Որոշ ժամանակ առաջ համացանցում հայտնվեցին մոդել և հաղորդավարուհի Աննա Գրիգորյանի և դերասան Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ լուսանկարներ, որոնցում նրանք հարսի և փեսայի կերպարում էին և որոնք արված էին սպասվելիք նոր գեղարվեստական ֆիլմի նկարահանման հրապարակում: Տվյալ լուսանկարներից հետո համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Աննայի և Սոսի միջև սիրավեպ կա և որ նրանք ամուսնացել են: Հիշեցնենք սակայն, որ այդ խոսակցություններին անմիջապես հաջորդեց Աննա Գրիգորյանի հերքումը: Եվ չնայած իր և Սոսի անվան շուրջ առաջացած այդ խառնաշփոթին՝ Աննան շարունակում է իր միկրոբլոգում Սոս Ջանիբեկյանի հետ նոր լուսանկարներ տեղադրել՝ այդ կերպ, կարծես, խոսակցությունների նոր ալիք բարձրացնելով:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց մոդելի հետ՝ պարզելու, թե, այնուամենայնիվ, ի՞նչ մտերմություն է նրանց կապում միմյանց և արդյո՞ք որևէ փոփոխություն կա նրանց երկուսի հարաբերությունների մեջ:
«Իրականում, մենք շատ միանման կարծիքներ ունենք կյանքի, աշխատանքի հանդեպ: Ես հիանում եմ իր խաղով, իսկ Սոսն էլ, երևի թե, հիանում է իմ արվեստով: Մեզ միմյանց կապում են շատ հաճելի և ջերմ հարաբերությունները»,- պատմեց հաղորդավարուհին:
Այն նկատառմանը, թե արդյո՞ք նրա կարծիքով այդ բոլոր խոսակցությունների հիմնական դրդապատճառները հենց իր իսկ կողմից հրապարակվող լուսանկարներն են, Աննան ասաց, որ թե ինքը, և թե Սոսը հանրային մարդիկ են, ովքեր հասարակության մեջ ինչ-որ դիրք են զբաղեցնում և շփվում են ինչ-որ մարդկանց հետ, իսկ ոմանց հետ էլ չեն շփվում, և հենց այդ ամենից էլ ելնելով, բնական է համարում նման խոսակցությունների առաջ գալը.
«Քանի որ մենք իգական և արական սեռի ներկայացուցիչներ ենք, ովքեր միմյանց հետ ջերմ շփում ունեն, երբեմն էլ միմյանց հետ լուսանկարներ են տեղադրում, նորմալ եմ համարում, որ մարդկանց մոտ այդպիսի կարծիքներ կարող են առաջանալ»,- Asekose.am-ի թղթակցին ասաց մոդելը՝ ևս մեկ անգամ հերքելով իր և Սոս Ջանիբեկյանի սիրավեպին վերաբերող խոսակցությունները:
Անդրադառնալով իր սեփական անձնական կյանքին՝ Աննան անկեղծացավ՝ ասելով, որ չնայած այդ բոլոր խոսակցություններին, այս պահին նա չունի անձնական կյանք և, հետևաբար, իր կողքին որևէ տղամարդ չկա:
Զրույցի վերջում անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը՝ Աննա Գրիգորյանը նշեց, որ բացի հաղորդավարական և մոդելային իր աշխատանքից, արդեն երկու տարի է, ինչ աշխատում է Երևանի խանութ-սրահներից մեկում՝ որպես մարքեթինգի և PR-ի մենեջեր.
«Մոտ երկու տարի է, ինչ մասնագիտանում եմ այդ ոլորտում և փորձում եմ էլ ավելի կատարելագործվել: Ինչ վերաբերում է մոդելային ասպարեզին, ապա ասեմ, որ որևէ գեղեցկության մրցույթում ներկայանալու առաջարկ դեռ չունեմ, բայց ինչպես ընդուված է ասել, ամեն ինչ առջևում է: Քանի դեռ ապրում ենք և երիտասարդ ենք, իսկ երիտասարդ ենք այնքան ժամանակ, որքան որ մենք ենք ուզում, ձգտում և նոր առաջարկներ ընդունելու հնարավորություններ, բնականաբար, դեռ շատ կլինեն»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց մոդել և հեռուստահաղորդավարուհի Աննա Գրիգորյանը:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան