Asekose.am-ի զրուցակիցը ժողովրդական և հայրենասիրական երգերի կատարող, «Գոհար» երաժշտախմբի մեներգիչ Մարգար Եղիազարյանն է, ում հետ զրուցել ենք ազգային երգի պահանջարկի, շոու բիզնեսում լինելը չկարևորելու, իր երգերից ամենապահանջվածի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Մարգար դուք մանուկ հասակից ներկայացնում եք մեր ազգային երգը: Արդեն տասը տարի պրոֆեսիոնալ բեմում եք: Ինչո՞ւ որոշեցիք հենց ժողովրդական ու հայրենասիրական ոճում հանդես գալ:
Իմ մեջ դեռ մանկուց արմատ է գցել հայկական, հայրենասիրական, ազգային երաժշտությունը: Այդ երգերն ինձ միշտ կանչում էին և ես, կարելի է ասել, լսեցի այդ կանչը: Սրա հետ մեկտեղ ես միշտ կողմ եմ նաև ժամանակակից մոտեցումներին: Չնայած ես ազգային ոճում եմ ներկայանում, երբեք դեմ չեմ եղել, որ ինձ հետ, օրինակ, նվագակցեն ժամանակակից գործիքներ:
Կոնսերվատորիայում այնուամենայնիվ ընտրեցիք դասական վոկալ բաժինը, գուցե համատեղե՞ք օպերային ու ազգային երաժշտությունը:
Այո, դասական վոկալ բաժինն եմ ավարտել, ունեմ բարձր տենոր ձայն, ընկերներս հաճախ խորհուրդ են տալիս նաև օպերային երգեր կատարել: Այնպես չէ, որ դասական երգն ինձ հոգեհարազատ չէ, պարզապես ազգայինում եմ ես ինձ ավելի շատ գտնում: Երբեմն մտածել եմ համատեղել, բայց հետո հասկացել եմ, որ չի ստացվի՝ պետք է ընտրել մեկը, հակառակ դեպքում՝ միջակություն կստացվի:
Հիմա հաճախ կարծիքներ են հնչում, որ ազգայինը, այդ թվում՝ ազգային երաժշտությունը, հետին պլան են մղվել: Դուք համաձա՞յն եք նմանատիպ կարծիքների հետ:
Ես արդեն 10-ը տարի Հայաստանի գուսանական-ժողովրդական երգի պետական անսամբլում հանդես եմ գալիս որպես մեներգիչ և 5 տարի է, ինչ «Գոհար»երաժշտախմբի մենակատարներից եմ: Երբ երգում եմ գուսանական, հայրենասիրական երգեր, հասկանում եմ, որ մարդկանց աչքերում կարոտ կա, և այն էներգիան, որ տալիս են չեմ կարողանում պահել իմ մեջ, կրկին վերադարձնում եմ հանդիսատեսին: Հենց Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր կապված են ազգային երաժշտությանը, սիրում են, պահանջում են այդ երաժշտությունը: Ես վստահ եմ, որ այդ մարդիկ էլ իրենց երեխաներին կմեծացնեն այդ ոգով: Կարծում եմ, որ մեր ազգային, ժողովրդական երաժշտության նկատմամբ երբեք հետաքրքրությունը չի կորի:
Ասում են, որ ժողովրդական երգով տեղական շոու բիզնես կոչվածում լինելը շատ դժվար է: Առհասարակ, հայկական շոու բիզնեսում հայտնվելը որքանո՞վ եք կարևորում:
Ես երբեք չեմ մտածում սահմանների մասին, որ անցնեմ կոնկրետ այս սահմանը հայտնվեմ շոու բիզնեսում կամ դրանից դուրս մնամ, ես պարզապաես իմ սիրած երաժշտությունն եմ ներկայացնում, անում եմ այն, ինչ ինձ հարազատ է, թե որտեղ կհայտնվեմ, ինձ համար կարևոր չէ: կարևորը ժողովրդի սերն ու գնահատանքն է:
Բայց այդ կերպ էլ կայանալն ու ճանաչում ձեռք բերելն է բարդ:
Իմ պարագայում ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել: Ես ոլորտում կայանալու համար հատուկ ոչինչ չեմ արել, իմ երգը ինչ որ տեղում լսել են, հավանել, հրավիրել են համերգի, հետո համերգները դարձել են շարունակական: Երբեք չեմ ձգտել դառնալ հանրաճանաչ, աստղային ձգտումներ չունեմ, ես ուղղակի իմ գործն եմ կատարում և ուզում եմ հետագայում ավելի շատ իմ գործը երևա, քան ես՝ այսօր:
Մարգար, դուք կատարում եք արդեն հայտնի ու ժողովրդի կողմից սիրված երգեր, իսկ կա՞ն հատուկ ձեզ համար գրված երգեր:
Հիմնականում կատարում եմ լսված, սիրված, ժողովրդի կողմից ընդունված ու պահանջված երգեր: Կան նաև երգեր, որոնք ինձ համար են գրվել: Վերջերս Սանկտ- Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Արթուր Գիլոյանն է ինձ համար երգ գրել, այն կոչվում է «Էրիվան», որի հիման վրա էլ նկարահանել ենք տեսահոլովակ:
Կա ձեր երգացանկում մի երգ, որ թե ձեր և թե հենց հանդիսատեսի կողմից ամենասիրելին ու ամենասպասվածն է:
Վերջին տարիներին ես հասկացա, որ կա այդպիսի երգ: Գուսան Հայկազունու «Պիտի գնանքն» է: Այս երգի և խոսքերն են հուզիչ, և մեղեդին, ինձ թվում է այս երգը կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ:
Դուք արդեն նշեցիք, որ «Գոհար» երաժշտախմբի մենակատարներից եք, ի՞նչ գործունեություն է ծավալում «Գոհար»-ն այսօր:
2010 թվականից հանդես եմ գալիս «Գոհար»-ում: Միշտ նշում եմ, որ դրսում եկեղեցին շատ մեծ դեր ունի՝ հայերին համախմբելու, կանչելու, մի գաղափարի շուրջ հավաքելու տեսանկյունից: Չեմ վախենա ասել, որ հենց եկեղեցու պես մի դեր էլ «Գոհարն» ունի հատկապես դրսի հայության համար: «Գոհարի» համերգին հայեր են գալիս, որ անգամ լեզու չգիտեն, բայց նրանք հայ երգի կարիքն ունեն: Շատ մեծ դեր ունի «Գոհար»-ը մեր կյանքում, որի մասին վստահ եմ դեռ մի քանի հարյուր տարի կխոսեն:
Իսկ ցանկություն չունե՞ք «Գոհար»-ում և Հայաստանի գուսանական-ժողովրդական երգի պետական անսամբլում ձեր կուտակած փորձը փոխանցել ավելի երիտասարդներին ու պատանիներին: Դասավանդելու ցանկություն չունեք:
Շատ կուզեի դասավանդել, բայց ժամանակս չի ներում, որովհետև առօրյաս շատ բազմազբաղ է՝ անհատական պարապմունքներ, փորձեր, ձայնագրություններ:
Առաջիկայում համերգային շրջագայություններ կա՞ն:
Հրավերները շատ են: Հրավեր ունեմ ԱՄՆ-ից՝ տաղանդավոր դաշնակահար Գեղամ Մարգարյանի հետ հայ համայնքներում հանդես գալ համերգներով: Նախատեսվում են համերգներ 15 նահանգներում, այժմ նախապատրաստվում եմ այդ համերգային շրջագայությանը:
Իսկ շա՞տ են հենց ձեր երգի սիրահարները:
Գիտեք, այսօր ես չեմ կարող 5 հազար մարդ ապահովել իմ համերգներին, բայց այն մի քանի հարյուր հոգին, որ լինում են դահլիճում, կարծես ամեն մեկը տասը հոգու տեղ կլանի, լսի իմ երգը: Այսինքն՝ քանակն ինձ այդքան էլ չի հետաքրքրում, կարևորն ինձ համար այն գողտրիկ, մտերմիկ միջավայրն է, որում անցնում են իմ համերգները:
Ազգային ու ժողովրդական երգի հայ կատարողներից ո՞ւմ արվեստն է ձեզ ամենից շատ հոգեհարազատ:
Ես ունեմ շատ ուսուցիչներ, որոնցից շատ բան եմ սովորել: Կուզեմ առանձնացնել Ռուբեն Մաթևոսյանին, ով չնայած ինձ երբեք չի դասավանդել, բայց թեկուզ նրա երգերը լսելով, շատ բան եմ սովորել
Հարցազրույցը՝ Անի Միրաքյանի