▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մասնակիցները նման մրցույթների ժամանակ հաճախ կոմպլեքսավորված են լինում, իսկ Մերին այդպիսին չէր. Գրիգոր Կյոկչյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրերս Ղրիմում ավարտված մանկական «Նոր Ալիք» մրցույթից մեր մասնակիցը` Մերի Քոչարյանը, վերադարձել է 3-րդ հորիզոնականով: Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը զրուցեց Մերիի պրոդյուսերի` Գրիգոր Կյոկչյանի հետ` ճշտելու իրենց տպավորությունների, սպասելիքների, հանդիպած դժվարությունների և հետագա անելիքների մասին:

«Կարծում եմ, որ 3-րդ հորիզոնականը խրախուսող և ոգևորող մրցանակային հորիզոնական է հատկապես «Նոր Ալիք» մրցույթում, որը որ շատ բարձր որակավորում ունի մեր երկրում: Այս տարի այն բավական դրական, էմոցիոնալ և ոգևորող անցավ, որովհետև մինչև վերջին մասնակցի ելույթը պարզ չէր, թե ով է հաղթող դառնալու»,- իր տպավորություններով կիսվեց Գրիգոր Կյոկչյանը` հավելելով, որ այս տարվա մրցակցությունը բավական մեծ էր, քանի որ այս տարի մանկական «Նոր Ալիք» մրցույթի մասնակիցներից մի քանիսը հաջողություն էին ունեցել, անգամ նրանցից մեկը հաղթող էր ճանաչվել մանկական «Եվրատեսիլ»-ում:

Խոսելով նմանատիպ մրցույթների ժամանակ առաջ եկող դժվարությունների և երբեմն նաև անարդարությունների մասին` Մերի Քոչարյանի պրոդյուսերը շեշտեց, որ մասնակիցների գնահատականների  առումով որևէ անարդարություն չի նկատել, ավելին, ինքն էլ իր հերթին իսկապես արժանի է համարում մրցանակային առաջին տեղը զբաղեցրած մասնակցի հաղթանակը.

«Այս տարի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը, ով 2013թ-ին հաղթող էր ճանաչվել նաև «Մանկական Եվրատեսիլ»-ում: Այս աղջնակն իսկապես լավ էր երգում և արժանի էր հաղթանակին: Ի դեպ նշեմ` որ նրանից մենք ընդամենը երկու միավորով ենք հետ եղել,- ասաց Գրիգորը` ավելացնելով,- այս մրցույթում կարող է լինել սուբյեկտիվ գործոնը, բայց անարդարություն, կարծում եմ, որ չի կարող լինել: Պարզապես կային մասնակիցներ, ովքեր ցանկություն ունեին կատարելու այլ երգեր, բայց մրցույթի կազմակերպիչների կողմից նրանց դա թույլ չտրվեց: Բայց սա անարդարություն անվանել չենք կարող: «Նոր Ալիք»-ում կարևոր է շոուի գաղափարը: Այստեղ պետք էր գունավոր, վառ և մրցութային ելույթ ունենալ: Կարևոր չէ, թե ով կզբաղեցնի 1-ին հորիզոնականը, առաջնայինն այն է, որ բեմից հնչեցված երգերը լինեն մրցույթի պրոդյուսերների ճաշակով և մրցույթի ձևաչափին համապատասխան»,- շեշտեց Գրիգորը:

Ըստ նրա խոսքերի` մանկական «Նոր Ալիք»-ում բացի ձայնային տվյալներից կարևոր է նաև, որ մասնակիցը բեմական կեցվածք ունենա.

«Ինչպես «Եվրատեսիլ»-ում, այնպես էլ մանկական «Նոր Ալիք»-ում միայն ճիշտ պատրաստվելու արդյունքում մասնակիցը կարող է մրցանակային տեղ զբաղեցնել,- շարունակեց Գրիգորը` հավելելով, որ մեր մասնակից Մերին բազմաթիվ գովեստի խոսքերի է արժանացել` կապված իր բեմական կեցվածքի հետ.

«Ժյուրիի անդամներն ասացին, որ պարզապես զարմացած են Մերիի բեմական կեցվածքով և առաջին հերթին նրանք Մերիին գնահատել են որպես արտիստ, նոր հետո որպես երգչուհի, որովհետև մեր հայ մասնակիցները նմանատիպ մրցույթների ժամանակ հաճախ կոմպլեքսավորված են լինում` ելնելով մեր հոգեկերտվածքից, իսկ Մերին այդպիսին չէր»,- ասաց Գրիգոր Կյոկչյանը:

Խոսելով Մերիի` «Նոր Ալիք»-ի բեմում կատարած երգերից, Գրիգորը տեղեկացրեց, որ սկզբում նրանք Մերիի համար բոլորովին այլ երգացանկ էին պատրաստել, սակայն մրցույթի կազմակերպիչների կամքով Մերին մրցութային օրերին կատարել է երկու հայալեզու երգ.

«Մրցույթի առաջին օրը Մերին կատարեց իր համար հատուկ գրված երգ, որի հեղինակները ես և Մարտին Միրզոյանն էինք, իսկ երկրորդ օրը նա կատարեց «Հայաստանը դու ես» հայտնի հիթը: Այսինքն`նրանք ցանկություն չհայտնեցին, որպեսզի Մերին կատարի անգլալեզու երգ: Պետք է նշեմ, որ երկու օրերն էլ Մերին ժյուրիի անդամների կողմից արժանացել է շատ բարձր գնահատականների»,- մանրամասնեց Գրիգորը:

Իսկ ինչ վերաբերում է Մերիի մրցանակին, Գրիգոր Կյոկչյանը տեղեկացրեց, որ որպես մրցանակ` Մերին հնարավորություն ունի մասնակցելու նոյեմբերին Բուլղարիայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ին, սակայն ոչ թե որպես մասնակից, այլ` որպես հյուր:

Անդրադառնալով իր և Մերիի համագործակցությանը` Գրիգորը նշեց, որ իր կարծիքով ամեն ինչ առջևում է, և որ ինքն ու Մերին դեռ կշարունակեն աշխատել և պատրաստվել ավելի լուրջ մրցույթների.

«Սա Մերիի առաջին միջազգային մրցույթն էր, նա ընդահանրապես փորձ չուներ: Եվ ես պետք է Մերիին միայն գովեստի խոսքեր ասեմ, քանի որ նա կարողացավ իսկապես պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նկատեց Մերի Քոչարյանի պրոդյուսերը:

Զրույցի վերջում էլ անդրադառնալով իր մասնակցությանը հոկտեմբերին Սոչիում կայանալիք «Նոր Ալիք» մրցույթին` Գրիգորն ասաց, որ նա արդեն իսկ պատրաստ է իր ելույթներին և հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի ինչպես որ հարկն է ներկայանա ժյուրիի անդամների առջև.

«Ես և իմ երաժշտական պրոդյուսերը` Մարտին Միրզոյանը, շատ լավ ենք պատրաստվել: Ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս լավ ելույթ ունենամ: Հատուկ ինձ համար նոր անգլալեզու երգ է գրվել, որի երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է, իսկ խոսքերինը` ես եմ: Այն աֆրիկյան մոտիվներով, 6/8 ռիթմով հետաքրքիր երգ է: Բացի սրանից բացառապես այլ տարբերակով  կատարելու եմ Boney M.-ի հայտնի «Sunny» ստեղծագործությունը, իսկ մրցութային հաջորդ օրը  զուգերգով եմ հանդես գալու ռուսական խմբերից մեկի հետ, որի ընտրությունը իմ ցանկությամբ չի, որ եղել է»,-Asekose.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գրիգորը:

Խոսելով իր մրցակիցների մասին` երգիչն ասաց, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր բոլոր մրցակիցների ունակություններին.

«Լսել եմ բոլորին, բոլորն էլ բավական ուժեղ արտիստներ են: Կարող եմ միայն ասել, որ մրցակցություն իսկապես լինելու է, պարզապես ելնելով մրցույթի ձևաչափից, նշեմ, որ, ցավոք, տեղյակ չեմ, թե իմ մրցակիցները ինչ երգերով են հանդես գալու: Ինչպես արդեն գիտենք, այստեղ ամեն ինչ հենց տեղում է որոշվում»,- իր խոսքը եզրափակեց Գրիգոր Կյոկչյանը:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին