▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասկացա, որ ավելի լուրջ բան է պետք. Եվրատեսիլում հաղթած երգի արցախցի հեղինակ Արտեմ Վալտեր

Վերջին շրջանում երիտասարդ երգիչ Արտեմ Վալտերի «Ալո, ալո» և «Վառումա» երգերը մեծ հաջողություն գրանցեցին: Դրանք նոր ու թարմ շունչ բերեցին հայկական երգարվեստ: Asekose.am-ը զրուցել է երգիչ և երգահան Արտեմ Վալտերի հետ այս մասին և ոչ միայն:

-Ե՞րբ եք հասկացել, որ երաժշտությունն այն է, ինչով ուզում եք զբաղվել: Ունե՞ք երաժշտական կամ այլ կրթություն:

- Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա հասկանում է` ինչով է ուզում զբաղվել: Մեկի մոտ այդ պահը հասունանում է դեռ մանուկ հասակում, մյուսի մոտ՝ ավելի ուշ: Ես այն մարդկանցից եմ, ում մոտ այդ պահը հարաբերականորեն ուշ է հասունացել՝ 19 տարեկանում: Մինչ այդ մեծ խանդավառությամբ էի սովորում իրավաբանական ֆալկուլտետի երկրորդ կուրսում, որն ավարտելուց երեք տարի անց ընդունվեցի Հոլլիվուդում գտնվող LARS-ը(Los Angeles Recording School), որն էլ ինձ տվեց երաժշտական պրոդյուսերի այսօրվա գիտելիքները:

- Երգիչ, երգահան, պրոդյուսեր: Ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ:

-Ինձ համար դրանք անանջատելի և հավասարապես կարևոր են: Չեմ կարող դրանցից որևէ մեկն առանձնացնել, քանի որ դա նույնն է, երբ մեկին հարցնում են. «Իսկ ձեր երեխաներից որի՞ն եք շատ սիրում»:

-Ու՞մ հետ եք համագործակցում: 

-Հիմնականում համագործակցում եմ երաժշտական ստեղնաշարիս և համակարգչիսհետ, բայց ամենամտերիմ համագործակցությունս մուսայի հետ է (ժպտում է):

- Վերջերս նոր տեսահոլովակ եք ներկայացրել՝ «Վառումա», որը բավական արագ տարածվեց համացանցում: Մի քիչ կպատմեք երգի ու տեսահոլովակի մասին: Ի՞նչ եք կարծում՝ո՞րն է երգի՝ նման հաջողության հասնելու գրավականը:

-Եթե որևէ մեկը գիտի այդ հարցի պատասխանը, խնդրում եմ ինձ էլ ասեք (ժպտում  է): Իսկ տեսահոլովակի մասին այն կասեմ, որ դա մեծ թիմային աշխատանք էր: Ինձ հաջողվեց հավաքել ոչմիայն լավ պրոֆեսիոնալների, այլ նաև իսկական էնտուզիաստների: Պատկերացրեք՝ նկարահանման առաջին օրը նկարահանումները տևելեն 22ժամ: Միայն իր գործը սիրող մարդը կարող է այդքան ժամանակ անդադար աշխատել և չհոգնել:

-Օրեր առաջ համացանցում է հայտնվել Ձեր  «Ալո, ալո» երգի ակուստիկ տարբերակը, որը կարծես մեծ հաջողություններ է գրանցել արդեն: Ինչու՞ որոշեցիք այս տարբերակով ներկայացնել երգը:

-Երգի օրիգինալ տարբերակը դուրս էր եկել դեռ 2011թ.  և չնայած չուներ տեսահոլովակ սիրվել էր շատերի կողմից: Մինչև օրս  ինձ գրում են, շնորհավորում «Ալո, Ալո» երգի կապակցությամբ: Շատերը դեռ նոր են լսում: Ուստի որոշեցի հետաքրքիր կերպով թարմացնել բարի հիշողությունները և ամփոփել դրանք հայկական գույներով:

-Ովքե՞ր են Ձեր ունկնդիրները:

-Ինձ համար  դժվար է ասել, թե ով է իմ ունկնդիրը, քանի որ յուրաքանչյուր երգ ունի իր ունկնդիրը: Օրինակ` «Վառումա» երգի ունկնդիրներն ավելի շատ երիտասարդներն են, ովքեր սիրում են այսօրվա ժամանակակից երաժշտությունը:

-Եթե չեմ սխալվում՝ Ձեր երգերից մեկը մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, ավելին՝ նունիսկ հաղթել է:

- 2012 թ.  Մանկական Եվրատեսիլում  Ուկրաինան ներկայացնում էր Անաստասիա Պետրիկը, որի հետ աշխատում էր Լիրա Քոչարյանը: Դուք  Լիրա Քոչարյանին հիշում եք դեռևս 2010թ. Եվրատեսիլից, երբ նա իր «Վլադիմիր Արզումանյան» պրոեկտով հաղթեց «Մանկական Եվրատեսիլը»: Լիրա Քոչարյանը, որը նա ևիմ մենթորն է, առաջարկեց ինձ երգ գրել Նաստյայի համար: Սկզբից որոշել էի մանկական թեմայով երգ գրել, բայց երբ շփվեցի Նաստյայի հետ, հասկացա, որ ավելի լուրջ բան է պետք: Եվ այդպես գրվեց «Небо» երգը, որն էլ դարձավ այդ տարվա հաղթող:

- Շատ հաճախ կարելի է լսել, որ արցախցի լինելը արդեն իսկ հաջողության գրավական է: Ի՞նչ եք Դուք մտածում այս ամենի մասին:

-Կարծում եմ, որ հաջողության միակ գրավականը տաղանդի, աշխատասիրության և համապատասխան բնավորության համադրությունն է:

-Հիմա ինչո՞վ է զբաղված Արտեմ Վալտերը:

-Մոտ օրերս կսկսեմ նոր երգիս տեսահոլովակի նկարահանումները: Քանի որ եսաշխատումեմ (այսինքն, երգերեմգրում և գործիքավորում)  նաև ուրիշ արտիստների համար, միշտ չի հաջողվում սեփական պրոեկտներիս այնքան ժամանակ հատկացնել, որքան դա անում են ուրիշ երգիչներ: Լինում են օրեր, երբ մտնում եմ ստուդիա առավոտյան և դուրս եմ գալիս լուսադեմին, այն էլ մի քանի ժամ քնելու և գործին վերադառնալու համար: Բայց չեմ բողոքում, քանի որ իմ հոբբին իմ մասնագիտությունն  է:

- Հնարավո՞ր է, որ մի օր Դուք ներկայանաք մեկ այլ ժանրում:

-Ես երբևէ չեմ պլանավորում, թե այս անգամ ինչ ոճում եմ գրելու: Ամեն մի երգ ինչ որ մի պահի իմ տրամադրության արտացոլումն  է, իսկ տրամադրությունը փոփոխվելու հատկություն ունի:

 

 

 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին