Blognews.am-ը գրում է, որ դերասան Խորեն Լևոնյանն առաջիկայում կներկայանա «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում։ Խորենն առաջիկայում կներկայանա նաև եղբոր՝ Արսեն Լևոնյանի հետ։ Եղբայրները ֆիլմում էլ են մարմնավորելու եղբայրների։ Խորենը գյուղական ընտանիքի ավագ եղբայրն է, Արսենը՝ փոքր, ով փորձում է իր բախտը գտնել քաղաքում...
Կայքը զրուցել է Խորենի հետ Արսենի հետ առաջին համագործակցության, իրենց նմանության, ֆիլմերի և այլնի մասին։
Կարծես, Ձեր և Արսենի առաջին համագործակցությունն է։ Ինչպե՞ս ստացվեցին Արսենի հետ աշխատանքային հարաբերությունները, ի վերջո, աշխատանքում մթնոլորտն այլ է, տանը՝ այլ։
Նախկինում փորձեր եղել են միասին ներկայանալու, սակայն կարելի է ասել, որ սա առաջին անգամ ենք միասին ներկայանալու գեղարվեստական ֆիլմում։ Երկուսս էլ պրոֆեսիոնալ ենք և հասկանում ենք՝ ինչ է պետք։
Արսենին մասնագիտական խորհուրդներ տալի՞ս եք, ընդունո՞ւմ է դրանք։
Խորհուրդներ տալ չի սիրում, սակայն որպես ավագ եղբայր՝ փորձում եմ իմ փորձով ու ապրելակերպով օրինակ լինել նրա համար թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում։ Արսենը տեսակով լսող է, երբ իրեն ճիշտ և կարևոր բան ես ասում։ Ես իրեն խորհուրդ եմ տվել անկեղծ լինել, և նա ընդունել է դա։
Շատերն Արսենի մեջ տեսնում են Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհը։ Դուք տեսնո՞ւմ եք այդ նմանությունը։
Ոչ։ Եթե ինչ-որ նմանություն էլ կա, դա բնություն է, էություն։ Դրա դեմ պայքարելը ծիծաղելի էլ կլինի։
Խորեն, Հայաստանում սկսել են շատ ֆիլմեր նկարահանել, սակայն դրանք հիմնականում անորակ են։ Դուք սովորաբար շատ մանրակրկիտ եք ընտրում, թե որ ֆիլմում ներկայանաք, որում՝ ոչ։ Հայկական կինոշուկան թույլ տալի՞ս է այդպիսի ընտրություն անել, թե՞ ամեն դեպքում փոխզիջումների եք գնում։
Իհարկե, կա այդպիսի բան։ Երբեմն ընտրում եմ ոսկե միջին տարբերակը, որովհետև հասկանում եմ, որ եթե շատ խիստ չափանիշնրով ընտրեմ, ի վերջո, ֆիլմեր չեն մնա։ Եղածի միջից ընտրում եմ այն, որտեղ տեսնում եմ, որ կարելի է ինչ-որ բան անել, աշխատել։
Իսկ որո՞նք են կարևորագույն չափանիշները Ձեզ համար։
Ֆիլմերում պակասել է ասելիքը, մինչդեռ կան կարևոր ասելիքներ, որոնք պետք է ներկայացնել հանդիսատեսին։ Ես շատ կուզեմ, որ լինեն ֆիլմեր, որոնց նյութը կհասնի հանդիսատեսի հոգուն և կկարողանա ինչ-որ բան փոխել, որպեսզի կարողանաս քո օրինակով մարդկանց փոխել։ Կարևոր է նաև որակը։ Ցավոք սրտի, շատ քիչ կան էդպիսի գործեր։
Դուք հայտնի եք որպես հայկական կինոշուկայի ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Հայաստանում թանկ վարձատրություն համարվող հոնորարները բավարարո՞ւմ են Ձեզ, թե՞ Դուք էլ եք երբեմն դիմում կողմնակի աշխատանքի։
Կողմնակի աշխատանք, իհարկե, պետք է։ Իմ միակ կողմնակի աշխատանքը «Երգ երգոց»-ն է։ Փորձում ենք ստեղծագործել և ապրել:Ինչ վերաբերում է թանկ վարձատրվելուն՝ ասեմ, որ Հայաստանի համեմատ գուցե համաձայն եմ Ձեր ասածի հետ, սակայն այդ լուրն այնքան է տարածվել, որ մարդիկ, ովքեր ցանկանում են զանգել, ինչ-որ բան առաջարկել, արդեն չեն զանգում՝ մտածելով, որ թանկ կլինի։
Եթե չեն կարողանում թանկ վճարել, ուրեմն թանկ արտադրանք չեն ունենա։ Ամեն ինչի համար պետք է վճարել, սակայն գուցե ինձ առաջարկեն որակյալ ֆիլմ, որը բյուջե չունի, և ես համաձայնեմ անվճար նկարահանվել։ Պարզապես պետք է, որ շատ լավ գործ է և մարդիկ պատասխանատվությամբ ուզում են անել դա։ Ինձ մոտ լինում են նման դեպքեր, երբ տեսնելով, որ լավ գործ է, գնում եմ փոխզիջման և ասում, որ առանց հոնարարի կնկարահանվեմ։
Ո՞ր ֆիլմն է այդքան լավը եղել, որ անվճար եք նկարահանվել։
Դա պրոֆեսոնալ գաղտնիք է։
Աղբյուրը` Blognews.am