Այսօր և վաղը Երևանում նախատեսված էր հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի մենահամերգը, սակայն, համերգից րոպեներ առաջ հայտնի է դարձել, թե նրա առողջությունը կտրուկ վատացել է ու նա, ըստ կազմակերպիչների, հոսպիտալացվել է:
Ըստ տարածված հաղորդագրության` երգչուհին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ: Հայցում եմ Ձեր ներողամտությունը և խնդրում եմ այս հանգամանքին ներողամտորեն վերաբերվել՝ հասկանալով: Մեր հանդիպումն անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին նույն տոմսերով:
Ձեզ հարգող և սիրող, մեր հանդիպմանը սպասող՝ Իրինա Ալեգրովա»:
Նշենք, որ համերգի կազմակերպիչը Զառա Մխեյանն է/լուսանկարում/, ով Հայաստանում հայտնի է իբրև «FORPOSTART» ընկերության հիմնադիր տնօրեն, որը զբաղվում է համերգների ու այլ միջոցառումների կազմակերպմամբ:
Առողջություն ենք մաղթում երգչուհին ու շուտափույթ ապաքինում, սակայն ուզում ենք հիշեցնել, որ մոտ մեկ ու կես տարի առաջ Asekose.am-ը գրել էր, որ նույն Զառա Մխեյանը 2013-ի սեպտեմբերին նախատեսել էր Իրինա Ալեգրովայի համերգը՝ Թբիլիսիի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում, որը, սակայն, չեղյալ էր համարվել. պատճառների մասին հանդիսատեսի ու համերգի կազմակերպչի տեսակետները իրարից կտրուկ տարբերվում էին:
Վրացական մամուլն անդրադարձել էր այս դեպքին` նշելով, որ բավական երկար ժամանակ համերգի կազմակերպիչները տոմսերի գումարները չեն վերադարձրել դրանք գնած շատ թբիլիսցիներին, ովքեր էլ ստիպված բողոքով դիմում էին լրագրողներին ու նույնիսկ պատրասվում էին ոստիկանություն դիմել:
Այդ հարցով Թբիլիսիում ապրող հայերը դիմել էին նաև Asekose.am-ի խմբագրություն և խնդրի վերաբերյալ մեր կայքում հրապարակված հոդվածի ներքո «Forpostar» ընկերության անունից «սպառնալից» մեկնաբանություն էին թողել ՝ մեզ դասեր տալով, մեր բարձրաձայնած խնդիրը որակելով որպես «պատվեր» ու նույնիսկ խոստանալով մեզ դատի տալ:
Հետաքրքիր է, որ , թերևս, պատմությունը կրկնվում է և ակնհայտորեն, Իրինա Ալեգրովի համերգների կազմակերպման հարցում ինչ-որ բան այն չէ...
Նշենք, որ հայ հանդիսատեսներից շատերը, վրդոված Իրինա Ալեգրովայի երևանյան համերգը չեղյալ հայտարարելու փաստից, իրենց զայրույթն են արտահայտում. նրանցից մեկն, օրինակ, գրել է. «Ռուս երգչուհի Ալեգրովան ուզածի չափ արհամարեց հայ հանդիսատեսին: Իրինա Ալեգրովան իրեն իրավունք վերապահեց չեղյալ համարել երևանյան իր «համերգն» այն ժամանակ, երբ բոլորն արդեն հավաքվել էին Համալիրում»:
Հուսանք, որ հայ հանդիսատեսի հանդիպումը Իրինա Ալեգրովայի հետ, ի վերջո, կկայանա` ինչպես նշված է երգչուհու անունով կամ անունից տարածված հաղորդագրության մեջ: