Լուսանկարիչ Էդգար Հարությունյանի լուսանկարներին կարելի է հանդիպել սոցիալական տարբեր կայքերում: Նա կարողանում է «որսալ» անգամ աննշան թվացող գեղեցկություններն ու դրանք ներկայացնել իրենց բնական վիճակով: Վերջերս լույս է տեսել նաև նրա «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գիրքը, որն, ի դեպ, այս տարվա բեսթսելլերների շարքում առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Asekose. am-ը զրուցել է լուսանկարչի և գրողի հետ այս մասին և ոչ միայն:
-Գրեթե ամեն օր Ձեր ֆեյսբուքյան էջում կարելի է տեսնել կյանքով լեցուն ու նոր նկարներ: Ինչպե՞ս եք կարողանում այնպես անել, որ դրանք շարունակում են իրական թվալ, որ չեն կորցնում իրենց բնական գեղեցկությունը:
- Հատուկ ոչինչ չեմ անում, փորձում եմ հնարավորինս չխառնվել բնության գեղեցկությանը, այլ` պարզապես ներկայացնել այն: Ներկայացնում եմ պահը, գեղեցկությունը մատուցում եմ այնպես, ինչպես ինքս եմ տեսնում ու զգում: Ինձ համարում եմ բնության մարդ: Այն ինչ տեսնում եմ բնության մեջ ու գեղեցիկ եմ համարում, լուսանկարում եմ. դա կարող է անգամ սովորական տերև լինել: Շատ հաճախ ինձ նույնիսկ մեղադրում են այն բանի համար, որ իմ նկարները շատ պարզ են, սակայն ես գեղեցկությունը հենց պարզության մեջ եմ տեսնում: Իսկ ֆեյսբուքը ինձ պարզապես հնարավորություն է տալիս ներկայացնելու իմ լուսանկարների արխիվը, որը տարիների պատմություն ուներ:
-Դուք հաճախ եք ճանապարհորդում Հայաստանով ու ներկայացնում շատ գողտրիկ վայրերի լուսանկարներ: Ո՞րն է դրա նպատակը: Կարծում եք, որ մենք լավ չե՞նք ճանաչում մեր երկիրը:
-Շատերը գիտեն, որ ես «Արշավականներ» ակումբի հիմնադիրն եմ, հետևաբար՝ բազմաթիվ առիթներ եմ ունեցել շրջելու մեր երկրով, որոնց ընթացքում էլ լուսանկարներ եմ արել: Հատուկ նպատակ չեմ ունեցել լուսանկարների միջոցով ճանաչելի դարձնել մեր երկիրը, սակայն ուրախ եմ, որ շատերը դրանց շնորհիվ ծանոթանում են մեր տեսարժան վայրերին, նույնիսկ զարմանում են, որ Հայաստանում նման վայր կամ շինություն գոյություն ունի: Սա նշանակում է, որ մարդիկ մեծ հետաքրքրություն ունեն հայրենի բնության հանդեպ: Մենք իսկապես լավ չենք ճանաչում մեր երկիրը: Իրականում մեկ կյանքը բավարար չէ՝ Հայաստանն ամբողջությամբ ճանաչելու ու բացահայտելու համար:
-Մեր օրերում շատ տարածված է լուսանկարչությունը, շատերն էլ, հետևելով այդ նորաձևությանը , պարզապես մտնում են լուսանկարչի կերպարի մեջ: Ինչպե”ս եք վերաբերում այս ամենին ,և ի՞նչ եք կարծում ՝ինչով են առանձնանում Ձեր լուսանկարները:
-Միանշանակ համաձայն եմ, սակայն լուսանկարչության նկատմամբ մարդկանց հետաքրքրությանը շատ լավ եմ վերաբերվում, ուրախ եմ, որ մարդիկ փորձում են գտնել իրենց համար նոր հետաքրքրություններ, ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհը: Համոզված եմ, որ նրանցից մի քանիսը հաստատ լավ լուսանկարիչներ կդառնան: Սակայն միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ հեռախոսով նկարներ են անում ու դրանով իսկ իրենց համարում են լուսանկարիչ: Չգրված օրենք կա, ըստ որի՝ լուսանկարիչ է համարվում նա, ով իր եկամտի գոնե 51%-ը վաստակում է լուսանկարչությամբ: Մի բան միայն կարող եմ հստակ ասել. հնարավոր չէ լավ լուսանկարիչ դառնալ առանց ամենօրյա աշխատանքի ու փնտրտուքների: Իսկ ինչ վերաբերում է իմ նկարներին, կարծում եմ, որ դրանք առանձնանում են իրենց պարզությամբ, որն էլ գրավում է մարդկանց, օրինակ՝ երեխայի ժպիտը, որի կողքով ոչ մեկը չի կարող անտարբեր անցնել
-Երեկ` երազանք, իսկ այսօր` արդեն իրականություն: Վերջերս տեղի ունեցավ Ձեր «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» գրքի շնորհանդեսը: Ո՞րն է գրքի հիմնական ասելիքը:
-Մեր օրերում լավ գրքերը, այն էլ ոչ այնքան մեծ տպաքանակով, վաճառվում են մի քանի տարում, իսկ իմ գրքի շնորհանդեսից մի քանի ամիս է անցել դեռ, սակայն արդեն 300-ից ավելի օրինակ է վաճառվել,չհաշված, որ երևի այդքան էլ ես եմ նվիրել: Թեև արդեն արձագանքները մինչ այդ էլ ստացել էի, քանի որ գիրքը հատվածաբար ներկայացրել եմ իմ միկրոբլոգում, սակայն ինձ հետաքրքիր էր, թե որքանով այն իրականության մեջ կգտնի իր ընթերցողին: Կարող եմ ասել, որ սպասելիքներս արդարացան: Այսօր ես ունեմ հազարավոր ընթերցողներ, այնքան, որ ոչ մի ժամանակակից գրող չունի: Գիրքը նվիվածության մասին է, որը, իմ կարծիքով, հարաբերությունների կայացման կարևորագույն հիմքն է: Նվիրվելու արվեստին սովորել եմ տիրապետել, սակայն հեռանալու արվեստը այդպես էլ չկարողացա սովորել:
-Շատերը խոստովանում են, որ Ձեր նկարների ու գրքերի շնորհիվ կյանքը նորովի են ընկալում, սիրում են կյանքին նայել ձեր գույներով: Նույնիսկ մի կարծիք կար, որ ձեզ նմանեցնում էին Սևակին, ով կարողանում է մարդկանց զգացմունքներևի թարգմանը լինել: Ի՞նչ եք կարծում, որն է Ձեր ՝ այս գնահատանքին արժանանալու գրավականը:
-Անկեղծ ասած, ինձ համար տարօրինակ է այն , որ ինձ նմանեցնում են Սևակին, քանի որ ես չեմ ստեղծագործում չափածո ժանրում, քանի որ զգացել եմ, որ ես ինձավելի լիարժեք եմ զգում արձակի ժանրում: Սակայն շատ եմ ուրախանում, երբ ինձ անվանում են «նոր օրերի Վարդգես Պետրոսյան», քանի որ վերջինս իմ՝ որպես գրողի կայացման գործում մեծ դեր է խաղացել, հանգամանք, որ երբեք չեմ թաքցրել: Կարծում եմ, որ իմ հաջողության գրավականը իմ անկեղծությունն ու անմիջականությունն է , որոնք միշտ ակնհայտ են իմ գործերում:
-Մի առիթով նշել եք, որ Ձեզ բարկացնում, նույնիսկ երբեմն զայրացնում է այն հանգամանքը, որ երիտասարդ ընթերցողները Ձեր գրքերում ներկայացված իրականությունը փորձում են կապել Ձեր անձի հետ: Բայց չե՞ք կարծում, որ բնական է, որ եղան նման արձագանքներ :
-Իմ ստեղծագործությունների տղամարդը միշտ ես եմ, ու երբեք էլ դա չեմ թաքցրել: Հերոսները բոլորն էլ իրական մարդիկ են, որոնք մեծ դեր են խաղացել իմ կյանքում: Նրանք հիմնականում անուններ չունեն, քանի որ ոչ ոք չի ցանկանում, որ իր անձնական կյանքը հանրության սեփականությունը դառնա՝ թեկուզ գեղարվեստական ստեղծագործության միջոցով: Ես պարզապես ներկայացնում եմ այն, ինչ կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի կյանքում: Ինձ համար կարևոր է, որ մարդիկ կարողանան իմ տողերի՝ խոր ասելիք ունեցող ենթատեքստը հասկանալ:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան
Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից