հետ: Քանի որ լավ գաղափարները շատ դեպքերում լավ թիմի հաջողությունն են: Բացի այդ ինձ կարող է նաև ոգեշնչել երաժշտությունը, ֆիլմը, սպորտը և որևէ իրադարձություն, որոնք տեղի են ունենում մեր շուրջ:

-         Որո՞նք են հինգ ամենակարևոր բաները Ձեզ համար:

-Ընտանիքը, ընկերները, աշխատանքը, հանգիստը և իմ հեռախոսը:

 

 

Հեղինակ`  Անահիտ Հարությունյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին