Մամուլում հայտնվել է տեղեկատվություն, որի համաձայն` Երեւանի Արինբերդի փողոցում՝ «Մսի կոմբինատ» կոչվող տարածքում, փետրվարի 5-ին երկու կանանց միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Ըստ ականատեսների՝ Անժելա Սարգսյան անունով մի կնոջ դաժան ծեծի է ենթարկել ոմն Մարիամ:
Հատկանշականն այն, որ համացանցում այս տեղեկատվությունը տարածում է գտել «Մսի կոմբինատի մոտ ծեծի է ենթարկվել Անժելա Սարգսյանը» շփոթմունք առաջացնող վերնագրով. չէ՞ որ առաջին հերթին ընթերցողները կարող են ենթադրել, որ խոսքը դերասանուհի Անժելա Սարգսյանի մասին է, այլ` ոչ թե շարքային մեկի, ում մասին էլ պատմվում է: Թերևս, այս վերնագրով տվյալ տեղեկատվությունը տարածողները դիտումների մեծ քանակ ապահովելու ցանկություն ունեին` հաշվի չառնելով, որ շատ հաճախ ընթերցողները վերնագրից բացի ոչնչի ուշադրություն չեն դարձնում, ինչպես նաև անտեսել էին այն հանգամանքը, որ դիտումնաբեր վերնագիրը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել ոչ հայտնի Անժելայի հայտնի անվանակից Անժելա Սարգսյանին:
«Ո՞վ ինձ պետք է ծեծի ենթարկի և ինչո՞ւ համար»,-Asekose.am-ի թղթակցին ասաց դերասանուհի Անժելա Սարգսյանը հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծել են, որ տարածում գտած տեղեկատվությունն իր մասին է:
Մեզ հետ զրույցում Անժելան նշեց, որ հենց այս պահին «Բախտաբեր»
սերիալի նկարահանման հրապարակում է և շատ երջանիկ է.
«Երեկ էլ աղջկաս և նրա համադասարանցիների հետ մանկական սրճարանում էինք, հրաշալի ժամանակ ենք անցկացրել: Այս մասին վկայում են ֆեյսբուքում տեղադրած իմ լուսակարները: Իսկ արդեն այսօր առավոտյան ստացա անհագստացած զանգեր ընկերներիցս և հարազատներիցս, ովքեր ինձ տեղեկացրեցին համացանցում տարածում գտած լուրի մասին: Պարզապես այն տարածող մարդիկ դիմում են նման էժանագին տարբերակի և օգտագործում են իմ անունը դիտումների քանակ ապահովելու համար»,-իր խոսքը եզրափակեց Անժելան:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան