▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ չեմ հավատում, որ նման օր եմ ունեցել. Էրիկ

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 28-ին-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երգիչ Էրիկի մենահամերգը՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Այս առիթով Life.panorama.am-ը  զրուցել է երգչի հետ, ով պատմել է մենահամերգից ստացած տպավորությունների, հույզերի և արդեն ապագայում նախատեսվելիք ծրագրերի մասին:

Էրիկը նախ նշել է, որ դեռևս չի հավատում, որ իր մենահամերգը կայացել է և լեփլեցուն դահլիճը միայն իր համար էր հավաքված.

«Իմ գործունեության գրեթե սկզբից, մարդիկ անընդհատ հարցնում էին ինձ, թե մենահամերգ չե՞մ ունենալու արդյոք, բայց ես այդ հարցում մշտապես ունեցել եմ իմ սկզբունքային մոտեցումը. Մենահամերգ ունենալն ինձ համար լուրջ իրադարձություն է, որին ես կամ պետք է շատ լավ պատրաստվեի և իրականացնեի, կամ չանեի ընդհանրապես: Մենահամերգ շատ վաղուց կարող էի տալ, բայց ուզում էի անել մի բան, որից հետո հանդիստեսը կսպասեր նման երկրորդ մենահամերգի. հուսամ, որ նոյեմբերի 28-ին ինձ դա հաջողվեց»,- պատմել է Էրիկն ու հավելել.

«Մենահամերգից հետո շատ ջերմ խոսքեր եմ լսել, ինչն ինձ որոշ իմաստով «վախեցնում է», դա նշանակում է, որ ինքս ինձ համար պետք է բարձրացնեմ նշաձողը, որպեսզի արդարացնեմ այն գովասանքի խոսքերը, որ լսեցի իմ սերելի հանդիսատեսի կողմից»:

Ի դեպ, Էրիկը նկատել է, որ մինչ մենահամերգի կայանալն իր համար մեծ հաղթանակ է եղել, երբ համերգից օրեր առաջ տոմսերը սպառվել են.

«Ես ուղղակի չեմ կարող նկարագրել այն ապրումներն ու զգացողությունները, երբ համերգից մի քանի օր առաջ արդեն տոմսերը վաճառված էին. դա իսկապես մեծ հաղթանակ էր ինձ համար, դա վկայեց այն մասին, որ իմ հանդիսատեսը կա և նրանք շատ են: Ի դեպ՝ մենահամերգի ժամանակ ասես ուրիշ քաղաքում, ուրիշ իրականության մեջ լինեի, կարծես թե մարդիկ բոլորն իրար սիրում էին, բոլորը ժպտում էին,- նշել է նա ու պատմել համերգի ժամանակ տեղի ունեցած մի հուզիչ դրվագ,- շատերը գիտեն, որ երգիչը բեմում կանգնած ուժեղ լույսերի պատճառով հանդիսատեսին գրեթե չի տեսնում,  ես էլ մի պահ խնդրեցի, որպեսզի բոլորը միացնեն  իրենց հեռախոսների լույսերը, ու այդ ժամանակ հասկացա, թե ինչքան մարդ կա դահլիճում. շատ հուզվեցի, անգամ մի պահ դժվարացա երգել, այդ պահին մտածեցի, թե ինչքան մարդ է եկել միայն ինձ համար, միայն ինձ լսելու համար, հասկացա, թե ինչքան մարդ է ինձ սիրում և ինչքան շնորհակալ եմ իրենց: Այդ դրվագը հաստատ չեմ մոռանա, հիմա էլ երբ համերգը վերջացել է, դեռ չեմ հավատում, որ նման օր եմ ունեցել, այդ օրը իմ և հանդիսատեսիս հաղթանակի օրն էր»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին