▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէի պատկերացնի, որ կգա մի օր, երբ ամենադժվար և ամենաանհաղթահարելի բանը կլինի սեփական թուքը կուլ տալը

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.

«Կյանքում չէի պատկերացնի, որ հասուն տարիքումս, երբ արդեն համարվում ես 30–ին մոտ տղամարդ, կգա մի օր, երբ ամենադժվար և ամանաանհաղթահարելի բանը կլինի սեփական թուքը կուլ տալը։ Այդ մտքից արդեն բերանդ անդհատ թուք է հավաքվում։

Ինչքան էլ փորձեցի մեծացնել այն երկարությունը, որը տաժանակիր աշխատանքով ձեռք էի բերել պատանի տարիքում, միևնույնն է, պառկածս տեղից չէի կարողանում հանգիստ թքել պատուհանից դուրս։

Պետք է խոստովանոմ, որ մեկ երկու անհաջող փորձ, արդեն կուտակեցի այս ընթացքում։ Բայց դե, ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք, ինչքան էլ հեշտ էր ծխախոտի մնացորդը հանգիստ նետել պատուհանից, առանց մտածելու` ու՞մ գլխին կամ ո՞ր կնոջ կրծքերի մեջ կհայտնվի, ես թողեցի ծխելը։

Կոկորդս կարծես անժամկետ փակ դռների օր է հայտարարել և դռները ճեպ ճերմակ սպիտակ գույնով է ներկել, առանց ինձ հարցնելու, բայց միևնույնն է ես մեծահոգաբար ուտելիքը ծամում եմ այնքան, որ կարելի լինի խմել՝ հոսեցնել այդ փակ դռների արանքից։ Կարծես սովորեցի երկար ծամել։ Ակամայից հետևում եմ ճապոնացիների խորհրդին. «Ուտելիքը խմիր, խմելիքը՝ կեր»։

Անցնում են օրեր ու ես պառկած եմ` Արցախում, Երևանում, անկողնում և հասկանում եմ ինչքան հիմար էի ես, երբ տեսնելով նրանց, ովքեր հետևում էին իրենց առողջությանը, իմ կողմից ներսումս պահած թաքուն հեգնանքի էի արժանացնում. «ախր ինչ ես աներեսի պես կառչել կյանքից և ուզում երկար ապրել»։

Շատ մտքեր մտածվեց մինչև վերջ, շատ բաներ վերանայվեց մինչև վերջ, երազանքներս վերհիշվեց, հետ նայվեց, առողջ ժամանակ դեպի անառողջ կյանքի այդ մեծ տենչը որ ունեի, ավելի պարզ դարձավ, չեմ ուզում ծայրահեղական լինել, բայց ծայրաստիճան զայրացած եմ սեփական անձիս վրա։

Ախր հասուն տղամարդ ինչպե՞ս կարող է անպետք լինել 4 օր, ինչպե՞ս կարելի է հիվանդ մնալ 4 օր, որոնք անցնում են ինչպես 4 դար, մեկել մտածում եմ. «հրաշալի է, 25-րդ դարում եմ հայտնվել, մտնեմ ֆեյսբուք մեկը դեղ տա, մարմնիս վրա յուէզբիպորտ կունենամ հաստատ արդեն, կմիացնեմ ուղարկված դեղը հեռախոսովս և կապաքինվեմ… ինչի հնարավո՞ր չէ, մարդիկ արդեն իրար ծաղիկի լուսանկարներ են ուղարկում ծննդյան օրերին, էլ կարևոր չէ բույրը, տեսքը, էներգիան, շոշափելիությունը, բացվել-փակվելը։

Հաաաա՜, երևի հետևում ենք հնուց եկած ասացվածքին. «կարևորը ուշադրությունն է»։ Ախ չափազանց ուշադրության պակաս ունեցող ազգ ենք, ով էլ դարձրել է ՝դարձրել ու հալածել է։

Այս ընթացքում աչքի տակով հեռուստացույցով նայում եմ «Սարդ Մարդը» 3–ը, մոտենալով ավարտին, հերոսը իմ այս ծանր պահին, կարծես ինձ ուղարկված որպես ուղղերձ, հնչեցրեց այս խոսքերը. «Միշտ կյանքում կա 2-րդ տարբերակ և դու միշտ կարող ես ընտրել Քո ճիշտ ճանապարհը»։
Եվ այս պարզ հոլիվուդյան սենտիմենտալ բառերից չորացավ բերանս, և թրջվեց աչքերս։
Կյանքս բաժանավեց 2 մասի` միչև այս թարախայիՆ անգինան, և այս թարախային անգինայից հետո։

Երազանքներս իրականացան, դարձա ավելի ներամփոփ, կրկին դարձա ընթերցասեր, թողեցի ծխելս, սկսեցի երկար ծամել։ Իսկապես, այս հասարակ բաների մասին ես երազում էի։ Իսկ իմ երազանքները միշտ կատարվում են։ Պետք է զգույշ լինես երազանքներից, երբ դու չես գնում դեպի նրանց, նրանք են գալիս դեպի Քեզ, բայց ճանապարհն արդեն իրենք են ընտրում։

Առողջությունից ավելի թանկ բան չկա աշխարհում։

Հ.Գ. Սա երկու օր առաջ եմ զառանցել, բայց հիմա եմ հրապարակում, արդեն լավ եմ, խնդրում եմ չանհանգստանալ, ծխում եմ կրկին, արագ եմ ուտում, թուքս էլ հանգիստ կուլ եմ տալիս»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին