life.panorama.am-ը գրում է. Պարի միջազգային օրվա կապակցությամբ այսօր Երևանի տարբեր հատվածներում համերգային միջոցառումներ են կազմակերպվել, սակայն Սոֆի Դևոյանի պարի ստուդիան այդ առաքելությունն իրականացրել է օրեր առաջ:
Զրույցում պարուհին նշեց, որ թեև ամեն տարի այս օրն իր սաների հետ հանդիպում ու արվեստի շուրջ քննարկումներ էին կազմակերպում, սակայն այս տարի որոշեց ոչ աշխատանքային օր հայտարարել, որպեսզի յուրաքանչյուրն իր մասնագիտական տոնը յուրովի նշի: Մեր այն հարցին, թե այսօր պարային ո՞ր ժանրն է ամենատարածվածը, ՀՀ վաստակավոր արտիստուհին դժվարացավ պատասխանել. «Երիտասարդներն ավելի ժամանակակից պարեր են պարում, սիրում են դիսկոտեկներ հաճախել, այնտեղի երաժշտության տակ շարժվել: Ինքս էլ շատ էի սիրում երիտասարդ տարիքում դիսկոտեկներ հաճախել, սակայն նախընտրում էի իմպրովիզներով ներկայանալ: Մի բան հաստատ նկատել եմ. ի տարբերություն նախորդ սերունդների, այսօր տղաները ավելի քիչ են սկսել պարել՝ լինի դա ռեստորաններում, ակումբներում, թե այլ վայրերում: Հիշում եմ, մեր պարի պետականի տղաներն այնպես էին պարում, որ վրացի տղաները զարմանում էին: Այժմ բեմադրական պարը կամաց-կամաց մեռնում է ու խեղճ տղաները չգիտեն՝ ի՞նչ պարեն: Չես կարող ռեստորանում ազգագրական պար պարել, բեմադրական պար է անհրաժեշտ, ինչը չեմ նկատում: Ամեն դեպքում, ինչ էլ պարեն, լավ է, միայն թող պարեն: Պարն առողջություն է»:
Հավանաբար, շատերն են նկատել, որ Սոֆի Դևոյանի պարի խմբերում տղաների բացակայություն է զգացվում. այնտեղ միայն աղջիկներ են: «Երբ 92-93 թվականներին, այդ ծանր տարիներին մենք ստեղծեցինք պարային խումբ, ունեի 14 աղջիկ և 14 տղա: Շատ գեղեցիկ ներկայացում-բեմադրություններ էինք անում: Սակայն 10 տարի հետ կանգնեցի շատ լուրջ խնդրի առաջ. դժվար է տղաների հետ աշխատել, սեփական գրպանից գումարներ ծախսել և հետո հուսալքվել: Տղաները բանակ էին գնում, ամուսնանում, այլ գործ փնտրում, որ ընտանիք պահեն, իսկ արածդ գործը ջուրն էր ընկնում: Չես էլ կարող նրանց մեղադրել: Մի օր ամուսինս հուշեց, որ աղջիկները ավելի գեղեցիկ են նայվում բեմում: Այդպես էլ արեցի, աղջիկների հրաշալի խմբեր ունեմ, նոր սերունդ է մեծանում և փոխարինում միմյանց: Իսկ երբ խմբում, պարային համարում տղայի անհրաժեշտություն է լինում, հրավիրում ենք մեր լավագույն պարողներին, մեկ-երկու ամիս ծրագիրը սովորեցնում, համագործակցում: Այդպես ավելի ճիշտ է»,-նշեց մեր զրուցակիցը:
Նյութը սկզբնաղբյուր կայքում